Իշխանության վերարտադրության «սահմանադրական ճանապարհը»
Վերջին շրջանում, հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, քաղաքական շրջանակներում սկսել են խոսել սահմանադրական փոփոխությունների մասին: Մամուլում ժամանակ առ ժամանակ դրա վերաբերյալ տեղեկություններ են հայտնվում, որոնք կարծես չեն հերքվում: Ավելին, իշխանությունն ինքը անուղղակիորեն հաստատում է, որ առնվազն քննարկում է սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը: Վերջերս տարբեր առիթներով ՀՀԿ-ական, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է խոսում այն մասին, որ Սահմանադրությունը քարացած փաստաթուղթ չէ, պետք է ենթարկվի ժամանակի պահանջներին: Իսկ «ժամանակի պահանջները», ըստ իշխանության վերնախավում քննարկվող վարկածների, հանգում են նախագահական կառավարման համակարգը խորհրդարանական կառավարման մոդելով փոխարինելու անհրաժեշտությանը:
Այսպիսով, իշխանությունը, եթե չի էլ պատրաստվում է փոխել, ապա գոնե քննարկում է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Սահմանադրության հանրաքվեի միջոցով պետության կառավարման համակարգը փոխելու հարցը: Դա բավական հեռուն գնացող նպատակներ ունի: Բնականաբար, իշխանությունը խորհրդարանական կառավարման անցնելու մասին մտածում է ոչ թե ավելի ժողովրդավարական համակարգ ունենալու ցանկությունից ելնելով, այլ դա դիտարկում է` որպես վերարտադրության երկարաժամկետ հնարավորություն: Բնական է նաև, որ իշխանությունն այդ մասին ավելի առարկայական կարող է մտածել միայն 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, եթե նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվի պահպանել իշխանությունը: Այսինքն` սահմանադրական փոփոխությունները գործող իշխանության «մաքսիմում ծրագիրն» է, որը, թերևս, միակ միջոցն է նախագահ Սերժ Սարգսյանի համար`2018 թվականից հետո իշխանության ղեկին մնալու հարցում: Եթե Սերժ Սարգսյանը պաշտոնավարի ևս մեկ ժամկետ, ապա 2018 թվականին չի կարող առաջադրվել երրորդ անգամ: Սակայն մինչ այդ` 2017 թվականին, կայանալու են ԱԺ հերթական ընտրությունները, և խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման դեպքում վարչապետ է նշանակելու ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժը: Այսինքն` հաշվարկը հետևյալն է. 2013 թվականին նախագահական ընտրություններում իշխանությունը պահպանելու դեպքում` 2017 թվականին ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն է կազմում ԱԺ-ում և վարչապետի պաշտոնում առաջադրում է Սերժ Սարգսյանին: Բացառված չէ անգամ, որ այդ սցենարի իրագործման համար Սերժ Սարգսյանը վաղաժամկետ հրաժարական տա նախագահի պաշտոնից: Կրկնում ենք, սա իշխանության համար ընդամենը կարող է լինել գործողությունների «մաքսիմում ծրագիր», որին գուցե իրենք էլ մինչև վերջ չեն հավատում: Այդ իմաստով, առաջին հայացքից նաև անհասկանալի է թվում, թե ինչու է սահմանադրական փոփոխությունների թեման սկսել քննարկվել այսքան շուտ, երբ դեռ բազմաթիվ քաղաքական բարդագույն գործընթացներ կան առջևում: Բացատրությունը, թերևս, այն է, որ սահմանադրական փոփոխությունների թեման լայն հնարավորություններ է տալիս նախագահական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի հետ առևտրում: Խոսքը, բնականաբար, առաջին հերթին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀՀԿ-ի հարաբերությունների մասին է: Հասկանալի է, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում ԱԺ-ում թվով երկրորդ խմբակցությունը համարվող ԲՀԿ-ի համար վարչապետ ունենալու հնարավորությունը կարող է ավելի առարկայական դառնալ: Այսինքն` ԲՀԿ-ին իշխանությունը կարող է առաջարկել 2013 թվականի ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը` 2017 թվականին վարչապետ ունենալու հեռանկարի դիմաց: Բնականաբար, ԲՀԿ-ի համար դա այնքան էլ գայթակղիչ հեռանկար չէ, քանի որ վերջինս ցանկանում է օր առաջ ունենալ վարչապետի պաշտոնը: Սակայն ցանկանալը մի բան է, իրական քաղաքականությունը` բոլորովին այլ, և բացառված չէ, որ իրադարձությունների զարգացման որոշակի ընթացքի դեպքում` ԲՀԿ-ն զրկվի նաև նման հավակնություն ունենալու քաղաքական իրավունքից: Ուստի երկարաժամկետ կտրվածքով հնարավոր է, որ ԲՀԿ-ի համար խորհրդարանական կառավարման համակարգին անցումը ընդունելի դառնա: Սահմանադրական փոփոխությունների թեման կարող է ծառայել իշխանության «ժողովրդավարացման» կերպարին` թե միջազգային հանրության շրջանում, թե քաղաքական ուժերի հետ հարաբերությունների առումով: Խորհրդարանական կառավարման համակարգին անցում պահանջում են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը»: Խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսով համամասնական դարձնելու պահանջով ընդդիմությունն այս տարեսկզբին նույնիսկ ԱԺ լսումներ էր կազմակերպել: Խորհրդարանական կառավարման համակարգին անցման դեպքում կկատարվի նաև այդ պահանջը: Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների թեման իշխանության համար լավ հնարավորություն է` առաջիկա մի քանի տարիների քաղաքական օրակարգը ձևավորելու և այն ցանկալի հունով ուղղորդելու համար, և բացառված չէ, որ արդեն աշնանն այս հարցի շուրջ քննարկումներն ավելի ակտիվանան` ընդհուպ դառնալով նախագահական ընտրություններում որոշ թեկնածուների քարոզարշավի պլատֆորմի հիմնական կետերից մեկը: