ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ զեկույցը՝ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ
Եվրոպայում անվտանգության և համագործակցույան կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) Ընտրությունների դիտորդական առաքելությունը իր վերջնական զեկույցն է հրապարակել Հայատանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Ընտրությունների համար, որոնք անցկացվեցին բարեփոխված իրավական շրջանակներով բնութագրական էին մրցունակ, աշխույժ և հիմնականում խաղաղ քարոզարշավը, որը սակայն, նշանավորվեց գործընթացում ներգրավվածության հանդեպ վստահության ցածր մակարդակով: Մասնակիցների կողմից քարոզարշավի անցկացման որոշ խախտումներ, այդ թվում՝ վարչական ռեսուրսների կիրառումն ու ընտրողների ընտրական ազատությունը սահմանափակելու փորձերը, անհավասար մրցակցության դաշտ ստեղծեցին և ԵԱՀԿ-ի սկզբունքներին հակառակ ընթացան: Ընտրությունները ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ և թափանցիկ էին կազմակերպված՝ քվեարկության օրվան նախորդած շրջանում: Ընտրությունների օրը հիմնականում հանդարտ էր ու խաղաղ, չնայած արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին ոչ պատեհ միջամտություն՝ հիմնականում՝ կուսակցական ներկայացուցիչների կողմից»:
Հաջորդիվ արձանագրվում է. «Վարչական ռեսուրսների չարաշահման, հատկապես՝ քարոզարշավի և պաշտոնական պարտականությունները խառնելու կտրվածքով՝ կրթության ոլորտի աշխատակիցների կողմից և այն դեպքերում, երբ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) քարոզարշավային միջոցառումներում ակտիվորեն ներգրավել է ուսուցիչների և աշակերտների: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և ՀՀԿ-ի մի թեկնածու խախտել են Ընտրական օրենսքրի այն դրույթը, որն արգելում է թեկնածուներին և նրանց կից բարեգործական կազմակերպություններին ընտրողներին ապրանքներ և ծառայություններ տրամադրել կամ խոստանալ», – արձանագրվում է զեկույցում և նշվում. ««Մուլտիգրուպը»՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը, 500 տրակտոր է տրամադրել քարոզարշավի շրանում»:
Լրատվամիջոցները ընդհանուր առմամբ կատարեցին անվճար և վճարովի եթեր տրամադրելու իրենց պարտականությունը և ոչ խտրական պայմաններ ապահովելու ու թեկնածուներին անկողմնակալ լրատվություն ապահովելու իրենց պարտավորությունը քարոզարշավի պաշտոնական շրջանում: Այնուամենայնիվ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնավոր ԶԼՄ-ներում արձանագրել է կանխակալության դեպքեր՝ որոշակի կուսակցությունների նկատմամբ, որոնք հակասում են անկողմնակալ լրատվություն ապահովելու Ընտրական օրենսգրքով սահմանված սկզբունքին:
Մասնավորապես նշվում է, որ Հ1 հանրային հեռուստաընկերությունը իր լրատվության 20 տոկոսը նվիրել է ՀՀԿ-ին, 19-ը՝ ՀԱԿ-ին, 12-ական տոկոս՝ ՀՅԴ-ին, Ժառանգությանը և ՕԵԿ-ին, և 8 տոկոս՝ ԲՀԿ-ին: Լրատվության ոճը հիմնականում չեզոք է եղել, չնայած դրական տոն է արձանագրվել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հանդեպ: Հանրային Ռադիոն իր լրատվությունը հիմնականում հավասար է բաշխել հիմնական կուսակցությունների միջև: Չնայած օրենքը սահմանում է, որ պետական թերթերը պետք է անաչառ լինեն, «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթն իր ծավալի 24 տոկոսը հատկացրել է ՀՀԿ-ին՝ հիմնականում չեզոք կամ դրական տոնով, 12 տոկոսը՝ պետպաշտոնյաներին և 5 տոկոսը նախագահին՝ պաշտոնական դիրքի կտրվածքով:
2 մասնավոր հեռարձակողների լրատվությունը որոշ կողմանակալություն դրսևորեց. Կենտրոն ՀՏ-ն մեծապես սատարում էր ԲՀԿ-ին՝ 48 տոկոսի հիմնականում դրական լրատվությամբ, Երկիր Մեդիան լրատվոթյան 27 տոկոսը նվիրեց ՀՅԴ-ին և 16 տոկոսը ԲՀԿ-ին՝ երկու դեպքում էլ՝ հիմնականում դրական: Հ2-ը, Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններն ավելի հավասարակշռված էին, նույնիսկ չնայած այն բանին, որ նրանց դեպքում ավելի դրական տոն է նկատվել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի հանդեպ: Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայանը առավել բացասական տոնով են հանդես եկել ՀՀԿ-ի հանդեպ:
2012-ի խորհրդարանական ընտրություններն առաջին ազգային ընտրություններին էին, որ անցկացվեցին նոր Ընտրական օրենսգրքով, որն ընդունվել էր 2011-ի մայիսին: Ընտրական օրենսգիրքը հիմնականում ամուր հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրությունների համար. մի շարք բարեփոխումներ է առաջարկում, որոնցից որոշները հիմնված են ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի Խորհրդարանի Ժողովրդավարության հանձնաժողովի նախորդ հանձնարարականների վրա: Սակայն մնում են մի շարք իրական թերություններ: Դրա կիրառումը թերացավ՝ քարոզարշավի համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու և ընտրողներին անհարկի ազդեցություններից պաշտպանելու առումով:
Առաջին անգամ, արտասահմանում բնակվող և գրանցում չունեցող քաղաքացիները, որոնք ընտրությունների օրը Հայաստանում էին, կարող էին մասնակցել համամասնական ընտրակարգով առաջադրվածների ընտրությանը:
«Ինչ վերաբերում է թեկնածուների գրանցման գործընթացին, ապա դա ընդգրկուն էր և ընտրողներին լայն հնարավորություն էր ընձեռում», – ասված է զեկույցում:
Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա դա «խաղաղ էր, չնայած հրահրող ելույթների որոշ օրինակների և 4 դաժան միջադեպերի՝ տարբեր կուսակցությունների աջակիցների միջև»: Նշվում է ՀԱԿ-ի թեկնածուի կողմից նախագահ Սարգսյանին «ֆաշիստական ռեժիմի ֆյուրեր» անվանելը և ձևակերպումները ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որը իշխանություններին «քրեական վարչակարգ» է անվանել՝ «ավելի վատ, քան կոմունիստները», քանի որ «բանակ է օգտագործել իր սեփական քաղաքացիներին սպանելու համար»: «Դաժան միջադեպքերի թվում են կռիվները Երևանում ապրիլի 15-ին և 16-ին, երբ ՀՀԿ-ի աջակիցները հարձակվեցին ՀԱԿ-ի թեկնածուների և նախընտրական նյութեր բաժանող ակտիվիստների վրա, որոնք ըստ ՀՀԿ-ի աջակիցների վիրավորական էին». արձանագրում են դիտորդները:
Ընտրությունների բացման ընթացակարգերը դրական են գնահատվել ուսումնասիրված բոլոր 105 ընտրատեղամասերում՝ 3-ից բացի, չնայած որոշ ընթացակարգային խնդիրներ են արձանագրվել: Մասնավորապես՝ դիտորդները զեկուցել են, որ 16 ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանի կնիքը, որտեղ ընտրական նյութերն էին պահվում, անվնաս չի եղել, իսկ 3 տեղամասերում շարժական քվեատութը ինչպես հարկն է կնքված չի եղել:
Միջազգային դիտորդները արձանագրել են, որ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողները նկարահանումներ են արել ընտրատեղամասերում: Որոշ լրագրողներ ասել են դիտորդներին, որ այդպես են վարվում՝ ի շահ ԲՀԿ-ի, որը 2 000 տեսախցիկ էր գնել ընտրության գործընթացները նկարահանելու համար:
«Դիտված ընտրատեղամասերի 15 տոկոսում կազմակերպչական թերացումները կամ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց կամ դիտորդների վիճաբանությունները բացասաբար են ազդել ընտրական գործընթացի վրա: Միջազգային դիտորդները 203 ընտրատեղամասերի ներսում (16%) մարդկանց կուտակումներ են արձանագրել, ընտրողների մեծաթիվ խմբեր քվեարկելու համար սպասել են 197 տեղամասերի (15%) մոտ և լարվածություն կամ հուզումներ են եղել 49 տեղամասերում (4%): Իսկ 696 տեղամաս (55%) հարմարեցված չի եղել սահմանափակ հնարավորություններով մարդկանց ընդունելու համար»:
Միջազգային դիտորդները զեկուցել են 134 դեպքի մասին (դիտումների 11 %), երբ ոչ լիազորված անձինք` հիմնականում վստահված անձինք, միջամտել կամ ուղղորդել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը: Նրանք արձանագրել են նաև 46 դեպք (4 %), երբ մարդիկ փորձել են ազդել քվեարկողների վրա, ինչպես նաև ընտրողների վրա ճնշման կամ սպառնալիքի 28 դեպք (2%):
«Մի շարք լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ խմբով քվեարկելու 145 դեպքի (11%), ներկայացուցչի միջոցով քվեարկելու 58 (4%), բազմակի քվեարկության 24 (2%) և քվեաթերթիկների վրա առերևույթ նույնական ստորագրությունների 30 դեպք (2%): Ուսումնասիրված 84 տեղամասերում (7%) քվեատուփերը ինչպես հարկն է կնքված չեն եղել: Քվեարկության գաղտնիությունը ոչ միշտ է երաշխավորված եղել, քանի որ ոչ բոլոր ընտրողներն են առանձին նշումներ արել իրենց քվեաթերթիկների վրա (12 %) կամ դրանք ծրարները դրել՝ տարածքից դուրս գալուց առաջ (13%): Դիտարկված ձայների հաշվումները հիմնականում ընթացակարգին համապատասխան են անցկացվել: Սակայն 125 ընտրատեղամասերից 24-ում քվեների հաշվումը բացասական է գնահատվել»,- նշված է զեկույցում:
Ամփոփիչ զեկույցն ավարտվում է հանձնարարականներով: