Բալասանյանը կլքի՞ ԲՀԿ-ն
ԲՀԿ-ն մտավախություն չունի՞ արդյոք, որ նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, ով այժմ ԲՀԿ անդամ է, հետագայում հեռանա նաև ԲՀԿ-ից և անդամագրվի ՀՀԿ-ին: Այսօրվա ասուլիսում՝ պատասխանելով այս հարցին, ԲՀԿ լրատվական բաժնի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է, թե «հարցը կոռեկտ չէ»:
Նաև հավելեց. «ԲՀԿ-ի քաղաքական թիմն այնպիսի ամրություն ունի, որը համեմատելի չէ այդ թիմին անդամակցող յուրաքանչյուր անհատի նախկին քաղաքական գործունեության հետ: Ուստի եթե նույնիսկ այդպիսի բան լինի, իմ զարմանքն այնքան մեծ կլինի, որ ես նույնիսկ կդժվարանամ մեկնաբանել: Կարծում եմ՝ նույնիսկ այդ հարցադրումը տեղին և կոռեկտ չէ»:
Հիշեցնենք, որ նախկինում թունդ ՕԵԿ-ական Ս. Բալասանյանը հայտարարել էր, թե իր ճակատին գրված է «Օրինաց երկիր», ինչը, սակայն, նրան չխանգարեց հեռանալ ՕԵԿ-ից և անդամագրվել ԲՀԿ-ին:
Հարցին, թե ինչպե՞ս է ԲՀԿ-ն գնահատում ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի թեկնածության պաշտպանությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, Տ. Ուրիխանյանը զարմացած պատասխանեց. «ՀՀԿ-ն պաշտպանո՞ւմ է Բալասանյանին: Ինձ հայտնի չէ ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետը, առավել ևս՝ այդպիսի տեսակետ: Այնուամենայնիվ, չխուսանավելով ենթատեքստային հարցից և պատասխանելու պատրաստակամությամբ պետք է նշեմ, որ մենք կուզենք, որ գյումրեցիներն առաջին հերթին սատարեն մեր թեկնածուին: Ամենակարևորը դա է»:
Հարցին էլ, թե Գյումրիի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ պայմանավորվածություն կա՞ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև, Տ. Ուրիխանյանը որևէ կոնկրետ պատասխան չտվեց: