ԱՀԱԶԱՆԳ. Նոր Գետաշենի գյուղապետը ջուր ունի, գյուղացիները՝ ոչ
Մասիսի շրջանի Նոր Գետաշեն գյուղի բնակիչներն առանց ջուր են մնացել: 168.am-ի խմբագրություն զանգահարած Նոր Գետաշենի բնակիչ Թամարա Խաթայանը վրդովված էր: Գյուղի ջրամատակարարման խողովակների փտած լինելու պատճառով ամբողջ ջրահամակարգը քանդվել է՝ նորը տեղադրելու պայմանով: Բայց արդեն 3 ամիս է, ինչ ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվում: Քանդված խողովակաշարերն այդպես էլ քանդված են մնացել: «Փոշի ենք կուլ տալիս, ցեխաջուր ենք խմում: Այսպես հնարավոր չի: Սրան-նրան խնդրում ենք, անգամ երկրի նախագահի աշխատակազմին ենք դիմել օգնության համար, բայց սայլը տեղից չի շարժվում: Հիմա չգիտենք` է՞լ ում խնդրենք, կամ էլ ո՞նց խնդրենք, որ այս հարցը շուտ կարգավորվի»,- ասաց գյուղի բնակչուհի Թամարա Խաթայանը: Տիկին Թամարայի խոսքով` գյուղում մնացել են միայն տարեցները, ովքեր չեն կարող քանդված փոսերի վրայով այսուայնկողմ շարժվել: «Գյուղի երիտասարդությունը գյուղից փախել է: Իսկ խեղճ ու կրակ ծերերը մի կերպ են գոյատևում: Դրան էլ գումարած` ցեխոտ ջուր ենք խմում: Գյուղապետն էլ անընդհատ ասում է` համբերեք, ջուր կունենաք: Ինքն իր տանը ջուր ունի, էլ ինչի՞ համար պիտի մտածի գյուղացիների ՝ ջուր ունենալ-չունենալու մասին»: