Որքան ծիրան է արտահանվել և դեպի ուր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ լուրջ հաջողություններ կան ծիրանի արտադրության ոլորտում. արդեն իսկ արտահանվել է 12.3 հազ. տոննա ծիրան` նախորդ տարվա 7300 տոննայի համեմատ։
Տեղեկատվությունն ուշագրավ էր նրանով, որ խիստ տարբերվում էր ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կողմից հրապարակված ցուցանիշներից։ Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի, այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է ոչ թե 12.300, այլ 7236,7 տոննա: Ընդ որում, այդ 7236 տոննայի մեջ մտնում է ոչ միայն ծիրանի, այլև` բալի, կեռասի և մի քանի այլ մրգատեսակների արտահանումը: Ստացվում է, որ ծիրանի արտահանումը 7000 տոննայից էլ քիչ է եղել։
Այս անհամապատասխանությունը ճշտելու համար դիմեցինք Գյուղատնտեսության նախարարություն։ ԳՆ Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը 168.am-ին պարզաբանեց, որ անհամապատասխանություն չկա։ Պարզապես մաքսային ծառայությունը հրապարակել է արտահանման ցուցանիշները հուլիսի 1-ի դրությամբ, իսկ գյուղնախարարը` ավելի թարմ տվյալներ` հուլիսի 26-ի դրությամբ։ Գ. Ղազարյանը նաև նշեց, որ հուլիսի 26-ի դրությամբ մրգերի արտահանման ընդհանուր ծավալը եղել է ավելի քան 15.5 հազար տոննա։
Ստացվում է, որ ընդամենը 26 օրվա ընթացքում արտահանվել է ահռելի մեծ քանակությամբ միրգ և մասնավորապես` ծիրան։ Գ. Ղազարյանը դա նորմալ է համարում, քանի որ բերքի ծավալն այս տարի աննախադեպ շատ է եղել։
Ավելացնենք, որ ըստ Մաքսային ծառայության տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում արտահանված 7236.7 տոննա մրգեղենի մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` 6584 տոննա։ Հաջորդ տեղերում են Վրաստանը` 330.8տ, Ուկրաինան` 298տ, Նիդեռլանդները` 150տ, և Արաբական Միացյալ Էմիրությունները` 100տ։