Բաժիններ՝

Նամակ Սերժ Սարգսյանին` ընդդեմ հեռուստասերիալների

 

Ժամանակ առ ժամանակ որոշ հասարակական կազմակերպություններ որոշում են հանդես գալ հեռուստաեթերի որակի մասին ահազանգող հայտարարություններով, որտեղ, բնականաբար, քննադատում են հեռուստաընկերություններին` նրանց մատուցած հաղորդումներն ու սերիալները: Սակայն կարճ ժամանակ հետո նրանք մոռանում են դրա մասին, ու որոշ ժամանակ հետո` դարձյալ հիշում հեռուստաեթերի անորակ լինելու մասին ու նորից հայտարարություն են տարածում: Երեկ նրանք հերթական հայտարարությունն են տարածել:

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկիզբ առած՝ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնությունը եւ Վահրամ Միրաքյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին՝ նրա ուշադրությունը հրավիրելու հեռուստաեթերի որակի վրա: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետեւելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական եւ պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով եւ, այսպես ասած՝ «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները: … Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը եւ վերջնական քայքայմանն իր բոլոր` սոցիալ-մշակութային, քաղաքական եւ տնտեսական հետեւանքներով»: Նամակում մի քանի կետով նշվում է նաեւ իրավիճակից դուրս գալու ելքերի մասին (վարչական օրենսգրքում իրավախախտումների համար պատժամիջոցներ սահմանելով, գիտահետազոտական կենտրոնի ստեղծմամբ, որը կհետեւի եթերի որակին, եւ ՀՌԱՀ-ի համապատասխան վերահսկողությամբ): Նախաձեռնության միացել են 4 տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ ու երիտասարդական կառույցներ, մոտավորապես նույնքան էլ մշակույթի եւ գիտության գործիչներ: Նախաձեռնությանը հեղինակ Վահրամ Միրաքյանն ասում է, որ արդեն մի քանի տարի աշխատում են այդ ուղղությամբ՝ դասախոսությունների, հետազոտությունների, ասուլիսների, գրքերի ու հոդվածների տպագրման միջոցով, եւ շարունակելու են տարբեր միջոցներ ձեռնարկել, մինչեւ արդյունքի կհասնեն։ «Կան գիտական հետազոտություններ, որոնք ստիպում են հավատալ եւ հասկանալ, որ մեր հեռուստաընկերությունների քաղաքականությունը տեղեկատվական, հոգեբանական տեսանկյունից շատ ավելի մեծ վնաս է հասցնում, քան ադրբեջանա-թուրքական քարոզչությունը միասին վերցրած»,- մեզ հետ զրույցում նշեց Վ.Միրաքյանը: Հարցին, թե արդյո՞ք վերջին իրադարձություններն են պատճառը, որ նամակը հրապարակվել է հիմա, Վ.Միրաքյանը պատասխանեց, «Օլիգարխի թիկնապահների կողմից բանակի սպաներին ծեծելը հերթական իրադարձությունն էր, բայց դա էլ որոշ առումով կապ ունի մեր նախաձեռնության հետ, որովհետեւ այդ նույն թիկնապահները մեր հեռուստատեսության դրական հերոսներն են: Այսօր զարմանում ու վրդովվում ենք, թե ինչու այդպես եղավ: Իրականում քաղում ենք այն պտուղները, որ ցանել ենք: Ամեն տարի, օր, ժամ այդպիսի դրական հերոսների՝ մարդասպան, կիսահանցագործ տարրերի կերպարներ ենք ստեղծում: Պարզ է, որ նրանք վերջում պետք է զարգանան, բազմանան»:

Իսկ «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նամակը դեռեւս գարնանն էին ուզում հրապարակել, բայց մտավախություն ունեին, որ նախընտրական թոհուբոհի մեջ այն պատշաճ ուշադրության չի արժանանա: «Հեռուստատեսության ու լրատվամիջոցների կողմից բարձր ճաշակ ձեւավորելն ու թելադրելը չի կարող լինել ախմախ սերիալներով ու տարաբնույթ հումորային հաղորդումներով: Դեմ չենք հումորային հաղորդումներին, բայց ազգային արժեքները չեն կարող հումորի առարկա դառնալ: Դրանով մենք արժեզրկում ենք մեր մեծերին, ինչի հետեւանքով կարող ենք ունենալ ավելի գլոբալ խնդիրներ: Մեր «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում չունենք կետ մեր պետական, ազգային խորհրդանշանների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Դա բացն է, որը պետք է լրացնենք»,- ասաց Պ.Սարգսյանը:

Նախաձեռնությանը միացած՝ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե դեմ չի սերիալներին, եթե դրանք որակյալ ու ուսանելի լինեն: Հանրային հեռուստատեսության «Գեներալի աղջիկը», «Որբերը», «Աննա» հեռուստասերիալների սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը դեռեւս չէր հասցրել ծանոթանալ նամակին, բայց նշեց, որ իր հեղինակած սցենարներում «քրեական եւ պոտենցիալ քրեածին» հերոսներ չկան:

Հ/կ-ների տարածած այս նամակին անդրադարձել է նաեւ Երեւանի մամուլի ակումբը՝ նշելով, որ ոլորտի կարգավորման համար ամենակարեւորը ՀՌԱՀ-ի՝ իսկապես անկախ լինելը կարող է լինել, քանի որ հանձնաժողովն իրականում կատարում է իր գործառույթները, սակայն հարց է, թե որքանով են դրանք ծառայում հասարակության շահերին:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս