Մարդու կյանքը մարդու ոտքերի տակ է, ու մարդը պատրաստ է տրորելով անցնել
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 1 հասցեում մենք ականատես եղանք արտակարգ մի դեպքի, որի հասարակական արձագանքը թերեւս չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ:
30-ն անց մի երիտասարդ երկար ժամանակ անգիտակից վիճակում (համենայնդեպս, տպավորությունն այդպիսին էր) ընկած էր մայթեզրին: Գ. Նժդեհ 1 հասցեն Շենգավիթ վարչական շրջանի ամենաբանուկ հատվածն է, որտեղ թե՛ երթեւեկությունը, թե՛ անցորդների հոսքը շատ ակտիվ է: Նկարում պատկերված երիտասարդի մարմինը կիսով չափ փողոցում էր, եւ տեսնել էր պետք, թե ինչպես են վայրկյանը մեկ երթեւեկող մեքենաներն ու երթուղային տաքսիները նրան շրջանցելով անտարբեր շարունակում երթեւեկությունը: Նույն անտարբերությամբ նայելով գետնին ընկած երիտասարդին` անցնում էր նաեւ հետիոտնը, ընդ որում` օգնություն ցույց տալու զրո պատրաստակամությամբ: Երիտասարդը կարող էր նման վիճակում երկար մնալ, եթե մի ծերունի չմոտենար ու չփորձեր նրան ուշքի բերել: Երիտասարդը թեեւ շնչում էր, այդուհանդերձ, ոչ մի կերպ չէր արձագանքում ապտակներին: Բնականաբար, ոչ ոք չգիտեր, թե ինչ է պատահել գետնին ընկած երիտասարդին: Ոմանք սկսեցին ենթադրել, թե հարբեցող է ու մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո չի կարողանում ուշքի գալ: Ծերունին անմիջապես զանգահարեց շտապօգնության ծառայություն, որտեղից ուղիղ մի քանի րոպե փորձում էին հասկանալ, թե ո՞վ է հիվանդը, ինչպե՞ս է նրա անուն-ազգանունը, ո՞վ է զանգահարողը, ի՞նչ կապ ունի գետնին ընկած երիտասարդի հետ, եւ այլն: Մենք նաեւ ականատես եղանք, թե ինչպես է ոստիկանի համազգեստով իրավապահ մարմնի ներկայացուցիչը գետնին ընկած երիտասարդի կողքով անտարբեր անցնում` նույնիսկ չփորձելով ահազանգել Ոստիկանություն (կարող էր, չէ՞, սպանված կամ ինքնասպանության փորձ կատարած անձ լինել): Ոստիկանից հետաքրքրվեցինք, թե շարքային քաղաքացու կամ հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանն արդյոք իրավունք ունի՞ փողոցում ընկած երիտասարդի կողքով անցնել ու որեւէ գործողություն չձեռնարկել: Վերջինս ասաց, թե զանգահարել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի ստորաբաժանում, որն, ի դեպ, դեպքի վայրից երկու կանգառ այն կողմ էր գտնվում, եւ նրանց ժամանումը կարող էր տեւել ընդամենը 3 րոպե: Շտապօգնության բրիգադը ժամանեց մի քանի ահազանգերից հետո, 15 րոպե անց, այն էլ` երեք մեքենաներով: Իսկ թե ինչո՞ւ էր շտապ օգնության ծառայությունը երեք մեքենա ուղարկել դեպքի վայր` այդպես էլ անհասկանալի մնաց, քանի որ առաջին բրիգադը նրան անգիտակից վիճակում տեղափոխեց հիվանդանոց:
Ինչեւէ, բժիշկներից տեղեկացանք, որ երիտասարդին տեղափոխելու են «Արմենիա» բժշկական կենտրոն: Իսկ երբ ամեն ինչ արդեն ավարտված էր, դեպքի վայր ժամանեցին քաղաքացիական հագուստով երկու անձինք եւ ներկայացան` որպես Ոստիկանության աշխատակիցներ: Սկսեցին հարցուփորձ անել, թե ինչ է կատարվել: Մենք նրանց հարցրինք, թե հարակից տարածքում գտնվող Ոստիկանության աշխատակիցներն ինչո՞ւ են դեպքի վայր ժամանում ահազանգից կես ժամ անց, այն դեպքում, երբ նույն համակարգի աշխատակիցն անհոգ քայլում էր երիտասարդի մարմնի կողքով: «Դե, մենք հենց իմացանք` եկանք»,- ասացին նրանք` ու սկսեցին կրկին մեզ «հարցաքննել»: «Ինչո՞ւ են ոստիկանները, արագ արձագանքման ծառայություններն ամենաուշն արձագանքում նման դեպքերին»` հարցրինք նրանց: «Իսկ Դուք որտեղի՞ց եք, որ էսքան շուտ արձագանքել եք»,- ի պատասխան` հետաքրքրվեցին նրանք:
Երեկ մենք զանգահարեցինք «Արմենիա» բժշկական կենտրոն` հետաքրքրվելու, թե ո՞ղջ է արդյոք երիտասարդը, կամ պարզե՞լ են նրա ինքնությունը: Ընդունարանից մեզ հորդորեցին զանգահարել Սուր թունավորումների բաժանմունք: Սակայն այնտեղից էլ որեւէ կոնկրետ պատասխան չստացանք: Մեր զանգին պատասխանող բժիշկն ասաց. «Ես նոր եմ եկել աշխատանքի եւ չեմ կարող հավաստի տվյալ տրամադրել: Հունիսի 26-ին մեկին բերել են, բայց հաստատ չեմ կարող ասել, որ Ձեր նշած դեպքն է, որովհետեւ չգիտեմ, թե որտեղից են տեղափոխել: Իմ նշած դեպքը ալկոհոլի ազդեցության տակ եղած մարդ է եղել, որն առավոտյան ուշքի գալով` հրաժարվել է բուժօգնությունից ու իր ոտքով գնացել է: Մենք անգամ չենք կարողացել նրա անձը հաստատող տվյալները պարզել»: Երիտասարդի արտաքին տվյալները նկարագրելով` փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք նույն մարդու մասին ենք խոսում, սակայն, ի պատասխան` բժիշկն ասաց, որ չի կարող ասել, չի տեսել հիվանդին:
Մենք այդպես էլ չկարողացանք պարզել, թե այս երիտասարդն ո՞ւր է եւ ի՞նչ էր պատահել նրա հետ: Սակայն այս միջադեպի ամենասարսափելի երեւույթն այն է, թե ինչպես է մեր երկրում ապրող շարքային մարդն անտարբեր անցնում գետնին ընկած մեկ այլ մարդու կողքով: Թերեւս, ամենասարսափելի բանն է` մարդկանց աչքերում տեսնել այն սառնությունն ու անզգամությունը, երբ 30-ն անց մի երիտասարդ ամեն վայրկյան կարող է փչել իր վերջին շունչը:
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Արմեն ԱՎԱԳՅԱՆԻ