Հայերեն կարելի է սովորել նաև iPad-ով (լուսանկարներ)
iPad-ով հայերեն սովորելու համալիր ծրագրի շնորհիվ այսուհետ կարելի է սովորել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ ավելի քան 250 բառ և մոտ 40 բանաստեղծություն:
iPad-ի համար Learn Armenian («Սովորիր հայերեն») անվանումով համալիր ծրագիր է ստեղծվել: Ծրագրի օգնությամբ կարելի է սովորել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ ավելի քան 250 բառ և մոտ 40 բանաստեղծություն: Ծրագիրը ստեղծել է Zyabs ստեղծագործական թիմը՝ դիզայներ Դավիթ Մարգարյանի և Սամվել Հովհաննիսյանի մտահղացմամբ: Թիմը նոր ծրագրի վրա աշխատել է մոտ 1 տարի: Ընդամենը 3 օր է, ինչ նոր ծրագիրը հայտնվել է Apple ընկերության պաշտոնական ինտերնետային խանութում՝ Mac App Store–ում, սակայն Հայաստանից ներբեռնումների քանակով ներկայումս գտնվում է 1-ին հորիզոնականում:
Learn Armenian ծրագրի մտահղացման հեղինակներից Սամվել Հովհաննիսյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոր ծրագիրը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնք հնարավորություն են տալիս երեխային հեշտությամբ սովորել հայոց այբուբենի տառերը՝ լսել, գրել, կարդալ, ինչպես նաև՝ տվյալ տառին համապատասխան բանաստեղծություն սովորել:
iPad-ի համար նոր ծրագիրը ստեղծող թիմը՝ դերասաններ, ծրագրավորողներ, նկարիչ-դիզայներներ և այլք, համագործակցությունը սկսել են դեռևս 2006թ.: Ստեղծել են բազմաթիվ հայերեն աուդիոգրքեր: Ընդհանուր առմամաբ թիմը բազմաթիվ հեքիաթներ եւ պոեմներ է ձայնագրել, իսկ շուրջ 1000 մանկական բանաստեղծություններ գտնվում են մշակման փուլում, ձայնագրություններին մասնակցել են մոտ 20 հայ դերասան:
Ս. Հովհաննիսյանն ասում է, որ Learn Armenian-ում իրենք ներառել են այնպիսի բանաստեղծություններ, որոնց հեղինակների և ժառանգների հետ համաձայնություն են ձեռք բերել՝ հետագայում հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Բացի այդ, ծրագրի հեղինակները որոշ տառերի համար անձամբ են բանաստեղծություններ գրել, քանի որ ԱՄՆ-ում գտնվելու հանգամանքը դժվարություններ էր առաջացնում՝ բոլոր մանկագիրների հետ հեղինակային իրավունք ձեռք բերելու գործում:
Նոր ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել նաև նկարների էսթետիկ ձևավորմանը: Ս. Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում, ցավոք, վերջին շրջանում հայ մուլտիպլիկատորների կողմից ստեղծված գեղեցիկ կերպարների հազվադեպ կարելի է հանդիպել, մինչդեռ ԱՄՆ-ում կերպարներն անչափ մեծ հոգատարությամբ են ստեղծվում: «Մենք հատուկ քննարկումներ ենք իրականացրել կերպարների ստեղծման համար, անգամ վեճեր ենք ունեցել, սակայն փորձել ենք ստեղծել գեղեցիկ և գունեղ կերպարներ, որոնք աչքի համար հաճելի կլինեն»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ երեխան այսօր օգտվում է տեխնոլոգիական նոր սարքավորումներից, իսկ այս ծրագիրը երեխային հնարավորություն է տալիս օգտագործել այդ ամենը կրթական նպատակներով:
Ս. Հովհաննիսյանի խոսքով՝ առաջիկայում ծրագրում անընդհատ թարմացումներ են սպասվում, կավելանա գեղեցիկ և գունեղ կերպարների քանակը, ինչպես նաև՝ ծրագրում ներառված երաժշտությունները: «Հետագայում հնարավոր է՝ ծրագրում նաև հայերենի հետ առնչվող նոր նյութեր ավելանան. մուլտեր, հեքիաթներ, և այլն»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Learn Armenian («Սովորիր հայերեն») անվանումով համալիր ծրագիրն իրենց լեզու սովորեցնելու առաջին ծրագիրն է, սակայն թիմը պատրաստվում է ստեղծել թվով մոտ 30 լեզուներ սովորեցնող ծրագրեր: Արդեն իսկ պատրաստ են վրացերեն և ուկրաիներեն սովորեցնող ծրագրերը, առաջիկայում կլինի նաև լեհերեն սովորեցնող ծրագիրը: Ս. Հովհաննիսյանի խոսքով, սակայն, այլ լեզուներով ծրագրերը շատ ավելի պարզ են և տարբերվում են հայերեն սովորեցնող ծրագրից: