Գրավիչ առաջարկ` հայ օլիգարխների համար
Առաջիկայում Նյու Յորքում վաճառքի կհանվի այն բնակարանը, որը 1957-1972 թվականներին պատկանել է ամերիկացի լեգենդար երգիչ և դերասան Ֆրենկ Սինատրային:
Ըստ «New York Post» թերթի, բնակարանի արժեքը կկազմի 7.7 միլիոն դոլար: 280 ք/մ ընհանուր մակերեսով երկմակարդակ այդ բնակարանը զբաղեցնում է Մանհեթթենի երկնաքերերից մեկի 22 և 23-րդ հարկերը: Բնակարանում կա 4 ննջարան, 6 լոգասենյակ և երկու լայնարձակ պատշգամբ: Բնակարանի մի հարկից մյուսը կարելի է տեղափխվել ապակե աստիճանավանդակով: Սինատրան այս բնակարանը գնել է իր երկրորդ կնոջ` Ավա Գարդների հետ ամուսնալուծվելուց հետո: Այս բնակարանում նա հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին, Մերլին Մոնրոյին, Էնդի Ուորհոլին և բազմաթիվ այլ ճանաչված դեմքերի: 1972 թվականին Սինատրան բնակարանը վաճառել է իր բժիշկ Դենթոն Քոքսին: Բժշկի մահվանից հետո՝ 2008 թվականին, բնակարանը գնել է ապահովագրական մագնատ Պեննի Հարթը, ով որոշակի փոփոխություններ կատարելուց հետո պատրաստվում է վաճառել այն:
Նշենք, որ Սինատրային պատկանող անշարժ գույքը պարբերաբար հայտնվում է շուկայում: Լոս Անջելեսի հեղինակավոր Բել-Էիր թաղամասում գտնվող Սինատրայի առանձնատունը 2010 թվականի վերջին 18.5 միլիոն դոլարով գնել է Paramount Pictures ընկերության նախագահ Բրեդ Գրեյը: Նա մտադիր էր վերակառուցել առանձնատունը, սակայն այդպես էլ վերանորոգումը չսկսած՝ այս տարվա մարտին այն հանել է վաճառքի` 20 միլիոն դոլարով: Իսկ 2011 թվականի դեկտեմբերին վաճառքի էր հանվել Սինատրային պատկանող մեկ այլ լոսանջելեսյան առանձնատուն` Farralone-ը, որում երգիչն ապրել է մոտ 20 տարի: 930 ք/մ մակերեսով այդ առանձատունը վաճառվում է 12 միլիոն դոլարով։