Բաժիններ՝

«Հանցագործություն կատարածների 70 տոկոսը մեթադները վերցրել են հեռուստատեսությունից»

Հարցազրույց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության անդամ Վահրամ Միրաքյանի հետ – Ձեր կարծիքով` հեռուստացույցն անհրաժե՞շտ է մարդկանց:

– Հեռուստացույցի պարունակությունն է այն անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ դարձնում: Եթե նայենք մեր տեղական հեռուստատեսության բովանդակությանը, ինձ թվում է` պետք չէ: Երեւի լրատվական գործառույթները կարելի է նորմալ համարել, մի քանի բացառությունից այն կողմ` պետք չէ: Մեր հեռուստաընկերությունները զվարճանքի գործառույթ են իրականացնում, իսկ զվարճանքն էլ քայքայիչ է, հակամշակութային ու հակասոցիալական: Առաջին հայացքից թվում է` զվարճանքը քարոզչություն չէ, հումոր է, բայց հումորը քարոզչության ամենալավ միջոցն է: Այն հիմքեր է ստեղծում ինքնության ձեւավորման համար: Այդ առումով շատ լուրջ պետք է վերաբերվել դրան: Իսկ շոու-բիզնեսային զվարճանքը քայքայիչ ու կործանիչ է հասարակության համար`՝ արժեքների տեսանկյունից: Զվարճանքն ազդում է բնազդների վրա, իսկ դրանով շատ հեշտ է կախվածության մեջ գցել:

– Իսկ ինչո՞ւ հեռուստասերիալները թիրախ դարձան:

– Հոգեւորականներից մինչեւ մտավորականներ` անընդհատ բողոքում էին: Իսկ հեռուստաընկերություններն իրենց թեզերն ունեն, թե` ինչ հասարակությունը պահանջում է, այն էլ տալիս ենք, անվտանգ է, ամեն ինչ գալիս է մարդուց… Այսինքն` հանցագործը ծնվում է հանցագործ, մենք որեւէ դեր չունենք: Փորձեցի հասկանալ` թեմայի վերաբերյալ ի՞նչ կա գիտական ոլորտում: Ուսումնասիրեցի արտասահմանյան փորձը եւ պարզեցի, որ այնտեղ բոլոր թեմաները վաղուց ուսումնասիրվել են: Տեղայնացնելով` շատ հետաքրքիր բաներ պարզեցի նաեւ մեզ մոտ: Սկզբում սերիալներն ուսումնասիրելու խնդիր չունեի: Փորձեցի պարզել, թե որն է ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաարտադրանքը: Հեռուստաընկերությունների վարկանիշները չափող «Տելեմեդիակոնտրոլ» կազմակերպությունից իմացա, որ առաջին երեք տեղերում հեռուստասերիալներն են: Մեկ ամսվա ընթացքում որակական հետազոտություն իրականացրի, դիտեցի բոլոր սերիալները, առանձնացրի դրվագները` մի քանի բաժանումներով, օրինակ՝ ագրեսիա արական-իգական, արական-արական սեռերի միջեւ, վերբալ, ֆիզիկական ագրեսիա, դրական զգացմունքային ազդեցություն, եւ այլն: Վերջում շատ հետաքրքիր գրաֆիկ ստացա: Ինչպես կարելի էր կանխատեսել, առանձին հեռուստաընկերությունների արտադրանքի մեծ մասն ագրեսիա էր պարունակում: Միջազգային գիտական կառույցների կողմից ուսումնասիրվել եւ ընդունվել է, որ եթերում ագրեսիայի այդպիսի առատությունը նպաստում է, որպեսզի անձը սովորի ագրեսիայի նոր մեթոդներ: Ցուցադրվող ագրեսիան ստիպում է վերանայել նախկինում կիրառվող ինքնասահմանափակումները: Անձը մտածում է` եթե իրենց կարելի է, ինձ ինչո՞ւ չի կարելի: Մշտապես ագրեսիվ տեսարաններ տեսնելը զգայական բթացում է առաջացնում, փոխում է իրականության ընկալման անհատական զգայունակությունը: Իրականությունն արդեն ագրեսիվ է ընկալվում. եթե փողոցում պատահական ոտքը տրորում են, արդեն ընկալվում է` որպես ագեսիայի դրսեւորում: Նման փորձեր արվել են: Մեր միջավայրում լարվածություն կա, ընկալումն ագրեսիվ է, ինչը շատ խնդիրների պատճառ է, օրինակ` արտագաղթի: Ապահովված մարդիկ թողնում-գնում են` ասելով, որ ապրելու համար այստեղ հաճելի չէ, հարմար չէ: Հայկական արտադրության սերիալների երկարաժամկետ ազդեցությունն այն է, որ փոխվում է սոցիալական շփման մշակույթը: Այն հիմնվում է ագրեսիայի վրա: Նորմալ է ընկալվում, երբ միջանձնային շփումներն ագրեսիվ բառապաշարով ու ժեստերով են: Դա արդեն կոնֆլիկտի առաջացման, նյարդային լարվածության եւ դրանից ելնող շատ այլ խնդիրների աղբյուր է:

– Մինչ այդ կային նաեւ արտասահմանյան մարտաֆիլմերը: Դրանք չէի՞ն ազդում:

– Հայկական սերիալներն այժմ բավականին մեծ ժամաքանակ են կազմում: Իհարկե, Խորհրդային Միության փլուզումից հետո հայտնվեցին մարտաֆիլմերը, որոնք իրենց դերն ունեցան, բայց հետո ավելի վատացավ վիճակը, երբ հայտնվեցին հայկական արտադրության ագրեսիվ ֆիլմերը: Ագրեսիայի կրկնօրինակումը մի քանի անգամ ավելի արդյունավետ է լինում, եթե լսարանն իրեն նույնականացնում է ներկայացվող օբյեկտի հետ: Երբ դերասաններն ամերիկացի, ֆրանսիացի կամ գերմանացի են, մեր լսարանն իրեն չի նույնականացնում նրանց հետ, եւ ավելի քիչ են կրկնօրինակման արժանանում, քան մեր դերասանները, ովքեր հայկական սոցիալական միջավայրից են, խոսում են հայերեն, հագնվում են` ինչպես մենք բոլորս:

– Իսկ դրսում ինչպե՞ս են լուծում խնդիրը:

– Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հեռուստաարտադրանքի համար կա որոշակի չափաբաժին, եւ հեռարձակվում է որոշակի ժամերի: Ովքեր ուզում են դիտել, կարող են վճարել ու դիտել վճարովի ալիքներով: Բայց հասարակությանը հասանելի ալիքներում նման բան չկա: Հաստատ երեխան պատահաբար չի նայի: Երեխան ամենախոցելի խումբն է, որ դեռ չի ձեւավորվել, եւ նրանց համար շատ վտանգավոր է, որովհետեւ ավելի շուտ են ենթարկվում ազդեցությանը:

– Իսկ ո՞րն է ագրեսիայի ազդեցության ցուցիչը:

– Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համադրմամբ տեսնում ենք, որ հայկական արտադրության սերիալների հեռարձակման հետ հանցագործությունների թիվն ավելացել է` սկսած բռնաբարություններից մինչեւ սպանություններ: Ես չեմ հավակնի եզրակացնել, որ դա անմիջապես սերիալների ազդեցությամբ է եղել, հնարավոր են նաեւ տնտեսական եւ այլ խնդիրներ: Միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ հանցագործություն կատարածների 70 տոկոսը մեթոդները վերցրել են հեռուստատեսությունից: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հեռուստատեսության ագրեսիան իրական ազդեցություն է ունենում հանցագործությունների վրա: Օրինակ` ԱՄՆ-ի այն շրջանում, որտեղ տարածվում էր «Փլեյբոյ» ամսագիրը, ավելանում էր բռնաբարությունների թիվը: Այսինքն` կապ կա այդ ամենի մեջ:

– Բայց չէ՞ որ սերիալներն արտադրվում են կոմերցիոն նպատակներով:

– Ամբողջ խնդիրն այն է, որ մենք համապատասխան օրենսդրական դաշտ, վարչական օրենսգրքում դրույթներ չունենք: Կոմերցիոն հեռուստաալիքների ախորժակը զսպելու համար` այլ երկրներում որոշակի լծակներ են կիրառվում: Օրինակ` Շվեդիայում ամբողջ երկրի տարածքով հեռարձակվող 4 հեռուստաընկերություն կա: Նրանցից 3-ը հանրային են, իսկ կոմերցիոնը, որտեղ գովազդ թույլատրվում է, բովանդակության առումով ենթարկվում է նույն օրենքներին, ինչ հանրայինը: Հանրային հեռուստաընկերությունները ստեղծվել են կոմերցիոն ալիքների կործանիչ ազդեցությունը զսպելու համար: Այդ իմաստով` մեր հանրային հեռուստաընկերությունն անհեթեթություն է, շարքային կոմերցիոն հեռուստաընկերությունը` ուղղակի լրացուցիչ առավելությամբ, որովհետեւ պետական ֆինանսավորում ունի: Հանրային հեռուստաընկերությունում կոմերցիա՞. ամբողջ աշխարհում չկա նման բան: Պայքարի ուղղություններից մեկն էլ այն է, որ հանրային հեռուստաընկերություններ ստեղծվեն, որոնք այլընտրանք կլինեն կոմերցիոն ալիքներին: Այսօրվա հայկական հեռուստատեսությունը մտավորականի համար հաղորդում չունի: Միայն անգրագետ զանգվածների համար չե՞ն աշխատելու: Հետո՞ ինչ, որ նրանք շատ են երկրում:

– Հեռուստաալիքների թվայնացման հետ հույսեր կապո՞ւմ եք:

– Թվայնացման արդյունքում նույն աղբն ընդամենը մի քանի անգամ կավելանա: Հույսն այն է, որ հնարավոր լինի մասնագիտական դաշտ ապահովել: Այժմյան մասնագետները սրանից ավելի չեն կարող տալ. իրենց մտավոր, ինտելեկտուալ, բարոյական կարողություններն այդքան են: Նրանք ուղղակի պետք է փոխվեն: Դրա համար Արցախի մասին ֆիլմն էլ է սերիալ դառնում: Սերիալներին դեմ չեմ: Դեմ եմ բովանդակությանը, ուղերձներին, որ փոխանցում են:

– Հեռուստացույցն ինչո՞վ կփոխարինեք:

– Արդեն փոխարինել եմ, գրքերով:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ
Հ.Գ. Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնող խմբի, մի քանի տասնյակ կազմակերպությունների եւ մտավորականների` իրեն ուղղված բաց նամակին: ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ tert.am-ին ասել է, թե Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդին առաջարկել է քննարկումներ սկսել Հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ: «Ոլորտի բարեփոխումների առաջարկներ ձեւավորելու եւ այդ գործընթացին հնարավորին լայն մասնակցություն ապահովելու նպատակով Հանրային խորհուրդն առաջիկայում մի շարք հանդիպումներ կկազմակերպի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ մտավորականների մասնակցությամբ»,- ասել է Ա. Արզումանյանը:

Տպելու համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս