Արմեն Դարբինյանի «Ոսկե կանոնը»

ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ «Մենեջերի ոսկե կանոնը» վերնագրով, որի վերաբերյալ հնչել են ոչ պակաս հետաքրքիր կարծիքներ։

Գրառումն ու մեկնաբանություններն արվել են ռուսերենով։ Ներկայացնում ենք  թարգմանված տարբերակը։ Ա. Դարբինյանը գրել է «Այսօր աշխատանքի վայրում գործընկերներիցս մեկի հետ զրույցի ընթացքում ծնվեց «Մենեջերի ոսկե կանոնը»։ Այն կիրառելի է հատկապես թիմային արդյունքի վրա չմոտիվացված հանրությունների դեպքում և ձևակերպվում է հետևյալ կերպ. «Ում համար վատ է, դարձրու մի փոքր լավ։ Ում համար լավ է, մի քիչ վատացրու»։ Այս կանոնին հետևելու դեպքում հնարավոր է երկար ժամանակ «հավասարակշռություն պահել», կրկնում եմ, չմոտիվացած հանրություններում։ Եվ, քանի որ, ցավոք սրտի, մեզանում անգամ ողջ երկիրն է իրենից այդպիսի հանրություն ներկայացնում, ապա տվյալ կանոնը կիրառելի է ցանկացած մասշտաբներով… ՍԱԿԱՅՆ… Ճշմարիտ մենեջերի բարձր կարգի ապացույցը հենց այն է, որ նա կարողանա ստեղծել ընդհանուր մոտիվացիա»։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանն արձագանքել է այս գրառմանը։ Համաձայնելով, որ մենեջերի բարձր կարգը հենց մոտիվացիոն համակարգ ստեղծելու ունակությունն է, Սանդոյանն ավելացրել է՝ այն պայմանով, որ տվյալ կազմակերպությունն ունի արդյունավետ ռազմավարություն և ռացիոնալ նպատակադրում։ «Ինչ վերաբերում է Ոսկե կանոնին, ապա դա արդեն եղել է։ Եղել է այսպիսի երկիր՝ ԽՍՀՄ։  Իսկ մեր երկրում (հայրենական բոլոր ընկերություններում նույնպես), առանց բացառության, ոչ մի կանոն չի գործում, անգամ «ոսկե»»։  Ըստ Սանդոյանի՝ գոյություն ունի «իրավիճակային կառավարում» հասկացությունը, որը ժամանակի ընթացքում բերում է նրան, որ խնդիրներն ավելի լուրջ են դառնում, ստեղծվում է հավասարակշռության նոր վիճակ, և շարժման վեկտորն այնպես է փոխվում, որ առաջանում է համալիր «վիրահատական միջամտության» կարիք։ «Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս ոչ թե հետևել «Ոսկե կանոններին», այլ ստեղծել արդյունավետ մոտիվացիոն համակարգեր»,- կարծում է Էդ. Սանդոյանը։

Թեմային անդրադարձել է նաև գործարար, «Տոսպ» ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին։ Վերջինս անհնարին է համարում լիովին մոտիվացված կղզյակ սարքել մի դաշտում, որն ամբողջությամբ զուրկ է տրամաբանական մոտիվացիայի օբյեկտիվ սկզբունքներից։ «Հնարավոր չի պահպանել խաղի կանոնները, երբ ընթանում է մարտ՝ առանց կանոնների»,- նշել է Բեկիրսկին։

Կարդացեք նաև

Նշենք նաև, որ Արմեն Դարբինյանը, որպես ամփոփում, գրել է. «Հաշվի առնելով մեր քննարկումը՝ «ոսկե» բառը ես կվերցնեի կրկնակի չակերտների մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս