Ռուսական ռուլետկա
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռուսաստանի նախագահի աշխատակազմը փորձագիտական հետազոտություն է պատվիրել` Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ռուսական կապիտալի ներկայության ընդլայնման հնարավորությունները գնահատելու համար: Նշվում է նաև այդ հետազոտությունների արժեքը, որը նախկին խորհրդային տարածքի տարբեր երկրների համար կազմում է 400 հազարից մինչև 1 մլն 400 հազար ռուբլի: Բացի այդ, բոլոր հետազոտությունները պետք է պատրաստ լինեն մինչև 2012 թվականի նոյեմբերը:
Այս տեղեկատվությունն ուշագրավ մի շարք կողմեր ունի: Ամենաառաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է` իսկ արդյո՞ք Ռուսաստանը հետխորհրդային երկրներում, մասնավորապես` Հայաստանում, ներդրումներ անելիս առաջորդվում է տնտեսական շահով կամ նպատակահարմարությամբ: Պատասխանն ակնհայտ է, և դրա համար մասնագիտական հետազոտության կարիք, կարծում ենք, չկա:
Անցած տարիների փորձը, Հայաստանում ռուսական կապիտալի հաստատման ժամանակագրությունն ու գործունեությունը վկայում են, որ ռուսական ներդրումներն այստեղ կատարվում են առաջին հերթին քաղաքական դրդապատճառներով: Իհարկե, դա չի բացառում, որ ռուսական կապիտալը կարող է Հայաստանում նաև շահույթ ապահովել, հակառակը, երբեմն ռուսական ընկերություններն, առանձին վերցրած ոլորտներում, նաև գերշահույթներ են ապահովում: Այդուհանդերձ, շահույթը ռուսների համար ներդրումների երկրորդային, ածանցյալ էֆեկտ է. առաջնայինը քաղաքական շահն է:
Հայաստանում Ռուսաստանին են պատկանում ռազմավարական նշանակության գրեթե բոլոր ոլորտները և խոշոր ձեռնարկությունները` էներգետիկ համակարգի ավելի քան 80 տոկոսը, երկաթուղին, բնական գազի մատակարարման և սպառման դե ֆակտո մենաշնորհն ու այն տնօրինող «ՀայՌուսգազարդը», հեռահաղորդակցության երեք խոշորագույն ընկերություններից՝ երկուսը, բանկային ու ապահովագրական շուկայի ընկերությունների զգալի մասը… Նշված և բազմաթիվ այլ դեպքերում ռուսական կապիտալը Հայաստան է եկել, առաջին հերթին, քաղաքական դրդապատճառներով, նաև՝ տնտեսական վնասների հաշվին: Դրա ամենաթարմ օրինակը «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է, որի 80 տոկոսը պատկանում է ռուսական «Գազպրոմին»: «ՀայՌուսգազարդն», արդեն երկրորդ տարին է, աշխատում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող վնասով, սակայն ռուսները ոչ միայն չեն հրաժարվում այդ ընկերությունից, այլև, ըստ տարբեր տեղեկությունների, ցանկանում են ձեռք բերել նաև Հայաստանի կառավարությանը պատկանող բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը: Մինչդեռ տնտեսական շահով առաջնորդվելու դեպքում՝ պետք է տեղի ունենար հակառակը:
Հայաստանում գործող ռուսական ընկերությունները Ռուսաստանի քաղաքական շահն ապահովում են բազմաթիվ` այդ թվում, երկարաժամկետ ազդեցություն ունեցող դրսևորումներով: Ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում, ի թիվս այլ գործոնների, նշանակում է նաև տասնյակ-հազարավոր քաղաքացիների կախվածություն այդ կապիտալից: Այդ մասին են վկայում նաև Հայաստանի պաշտոնական վիճակագրության տվյալները: Օրինակ` Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանում ամենաշատ աշխատակից ունեցող կազմակերպությունների առաջին եռյակում հենց ռուսական ընկերություններն են: Ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` 7889 աշխատողով, նրան հաջորդում են «ՀայՌուսգազարդը» և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն` համապատասխանաբար՝ 5898 և 3996 աշխատակիցներով: ՊԵԿ հրապարակած ցուցակի առավել հայտնի 15 ռուսական ընկերություններն, ընդհանուր առմամբ, Հայաստանում ունեն շուրջ 30.000 աշխատակից (տես` աղյուսակը):
Բացառված չէ, իհարկե, որ դրանց թվում լինեն նաև ոչ ՀՀ քաղաքացիներ, ինչպեսև՝ բացառված չէ, որ այլ, անգամ` հայկական ծագում ունեցող կազմակերպություններում ևս ռուսական կապիտալն ուղղակի կամ անուղղակի ներկայություն ունենա, ինչը, սակայն, չի երևում պաշտոնական տվյալներում: Եթե անգամ ընդունենք, որ այդ թիվը հենց 30 հազար է, ապա կարելի է յուրաքանչյուր աշխատակցի ցուցանիշը բազմապատկել նվազագույնը 4-ով (ընտանիքի անդամների թվով), ինչի արդյունքում՝ ստացվում է, որ առնվազն 120 հազար ՀՀ քաղաքացիներ գրեթե ուղղակի կախվածություն ունեն ռուսական կապիտալից: Դա, ի դեպ, կազմում է պաշտոնապես ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ուղիղ 5 տոկոսը: Հաշվի առնելով գործազրկության բարձր մակարդակը Հայաստանում, ավելորդ է նշել, որ ռուսական ընկերություններում աշխատող ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն ուղղակի «դողում» է այդ աշխատատեղի համար (բացի հայաստանյան չափանիշներով համեմատաբար բարձր աշխատավարձից, այդ ընկերություններում աշխատելը նաև որոշակի «պրեստիժ» է համարվում): Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ ռուսական ընկերություններից յուրաքանչյուրի ղեկավարությունն ընտրությունների ժամանակ կարող է ուղղորդել իր ենթականերին: Ընդ որում, դրա համար ամենևին պետք չեն բռնի մեթոդներ, պարտադրանք: Հայաստանում ամեն ինչ շատ արագ տարածվում է. բավական է միայն «շշուկների» մակարդակում շրջանառվի ռուսների համար ցանկալի թեկնածուի անունը, և այդ ընտրազանգվածի գերակշիռ մեծամասնությունն ինքնուրույն իր ձայնը կտա՝ «հանուն աշխատատեղի պահպանման»:
Սակայն ռուսական կապիտալի «քաղաքական գործառույթը» միայն Հայաստանում աշխատող ընկերություններով չի սահմանափակվում և դրսևորվում է առնվազն ևս երկու ուղղություններով: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնում են, առաջին հերթին, Ռուսաստան, որն արտերկրից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների կառուցվածքում՝ վերջին մի քանի տարիներին, հաստատուն կերպով զբաղեցնում է առաջին տեղը: Միայն 2010, 2011թթ. Հայաստան ուղարկված տրանսֆերտների 80-85 տոկոսը կազմել են Ռուսաստանից ուղարկված գումարները` դրամական արտահայտությամբ՝ 1 մլրդ դոլարից ավելի: Իհարկե, դժվար է թվային արտահայտությամբ որոշել, թե տրանսֆերտներն ընտրողների որ հատվածի վրա են ուղղակի ազդեցություն ունենում, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ այդ ազդեցությունը զգալի է: Դա ևս առավելապես հոգեբանական պատճառներ ունի: Այսինքն, մարդիկ, ում ընտանիքի անդամները կամ հարազատները բնակվում և աշխատում են Ռուսաստանում, ենթագիտակցորեն դառնում են ռուսական շահի կրողը Հայաստանում, ինչն իր արտահայտությունն է ստանում նաև ընտրությունների ժամանակ:
Հայաստանյան քաղաքական գործընթացների վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն նաև Ռուսաստանում գործող բազմաթիվ հայ խոշոր գործարարները, որոնց կազմակերպություններից շատերում էլ աշխատում են Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները: Բացի այդ, գրեթե բոլոր ռուսաստանաբնակ մեծահարուստները որոշակի տնտեսական ենթակառուցվածքներ ունեն նաև Հայաստանում` համապատասխան աշխատակիցներով, նրանց ընտանիքի անդամներով, և այլն: Բոլոր այդ գործարարները, անկախ իրենց ծագումից, ռուսական կապիտալի կրողներ են:
Իսկ Ռուսաստանում կապիտալը, ինչպես հայտնի է, եթե չի ծառայում, ապա գոնե չի հակադրվում քաղաքական շահերին: Սրանք, իհարկե, Հայաստանում ռուսական ազդեցության ու նաև քաղաքական շահի սպասարկման միջոցներից մի քանիսն են միայն: Եթե դրան գումարենք նաև ՌԴ ղեկավարության ազդեցությունը Հայաստանի իշխանական ու քաղաքական համակարգի վրա, ապա պատկերն ավելի ամբողջական և տխուր կդառնա: Ռուսաստանն այսօր Հայաստանում և նրա սահմաններից դուրս ունի Հայաստանի վրա ազդելու քաղաքական և տնտեսական այնպիսի լծակներ, որ ցանկացած «սհաթի օրհնությունն» ընդամենը տեխնիկայի հարց է:
Եվ այս համատեքստում Եվրասիական միությունից Հայաստանին զերծ պահելու հեռանկարները (ինչը, կարծես, փորձում են անել ՀՀ իշխանությունները) գնալով ավելի մշուշոտ են դառնում: Հատկապես, որ ներկայումս դա անում են մարդիկ, ովքեր ժամանակին նպաստել են Հայաստանի բոլոր հնարավոր օբյեկտները Ռուսաստանին հանձնելու գործընթացին: Բավական է հիշել միայն, որ ամենատխրահռչակ` «Գույք` պարտքի դիմաց» գործարքի ժամանակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն էր: