
«Ժառանգությունը» քաղաքական դիվիդենտնե՞ր է հավաքում

ԲՀԿ լրատվական ծառայության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով «Հարսնաքարի» ողբերգական դեպքի առնչությամբ ԱԺ արտահերթ նիստ գումարելու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությանը, ասել է, թե ԲՀԿ-ն դժբախտության հաշվին «քաղաքական դիվիդենտներ» չի հավաքում: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» պատգամավորների կողմից ԲՀԿ-ի հասցեին հնչած մեղադրանքներին, Տ. Ուրիխանյանն ասել է, թե լավ կլիներ, եթե այդ նախաձեռնության տակ առաջին հերթին ստորագրեր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մեկնաբանելով Ուրիխանյանի այս հայտարարությունը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ին ասաց. «Ես, իհարկե, չեմ շարունակի Տիգրան Ուրիխանյանի հռետորաբանությունը, ինչ-որ պիտակավորումներ և այլն, և այլն: Միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված ուղղակի Տիգրան Ուրիխանյանին հիշեցնեմ, որ հունիսի 2-ին եղել է վարչության նիստ, որի ժամանակ վարչությունը որոշել է Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական գործունեությունը քննարկել աշնանային նստաշրջանին ընդառաջ: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև աշնանային նստաշրջանը պատգամավորական գործունեություն չի ծավալելու: Այդ որոշումը կայացվել է մինչև «Հարսնաքարի» դեպքերը: Ստորագրելու դետալը մտնում է մեր որոշման շրջանակների մեջ, ինչը նշանակում է, որ մինչև սեպտեմբեր Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական հարցը բաց է մնում: Ուղղակի կա վարչության որոշում: Իսկ եթե իրենք նման որոշում ունեն իրենց պատգամավորների հետ կապված, կարող են բարձրաձայնել: Ես կարծում եմ, որ ստորագրելը կամ չստորագրելը իրենց որոշելու խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է «քաղաքական դիվիդենտներ հավաքելուն», ապա կուսակցությունները նախ քաղաքական գործունեություն են ծավալում»: