Թուրքիան օրենքով փորձում է փակել հայրենիքում հիմնվելու հայերի հեռանկարը

«Այն ժողովուրդները, ումից հայրենիք են խլել, այս նոր ընդունված օրենքով, թուրքերը նրանց սեփականությունը վերադարձնելու հարցը փակում են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Շիրինյանը և նշեց, որ այդ երկրներն են Հայաստանը, Հունաստանը, ինչպես նաև Սիրիան, որը նույնպես հողային պահանջ ունի Թուրքիայից:

Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայում ընդունված նոր օրենքի, Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Նիգերիայի, Կուբայի ու Եմենի քաղաքացիներին արգելում է անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում:

Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին արգելվել է անշարժ գույք գնել Սև ծովի ափին, իսկ Հունաստանի քաղաքացիներին` ափամերձ ու սահմանամերձ տարածքներում:

Փոխարենը, անշարժ գույք կարող են ձեռք բերել Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Պարսից ծոցի երկրների քաղաքացիները` առանց որևէ նախապայմանների:

Քաղաքագետը պատահական չի համարում այս երկրների շարքի ի հայտ գալը: Ըստ նրա, օրենքը նաև քարոզչական նպատակ ունի:

«Թուրքիան սրանով ներկայացնում է այն երկրների ցանկը, որոնք, ըստ նրա, ոչ դեմոկրատական պետություններ են և արդյունքում Հայաստանը բերում ու հավասարեցնում է այն ժողովուրդներին, որոնք, Արևմուտքի չափանիշներով, այսպես ասած, վտարված պետություններ են, օրինակ՝ Հյուսիսային Կորեան: Նույնը Սիրիան, այն դեպում, երբ մինչև այս իրադարձությունները Սիրիան շատ ավելի ժողովրդավարական երկիր էր, քան Թուրքիան է»,- ասաց քաղաքագետը:

Ամեն դեպքում, ըստ Լևոն Շիրինյանի, Հայաստանի համար նման օրենքը նաև շահեկան է, այն իմաստով, որ «հերթական անգամ քաղքենիների վրա, ովքեր թուրքերի հետ գործ են անում՝ սառը ջուր լցվեց, և այսուհետ նրանք կհասկանան, որ եթե գումարներ ունեն, ապա թող դրանք ներդնեն Հայաստանում, Արցախում ու Ջավախքում։

Քաղաքագետի տեղեկացմամբ, նոր օրենքը Թուրքիայում ավելի վաղ ընդունված «Լքյալ գույքի մասին» օրենքի լրացումն է, ըստ որի, անտեր մնացած սեփականությունն ազգայնացվում է:

Տեսանյութեր

Լրահոս