Վարդանիկը կվերադառնա՞ ՕԵԿ-ի «սամոկատով»

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ծավալվող իրադարձությունները ամեն օր նոր զարգացումներ են ստանում` ազարտային հետաքրքրություն առաջացնելով դրան հետևողների շրջանում: Վարդանիկից ազատվել ցանկացող ՀՀԿ-ական իշխանությունը կարծես ընդառաջում է սերիալների դեմ պայքարող մտավորականների նամակներին` սերիալային «ռազբորկաները» տեղափոխելով իրական կյանք. տվյալ սերիալի գլխավոր դերում այսօր Վարդան Ղուկասյանն ու Աշոտ Աղաբաբյանն են: Վերջինս` ամենայն հավանականությամբ, ոչ առանց վերադասների թողտվության կամ համաձայնության, ամենօրյա ռեժիմով «կրակ է լցնում» Գյումրիի քաղաքապետի շուրջ վառվող կրակին` Վարդան Ղուկասյանին դրդելով` ամեն օր նախորդից ավելի էքսցենտրիկ հայտարարություններ անել: Բայց այս` առաջին հայացքից` ծիծաղելի թվացող, ու միաժամանակ` իշխանության վերնախավի նկատմամբ տհաճություն առաջացնող գործընթացը նաև այլ, թաքնված շերտեր ունի, որոնք, որքան էլ զարմանալի հնչի, կարող են իշխանության համար վտանգավոր լինել: Իշխանությունը, թերևս, ինքն էլ զգում է այդ` թեկուզև փոքր վտանգը և ,ամենայն հավանականությամբ, ապահովագրում է իրեն: Խոսքն այն մասին է, որ Վարդան Ղուկասյանի դեմ ծավալված արշավը` անկախ նրա անձի անընդունելի լինելու հանգամանքից, կարող է հակադարձ ազդեցությունն ունենալ գյումրեցիների շրջանում: Այսինքն` գյումրեցիները, չընդունելով Վարդան Ղուկասյանին, կարող են պաշտպանել նրան` դեմ գնալով իշխանությունների կողմից պարտադրված թեկնածուին` Սամվել Բալասանյանին: Եվ եթե Վարդան Ղուկասյանն, այնուամենայնիվ, առաջադրի իր թեկնածությունը, բացառված չէ, որ իշխանությունը խնդիրներ ունենա` վերջինիս քաղաքապետ դարձնելու հարցում: Ի վերջո, դեռ թարմ է Գյումրիում ՀՀԿ պարտության օրինակը, երբ ՀՀԿ-ն բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանում էր Արման Սահակյանի թեկնածությունը, սակայն ընտրվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Սամվել Բալասանյանի պարագայում, թերևս, հնարավոր է հակառակը, այսինքն` արդեն նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը հաղթի ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող ԲՀԿ-ական Բալասանյանին: Նախագահական ընտրություններից առաջ իշխանությունը հազիվ թե գնա շատ կոշտ քայլերի` հանուն Բալասանյանին քաղաքապետ դարձնելու, և եթե չկարողացավ վերահսկել իրավիճակը, կարող է ստիպված լինել ընդունել Վարդանիկի հաղթանակը: Թերևս, հենց այս հանգամանքով է բացատրվում «Օրինաց Երկիր» կուսակցության` առաջին հայացքից զարմանալի ու աննախադեպ թվացող դիրքորոշումը: Երեկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը Aravot.am-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Եթե Վարդան Ղուկասյանն առաջադրի իր թեկնածությունը, ՕԵԿ-ի Գյումրու թիմը հերթական անգամ կպաշտպանի նրա թեկնածությունը: Սա համապետական ընտրություն չէ: ՏԻՄ ընտրություն է, և մեր տարածքային կազմակերպությունը ազատ է` քննարկել ու ինքնուրույն որոշում կայացնել»: Իհարկե, առնվազն պետք է ՕԵԿ անդամ լինել` հավատալու համար, որ այս կուսակցությունը որևէ հարցում ազատ է և կարող է ինքնուրույն որոշում կայացնել: 2008թ. հետո գործնականում հնարավոր չէ գտնել մի դեպք, երբ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի դիրքորոշումից տարբերվող, առավել ևս` հակառակ դիրքորոշում հրապարակավ արտահայտած լինի: Այնպես որ, դժվար չէ կռահել, որ առանց ՀՀԿ-ի, ավելի ճիշտ` նախագահական նստավայրի թույլտվության, ՕԵԿ-ը չէր կարող Վարդան Ղուկասյանին սատարելու մասին հրապարակային դիրքորոշում արտահայտել, առավել ևս` այս հարցի շուրջ նման լարված պայմաններում: Իսկ ՀՀԿ-ն դա կարող էր թույլ տալ` Գյումրիի ընտրություններով ինքնապահովագրվելու մղումներից ելնելով: Ենթադրենք, Վարդան Ղուկասյանն ինքնառաջադրվում ու հաղթում է այդ ընտրություններում, իշխանություններն էլ նախագահական ընտրություններից առաջ «ավանդական մեթոդների» չեն դիմում: Այդ դեպքում առաջ է գալիս այդ հաղթանակին տեր կանգնելու անհրաժեշտությունը: Իսկ ՕԵԿ-ի սատարումը դրա լավագույն տարբերակն է: Ընտրություններից հետո կարելի է հայտարարել` Վարդան Ղուկասյանին չէր սատարում ՀՀԿ-ն, բայց սատարում էր ՕԵԿ-ը, որն իշխող կոալիցիայի անդամ է: Ուստի, Վարդան Ղուկասյանը նաև ՕԵԿ-ի, այսինքն` կոալիցիայի, այսինքն` նաև ՀՀԿ-ի քաղաքապետն է: Իսկ ո՞ւմ համար պետք է աշխատի կոալիցիայի քաղաքապետը նախագահական ընտրություններում: Իհարկե` Սերժ Սարգսյանի: Առավել ևս, որ Վարդան Ղուկասյանի դեպքում ԲՀԿ-ի հետ կապ ունեցող որևէ թեկնածուի պաշտպանելը գրեթե միանշանակ կարելի է բացառել:

Տեսանյութեր

Լրահոս