Հայաստանը Կովկասում առավել ապահով է ահաբեկչությունից. Զեկույց
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է Ահաբեկչության դեմ պայքարի 2011 թվականի զեկույցը, որում, մասնավորաբար, նշված է․ – «Անցած տարվա ընթացքում Հայաստանը բարելավեց սահմանապահ անվտանգության համակարգը, Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայաստանը սերտորեն աշխատում էր Հյուսիս-Ատլանտյան դաշինքի եւ այլ գործընկերների հետ` Արտակարգ Իրավիճակների նախարարության շուրջօրյա իրավիճակային կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Այդ կենտրոնը պետք է ճգնաժամային իրավիճակներում,այդ թվում ահաբեկչական հարձակումների պարագայում, գերատեսչությունների միջեւ արդյունավետ համագործակցության կազմակերպմանը ծառայի»:
Զեկույցի հեղինակները որպես դրական քայլ են մատնանշում նաեւ հայ-վրացական սահմանին մեքենաների եւ մարդկանց զննման համար նախատեսված նորագույն սարքավորումների, ինչպես նաեւ ռադիացիոն վերահսկողության սարքավորումների տեղադրումը սահմանային անցակետերում՝ ներառյալ «Զվարնթոց» օդանավակայանում:
Պետդեպարտամենտի զեկույցից նաեւ տեղեկանում ենք, որ ամերիկյան Պաշտպանական վտանգների նվազեցման դաշնային գործակալությունը Հայաստանի իշխանություններին կօժանդակի, որպեսզի Վրաստանի հետ սահմանին նոր սարքավորումներ տեղադրվեն եւ արդիականացվեն ենթակառույցները:
«Նախատեսվում է ամերիկյան կողմի օժանդակությամբ սահմանապահ աշտարակներ եւ վերահեռարձակող կայաններ տեղադրել», – նշում են զեկույցի հեղինակները, արձանագրելով նաեւ, որ Հայաստանի իշխանությունները պարտավորվել են արդիականացնել միասնական սահմանապահ անցակետերում գործող տեղեկատվական համակարգը՝ Վրաստանի հետ պետական սահմանին գտնվող անցագրային կետերը համապատասխանեցնելով Եվրամիության չափանիշներին:
Ինչ վերաբերում է ահաբեկչական կառույցների ֆինանսավորմանը՝ ըստ ամերիկացի մասնագետների՝ Հայաստանում իրավիճակը մտահոգիչ չէ:
«Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն չէ եւ ահաբեկչական ակտիվության ֆինանսավորման որեւէ դեպք երկրում չի հայտնաբերվել», – նշում են Պետդեպարտամենտի զեկույցի հեղինակները: Ըստ նրանց՝ Ադրբեջանում ահաբեկչական ռիսկներն ավելի լուրջ են, քան Հայաստանում։
Ահաբեկչական ռիսկերի եւ արձանագրված միջադեպերի առումով Հարավային Կովկասում իրավիճակն առավել մտահոգիչ է Վրաստանում, որի կառավարությունը, սակայն, ըստ Պետդեպարտամենտի զեկույցի` «ունի արտաքին եւ ներքին ահաբեկչական սպառնալիքների կանխման սեփական համապարփակ ռազմավարությունը»:
«Տարվա ընթացքում վրացական իշխանություններին հաջողվեց ռումբերի մի քանի պայթյուններ կանխել: Ընդհանուր առմամբ` 2011-ի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում պայթեցումների չորս փորձ է եղել, որոնց հետ առնչություն ունենալու կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալվել», – նշում են զեկույցի հեղինակները` հավելելով․ – «Այդ հարձակումներն, ըստ ամենայնի, ծրագրվել են Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածաշրջաններում: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ դրանց ետեւում Ռուսաստանն է կանգնած: Բացի այդ, անցած տարվա փետրվարին վրաց իրավապահները ձերբակալել են երկու անձանց, որոնք փորձել էին երկրի տարածքով «Իրիդիում 192» տեսակի ռադիոակտիվ նյութ տեղափոխել՝ երրորդ երկրում վաճառքի նպատակով»: