Խեղաթյուրելով իրականությունը` դեպի ԲՀԿ

«ԲՀԿ-ի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» գործելաոճը, ըստ ամենայնի, դարձել է Հայ ազգային կոնգրեսի գործունեության հիմնական ուղենիշը: Տպավորություն է ստեղծվում անգամ, որ ԲՀԿ-ն ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի է ենթարկում ՀԱԿ ղեկավարների հայտարարություններն «այլընտրանքային ուժի մասին», և վերջիններս ջանք չեն խնայում Գագիկ Ծառուկյանին ու նրա ղեկավարած կուսակցությանը գոհացնելու համար: Ու քանի որ ՀԱԿ-ն այլևս առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով, ՀԱԿ-ը ԲՀԿ-ին պաշտպանելիս չի խորշում նաև իրականությունն աղավաղելուց:

Օրինակ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը 168.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀԱԿ-ից վերջին շրջանում հեռացած գործիչներին, ովքեր իրենց այդ քայլը պայմանավորել են նաև ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ, ասում է. «Ինչ վերաբերում է ՀԱԿ-ից դուրս եկողներին, ովքեր ասում են, թե իրենց խնդիրները կապված են ԲՀԿ-ի նկատմամբ որդեգրած քաղաքականության հետ, ես բոլոր այդ դուրս եկողներին կխնդրեի չաղավաղել իրականությունը: Իրենց դուրս գալը դրա հետ ոչ մի կապ չունի: ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունը հրապարակայնորեն ասաց, որ ՀԱԿ-ի հետ իրենց հակասությունը կապված է իրենց արևմտամետ դիրքորոշման հետ…

Դավիթ Շահնազարյանը քննադատել է ԲՀԿ-ի հետ քաղաքականությունը, բայց չի ասել, որ այդ պատճառով է դուրս գալիս Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակից: Նա մինչև ս.թ. մարտի կեսերը ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ բոլոր քննարկումներից հետո եռանդուն լծվել էր ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի աշխատանքներին` ընտրություններում ՀԱԿ-ի հաղթանակն ապահովելու համար»: Կարծում ենք, և՛ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարները, և՛ Դավիթ Շահնազարյանն առիթ կունենան պատասխանելու Լևոն Զուրաբյանի պնդումներին, և  խնդիրը  նրանց միջև հարաբերությունների պարզաբանումը չէ: Պարզապես արձանագրենք, որ երկու դեպքում էլ Լ. Զուրաբյանի ասածները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, և դրա մասին բազմաթիվ վկայություններ կան մամուլում: Օրինակ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը բազմիցս հրապարակավ արտահայտել է իր դիրքորոշումը ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին: 1.am-ին տված հարցազրույցում, օրինակ, Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին` կարելի՞ ենթադրել, որ ՀԱԿի հետ ձեր հիմնական տարաձայնությունների բաժինն ընկնում է հենց արտաքին քաղաքականության վրա, պատասխանել է. «Ամեն ինչ  չէ, որ ես պետք է ասեմ, դրա համար կան քաղաքագետներ, դրա համար կա մամուլ, կան զուտ քաղաքական վերլուծությամբ զբաղվող մասնագետներ, իրենք կարող են համադրել իմ մոտեցումները և Կոնգրեսի, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները, և, եթե այստեղ չեն տեսնի տարաձայնություններ կամ կտեսնեն տարաձայնություններ, ես կարծիք եմ հայտնել, և այդ կարծիքը գաղտնի չի եղել: Այդ կարծիքը ես բարձրաձայնել եմ թե՛ Կոնգրեսում քննարկումների ժամանակ, թե՛ հրապարակավ: Լևոն Տեր-Պետրոսյանի կոնսենսուս չունենալու մասին կարծիք հայտնելուց հետո Կոնգրեսում եղած քաղաքական ուժերից միայն «Հանրապետություն» կուսակցությունն էր, որ հայտարարեց, որ կոնսենսուս չլինելու պատճառներից մեկն էլ մենք ենք: Եթե կլինեն մարդիկ, որ կասեն, թե այդ հարցերում իրենք էլ համաձայն չեն եղել՝ թող բարձրաձայնեն…»: Հիշեցնենք, որ խոսքը ԲՀԿ-ի հետ համագործակցությունը հիմնավորող հայտնի «քաղաքագիտական վերլուծության»  հարցում կոնսենսուսի բացակայության մասին է: «Ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր Մարտի 1-ի ոճրագործությունից հետո չխրախուսեցին իշխանությանը, իշխանության մաս չկազմեցին` դրանով իսկ վերցնելով Մարտի 1-ի պատասխանատվությունը նաև իրենց վրա: Փաստ էր, որ 10 մարդ էր զոհվել: Այն մարդիկ, ովքեր շամպայնի բաժակներով շնորհավորում էին Սերժ Սարգսյանին՝ խրախուսում էին նրան այդ գործն անելու համար: Ես այդ ուժերի հետ գործունեության ուղղություններ այսօրվա դրությամբ չեմ տեսնում, որովհետև այդ ուժերը չեն ասում, որ սխալվել են, կներեք, և ընդհանրապես ասում են, որ Աստված ներում է ցանկացածի մեղքը, չի ներում միայն չխոստովանված մեղքը: Բայց, քանի նման բան չի եղել, այդ ուժերը նույնքան պատասխանատու են երկրում այս իրավիճակի համար, ինչքան ՀՀԿ-ն: Դա միանշանակ է, և ես չեմ կարծում, որ կա Հայաստանի Հանրապետությունում մեկը, որը այլ կերպ է մտածում, և այս առումով տարաձայնությունը եղել է ոչ միայն ինձ հետ: Եղել են մարդիկ, ովքեր առանձին զրույցներում ինձ մոտ այդ մասին ասել են, բայց ընդհանուր տեսակետներ հայտնելու ժամանակ լռել են»,- նույն թեմայի առնչությամբ ասել է Արամ Սարգսյանը, ով ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին հանդես է եկել բազմաթիվ այլ գնահատականներով ևս: Դավիթ Շահնազարյանի դեպքում Զուրաբյանի հայտարարությունների անճշտությունն ավելի ակնհայտ է: Անցած ամիս նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում պատասխանելով հարցին` ո՞ր պահից է կայացրել ՀԱԿ-ից դուրս գալու որոշումը, Դ. Շահնազարյանն ասում է. «Ես կարող եմ գրեթե ճշգրիտ նշել նույնիսկ օրը. այն բանից հետո, երբ ինձ համար անառարկելիորեն պարզ դարձավ, որ «քաղաքագիտական վերլուծությունը» արդեն դարձել է ՀԱԿ-ի միակ քաղաքական գիծը և միակ քաղաքականությունը: Դա հունվարի 11-ին էր: Ավելին ասեմ` հստակ որոշում էի կայացրել, որ չեմ մասնակցելու ԱԺ ընտրություններին՝ ո՛չ համամասնական, ո՛չ մեծամասնական ընտրակարգով: Իմիջիայլոց, ասեմ, որ այդ որոշման մասին ՀԱԿ-ում գիտեին… Ի՞նչ տեղի ունեցավ դեկտեմբերից: Տեղի ունեցավ ՀԱԿ-ի նպատակների արմատական փոփոխություն, այդ նոր «քաղաքագիտական վերլուծության» քաղաքականության արդյունքում՝ ամբողջովին մոռացության մատնվեցին շարժման նպատակները` Հայաստանում սահմանադրական իրավունքի վերականգնումը և օրինական իշխանության ձևավորումը: Այս նպատակների փոխարեն՝ առաջ էր քաշվել մի նպատակ` ամեն գնով խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերցնել մեծամասնություն` ԲՀԿ-ի գլխավորությամբ, ԲՀԿ-ին բերել իշխանության, ունենալ վարչապետ ԲՀԿ-ից և մաս կազմել այդ կառավարությանը: Այս քաղաքականությունը ՀԱԿ կենտրոնական գրասենյակում հանգեցրեց նաև ՀԱԿ-ի մոտեցումների և մտածելակերպի էական փոփոխության, որովհետև յուրաքանչյուր քաղաքականություն սպասարկելու համար պետք է ունենաս որոշակի մտածելակերպ, արժեքների գերակայություն, և այդ փոփոխություններն արդեն տեղի են ունեցել: Հետևաբար, եթե որևէ մեկը փորձի նորից շահարկել, թե անձնական հարցեր են եղել կամ այլ պատճառներ, ապա նա կմեղանչի ճշմարտության դեմ»: Դրանից հետո Դ. Շահնազարյանն առնվազն մի քանի անգամ հանգամանորեն բացատրել է, որ իր` ՀԱԿ-ը լքելու պատճառներից ամենակարևորը ԲՀԿ-ի հետ համագործակցությունն է: Ինչո՞ւ է ուրեմն  խեղաթյուրել  իրականությունը Լ.Զուրաբյանը: Այդ հարցի պատասխանն անուղղակիորեն տվել է ինքը` ՀԱԿ համակարգողը, երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է բացատրում «Հարսնաքարի» գործով տարբեր խորհրդարանական նախաձեռնություններից հրաժարվելու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կեցվածքը, Լ. Զուրաբյանն ասել է, թե ՀԱԿ-ը չի մեղադրելու կամ դատապարտելու ոչ իշխանական որևէ ուժի և ձեռնպահ է մնացել  մեկնաբանել նրանց դիրքորոշումները: «Մենք չենք դատապարտելու որևէ քաղաքական ուժի, մենք որևէ քաղաքական ուժի ինչ-որ բան չենք պարտադրելու կամ փորձելու ինչ-որ դիվիդենտներ քաղել։ Նման մոտեցումներն ուղղակի վնասակար են: Մենք կարծում ենք, որ բոլորի մոտեցումը հետևյալը պետք է լինի՝ եթե կան նախաձեռնություններ, որոնց շուրջ կարող ենք միավորվել, ուրեմն՝ միավորվում ենք և համատեղ ենք գործում։ Եթե ինչ-ինչ պատճառներով ինչ-որ քաղաքական ուժ չի կարողանում միանալ այդ նախաձեռնությանը, մենք նրան չպիտի պախարակենք, չպիտի մեղադրենք: Ավելին՝ շատ հնարավոր է, որ քաղաքական ուժերը նաև միակողմանի նախաձեռնություններով հանդես գան, և նորից մենք չպիտի կշտամբենք իրար, որ մեկը մյուսին չմիացավ, կամ մեկի գործողությունների պատճառով տապալվեց մյուսի նախաձեռնությունը: Սա անվերջ և դեստրուկտիվ բանավեճ է դառնալու, որևէ նպաստ չի բերելու մեր ընդհանուր գործին,- հայտարարել է ՀԱԿ համակարգողը` այդուհանդերձ, փորձելով արդարանալ,- Մենք ոչ թե փորձում ենք խուսափել ճշգրիտ գնահատականներ տալուց, այլ առողջ քաղաքական ուժերին միավորելու ռազմավարություն ենք որդեգրել, որը հնարավորություն կտա փոխել քաղաքական մթնոլորտը Հայաստանում»:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս