Թիմը լքելու պատճառն ամրութունը չի լինում
ԲՀԿ լրատվական ծառայության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն մտավախություն չունի՞ , որ նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը հետագայում հեռանա նաև ԲՀԿ-ից և անդամագրվի ՀՀԿ-ին, պատասխանել է, թե ԲՀԿ-ի «քաղաքական թիմն այնպիսի ամրություն ունի, որը համեմատելի չէ այդ թիմին անդամակցող յուրաքանչյուն անհատի նախկի քաղաքական գործունեության հետ»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ ՕԵԿ քաղաքական թիմն արդյոք այնքան ամրություն չունե՞ր, որ Սամվել Բալասանյանը լքեց ՕԵԿ-ի շարքերը: Ի պատասխան, Հեղինե Բիշարյանն ասաց. «Իհարկե, ուներ: Թիմը լքելու պատճառն ամրութունը չի լինում: Այն ժամանակ ՕԵԿ-ը գտնվում էր ընդդիմադիր քաղաքական դաշտում և մենք պատրաստվում էինք նախագահական ընտրություններին: Իսկ ընտրությունից առաջ, բնականաբար, պատգամավորները (խոսքս միայն իր մասին չէ) հետևություն արեցին, որ իրենք չեն կարող երևի թե ընդդիմադիր դաշտում շարունակեն իրենց գործունեությունը և դուրս եկան ՕԵԿ-ից: Այնպես որ՝ սա քաղաքականության մեջ ընդունված մշակույթ է, երբ մարդիկ, չգիտեմ, նեղությանը չեն դիմանում, կամ իրենց ընդդիմադիր չեն կարող տեսնել»:
Հարցին էլ, թե համամի՞տ եք Ուրիխանյանի վերոնշյալ գնահատականի հետ, Հ. Բիշարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ գտնվող և մի քիչ քաղաքական կենսագրություն ունեցող մարդիկ, խոսքս Ուլիխանյանի մասին չէ, նման կարծիք հայտնելուց զգուշանում են, որովհետև քաղաքականության մեջ ասում են՝ «երբեք մի ասա երբեք»:Քաղաքականության մեջ երբեք չեն լինում հավերժ բարեկամներ կամ հավերժ թշնամիներ: Բոլոր թիմերում էլ կան և’ հեռացողներ, և’ մնացողներ: Նայած, թե տվյալ քաղաքական թիմն ինչպիսի իրավիճակներում է հայտնվում, ովքեր են պատրաստ այդ իրավիճակներում չլքել քաղաքական թիմին: Մի քիչ դժվար է այդպես կոնկրետ ասել, որովհետև իրենք փորձությունների շրջան չեն անցել և չեն կարող ասել, եթե հայտնվեն փորձության շրջանում, ինչպիսին կլինեն իրենց կուսակցության անդամները: Ես, իհարկե, ուրախ եմ, որ ԲՀԿ-ն շատ ամուր քաղաքական ուժ է, որտեղից տարբեր շարժառիթներով որևէ մեկը չի կարող գնալ»:
Իսկ մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Ս. Բալասանյանը լքի նաև ԲՀԿ-ի շարքերրը, տիկին Բիշարյանը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա: «Ժամանակը, կյանքը ցույց կտա, թե ինչպես կլինի: Այն, որ նա մեր քաղաքական թիմը լքել է՝ դա ակնհայտ է, իսկ թե հիմա՝ երկրորդ անգամ կլքի՞ այն քաղաքական դաշտը՝ ընդդիմադիր դաշտը, որում հայտնվել է, չեմ կարող ասել: Համենայնդեպս՝ ես պետք է ընդունեմ իմ գործընկերների տարբերակը, որ իրենք այլընտրանք են: Իսկ թե այլընտրանք քաղաքական ուժի հետ Ս. Բալասանյանը կշարունակի՞ ճանապարհը՝ ժամանակը ցույց կտա»: