Բաժիններ՝

ԱՀԱԶԱՆԳ. Երևանը լի է օձերով և կարիճներով, մարդիկ սարսափած են

Ամռան շոգին Երևան քաղաքի բնակչությանն անհանգստացնող թիվ մեկ խնդիրներից է դարձել բնակավայրերում օձերի ու կարիճների հայտնվելու փաստը: Շատերի կենցաղի անբաժանելի մաս են դարձել կարիճների խայթոցներն ու դրանց հայտնվելու հեռանկարից` հոգեկան անհանգստությունն ու վախերը:

Օրեր առաջ 168.am-ին տված հարցազրույցում «Էկզոտարիում» ընկերության տնօրեն, Կենդանաբանական այգու Ակվատերարիում բաժնի վարիչ Կարեն Մարտիրոսյանն օձերին ու կարիճներին արդեն որպես քաղաքային կենդանիներ է որակել, քանի որ մարդիկ զավթել են սողունների բնակատեղիները, իսկ սողուններն էլ, բնականաբար, հայտնվել են քաղաքային տարածքներում:

Ընդ որում, Կ. Մարտիրոսյանը կարևորել է օձի և մարդու հնարավոր «հանդիպման» ժամանակ նաև օձերին փրկելու հանգամանքը, քանի որ չի կարելի մարդուն փրկելու համար օձին սպանել, հատկապես որ, դրանց որոշ տեսակներ «Կարմիր գրքում» են գրանցված: Ի դեպ, Կարեն Մարտիրոսյանը նշել էր հատկապես Երևանի Կասկադի հատվածը` ասելով, որ ամբողջ Կասկադը կարիճանոց է դարձել:

Այցելեցինք Կասկադի հատված` զրուցելու քաղաքի այդ հատվածում տեղակայված շենքերի բնակիչների հետ: Զրուցեցինք Կասկադի վերևի հատվածում` Գևորգ Էմին և Անտառային փողոցների բնակիչների հետ: 15-ամյա Արման Առաքելյանը մեզ հետ զրույցի հենց սկզբում ցույց տվեց իր սատկացրած ու լուցկու տուփի մեջ պահած շագանակագույն փոքրիկ կարիճը. «Սրանք շագանակագույն կարիճներ են, որոնք մարդու համար մահացու վտանգավոր չեն: Բայց անցյալ տարի կարիճը մատիս ծայրից խայթել էր, ու դրա հետևանքով թևս ամբողջությամբ քարացել էր»:

Կարդացեք նաև

Ապա լավատեսորեն ավելացրեց, որ անցյալ տարվա ամռան այս նույն ժամանակահատվածում իրենց թաղամասում բնակիչները 5-6 օձ էին սատկացրել, իսկ այս տարի, բարեբախտաբար, դեռ օձեր չեն պատահել: Մեր մյուս զրուցակիցը` 13-ամյա Կարեն Դեմիրճյանը, ասաց, որ ինքն այս տարի և° օձեր է տեսել, և° կարիճներ, ապա մտահոգված հարցրեց, թե ճի՞շտ է, որ երբ որևէ օձի սատկացնում են, մյուս օձերը հիշում ու վրեժխնդիր են լինում: Տղան իսկապես անհանգստացած էր:

Այդ թաղամասում բնակվող Հասմիկ Հակոբյանը հաստատեց շագանակագույն կարիճների գոյության փաստը: Նա հիշեց, որ դրանք տարիներ առաջ իր ամուսնուն խայթել են. «Այժմ պատուհաններին ցանցեր ենք ամրացրել, որ տուն չմտնեն»: Իսկ բնակիչներից Ելենա Մարգարյանը պատմեց, որ իրենք տանը պատերի վրայից կարիճներին բռնելու համար հատուկ պինցետ են պահում. «Կարիճներին սովորել ենք, քանի որ դրանք տարիներ շարունակ մեր կողքին են: Այստեղ այնպիսի տուն չկա, որտեղ կարիճ չլինի: Դեռ մեր դրությունը մի քիչ լավ է. քարքարոտ տեղերում գտնվող տներ կան, որտեղ կարիճների պատճառով հնարավոր չէ ապրել: Եթե այստեղ ինչ-որ շինարարություն է լինում, քարերի տեղաշարժ կամ արևի ուժեղ ազդեցություն, ապա կարիճները դուրս են գալիս: Ինձ թվում է, որ եթե չքանդրտեն, քարերին ձեռք չտան, ապա կարիճներ չեն լինի, որովհետև դրանք քարերի տակ են և այնտեղից են դուրս գալիս»: Տիկին Ելենան ասաց, որ իր որդին տան մոտակայքում օձերի ձագեր է տեսել, բայց դրանց ձեռք չեն տվել, որ օձերն էլ իրենց չվնասեն: «Թափառող շներն են շատ վտանգավոր, բայց կարծես մի քիչ քչացել են: Կատուները շատ են, բայց ոչինչ»,- իր մտահոգությունը եզրափակեց Ելենա Մարգարյանը:

Բնակչուհի Նաիրա Ջուլֆայանը մինչև հիմա վախով է հիշում, թե ինչպես էր անցյալ տարի քնած ժամանակ իր ոտքը երեք տեղից խայթել կարիճը, իսկ ինքը սարսափած ճչացել էր: «Թու-թու-թու, այս տարի դեռ խայթոցի դեպքեր չեն եղել, բայց մի քանի օր առաջ կարիճը բարձրացել էր որդուս փորի վրա: Որդիս սկզբում չէր նկատել, իսկ երբ տեսավ, վախեցավ»,- օրեր առաջ Արմավիրում սև կարիճի խայթոցի հետևանքով երեխայի մահվան դեպքը հիշեցնելով` ասաց Նաիրան: Անցյալ տարի էլ քայլելիս՝ կարիճը խայթել էր Նաիրայի տեգրակնոջ ոտքը: Մեր զրուցակցի համար էլ, կարծես, արդեն սովորական դարձած լիներ շագանակագույն կարիճների ներկայություն: Նախանցյալ տարի, մի գիշեր կարիճը՝ ծվարելով Նաիրայի ամուսնու տաբատի մեջ, առավոտյան խայթել էր տաբատը հագնող տղամարդու ոտքը: Օձերի մասին խոսելիս՝ Նաիրան մտովի մեկ տարի ետ գնաց. «Նախորդ տարի երկու օձ եմ տեսել, մեկը՝ մեր կողքի, մյուսն էլ՝ վերևի հարևանների տանը: Երկուսին էլ սատկացրեցին»: Բնակչուհի Աղավնի Դարբինյանին 10 տարի առաջ քնած ժամանակ խայթել էր վերմակի սպիտակեղենի մեջ մտած կարիճը: Հիմա էլ նրա տանը կարիճներ լինում են, բայց իրենք դրանց հաջողությամբ սատկացնում են, արդեն վարժվել են: «Անցյալ տարի կարտոֆիլ տապակելիս՝ կարիճը հայտնվել էր թավայի մեջ: Կարիճն էլ էր կարտոֆիլի հետ տապակվել: Որ տեսա` չէի պատկերացնում, թե կարիճ կլինի: Երբ հասկացանք, զզվեցինք, չկարողացանք ուտել կարտոֆիլը»,- պատմեց նա:

Երիտասարդ Աղավնին երբեք չի մոռանա թափառական շների` իրեն հասցրած վնասը. «Թափառական շներն այնքան շատ են, որ… անցյալ տարի ուշ երեկոյան մեր տան առաջին հարկից բարձրացա երկրորդ հարկ, որպեսզի գնամ քնելու, բայց երկրորդ հարկում գտնվող մուտքի դռան վրայից ներս ցատկած 5-6 շները խմբով հարձակվեցին վրաս: Ես վախեցա, վազեցի, որ շուտ մտնեմ տուն, վայր ընկա ու… ոտքս կոտրեցի: Երեք ամիս շարունակ անկողնում պառկած եմ մնացել: Երբ այդ առնչությամբ բողոքեցի, եկան, մի քանի թափառող շների հավաքեցին-տարան, բայց դեռ այնքա¯ն շներ կան այստեղ: Քաղաքապետարանից էլ խոստացան, որ կփոխհատուցեն իմ կրած վնասը, բայց ոչինչ չձեռնարկեցին այդ ուղղությամբ»:

Թաղամասի բնակիչների հետ մեր զրույցի ընթացքում տարեց մի տղամարդ ասաց, որ իր տեսած օձերի ձագերից ու կարիճներից առանձնակի դժգոհություն չունի: Ավելին, նա ասաց, որ օձերն ու կարիճները, շներն այդքան էլ վտանգավոր չեն, քան… ՀՀ իշխանությունները: «Եթե մեր կյանքն իսկապես թունավորող վնասատու «շների» վերաբերյալ հարցնեիք, ապա և° կզրուցեի, և° անունս կասեի, որովհետև ժողովրդին սնանկացնող ու առոք-փառոք ապրող իշխանավորներից բացի, ուրիշ վտանգ ես չեմ տեսնում ազգիս համար, իսկ թափառող շները, կարիճներն ու օձերը, ոչինչ, վտանգավոր չեն»,- ասաց տղամարդը, ով չցանկացավ ներկայանալ:

Հ.Գ. Այսօր, երբ փորձեցինք ճշտել, թե Երևանի քաղաքապետարանի կողմից ինչ միջոցներ են ձեռնարկվում Կասկադի և ընդհանրապես Երևան քաղաքի բնակչության կյանքի վաղուց մոռացված բնականոն ընթացքը խաթարող կարիճների, օձերի և թափառող շների դեմ, քաղաքապետարանի լրատվական բաժնի աշխատակից Դիանան պատասխանեց, որ մեր հարցը պետք է գրավոր ուղղենք: Սակայն, զարմանալին այն էր, որ քաղաքապետարանի աշխատակիցը նշեց, որ հարցերն ուղարկելու դեպքում՝ դրանց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս