Արդյո՞ք մեր երկրում կրթական ոլորտի մակարդակն այնքան ցածր է, որ մեր ուսումնական հաստատություններում սովորողները դիմում են գրագողության, «copy-paste-ի», գումարի դիմաց այլ մարդու կողմից գրված աշխատանք գնելու քայլին: Մեր այս հարցին ի պատասխան, «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի» (ԱՐՄԱԿԱԴ) նախագահ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գեւորգյանն ասաց. «Մեր բուհերը, գիտելիքի առումով, այդքան բարձր չեմ գնահատի, որքան երեխայի կամ ուսանողի պրպտելու կարողությունը: Բազմաթիվ ուսանողներ գիտեմ, ովքեր գումարով դիսերտացիաներ, կուրսայիններ են գրում: Հատկապես Անգլիայում է առավել շատ տարածված եւ ընդունված այդ երեւույթը: Այս գործողությունները բոլոր տեղերում են ընդունված: Իսկ մեզ մոտ դա մասսայական բնույթ է կրում եւ նույնիսկ գովազդվում է համալսարանների պատերին, կայքերում եւ այլն»: Խ. Գեւորգյանի խոսքով` ինքն անձամբ նման խնդրի իր աշխատանքային պրակտիկայում չի հանդիպել: Պատճառն, ըստ նրա` իր դասավանդած առարկայի սպեցիֆիկ լինելն է. միջնադարյան Իրանի գրականության շուրջ որեւէ նյութ գրելիս հարկավոր է ուսումնասիրել որոշակի գրականություն, ինչը, նրա հավաստմամբ` համացանցում գտնել դեռեւս անհնար է:Փորձեցինք լրագրողական փոքր հետաքննություն անցկացնել: Զանգահարեցինք նման գործունեություն իրականացնող kursayin.am կայքէջի գրասենյակ, եւ որպես լրագրող հետաքրքրվեցինք, թե ինչ արժե իրենց ծառայությունը: Նրանք հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել` ասելով. «Նման ինֆորմացիա չենք կարող տրամադրել»: Քիչ անց զանգահարեցինք եւ ներկայացանք որպես հաճախորդ եւ դարձյալ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարժենա, օրինակ, ուսանողի ավարտական աշխատանքը, եւ ստացանք մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Նախ այնտեղից հետաքրքրվեցին, թե որ բուհի համար է գրվելու այդ աշխատանքը: Պատասխանեցինք, որ այն ներկայացվելու է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան: Ի պատասխան` մեզ ասացին հետեւյալը. «Օտար լեզվով ավարտական աշխատանքի դեպքում 1 էջը կարժենա 1300 դրամ»: Նաեւ տեղեկացրեցին, որ այդ սակագինը կգործի այն դեպքում, եթե 10 տարվա արխիվային պաշարում նշված թեման չգտնվի, իսկ եթե պարզվի, որ այն արխիվում կա, ապա 1 էջը կարժենա ոչ թե 1300 դրամ, այլ` 300-600:Հարցին` արդյո՞ք իրենցից գնած իմ այդ անհատական աշխատանքին միայն ես կտիրապետեմ, եւ արդյո՞ք այնտեղ զետեղված ինֆորմացիան հավաստի եւ մեկնաբանված կլինի, բարեհամբույր զրուցակիցս պատասխանեց, որ հնարավոր է` նույն աշխատանքը վաճառվի նաեւ այլ բուհերի ուսանողներին: Նաեւ պնդեց, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա ինձ վրա, եւ դասախոսների կողմից որեւէ բողոք չի լինի տվյալ աշխատանքի համար: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքում տեղ գտած տեղեկատվության հավաստիությանը, ապա մեր զրուցակիցն ասաց, որ կասկածներ ունենալու դեպքում կարող եմ 5 կամ 6 էջ նախապես պատվիրել, ապա այն հանձնել դասախոսին` ստուգելու համար: Որեւէ սխալ հայտնաբերվելու դեպքում` կազմակերպությունը խոստանում էր այն առանց վճարի ուղղել եւ շարունակել աշխատանքը:Այս խնդրի վերաբերյալ ԱՐՄԱԿԱԴ-ի նախագահ Խաչիկ Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, թե արտագրված աշխատանքներ հանձնած ուսանողները միանշանակ պետք է հեռացվեն համալսարաններից:Իսկ ո՞վ է հեռացնելու համալսարանից ուսանողին, երբ բուհերի դասախոսներն իրենք են դրդում ուսանողին այդ քայլին: ՀՊՏՀ-ի (Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարան) շենքի ստորգետնյա հարկում (այն բուհի տարածքը չէ, մասնավոր է) հատուկ նմանատիպ գործունեություն իրականացնելու համար գործում է SMAK կազմակերպությունը: Այնտեղ աշխատանքներ գրում են հատուկ մասնագետները: Այսինքն` առարկային տիրապետող անձինք, ավելի կոնկրետ` դասախոսներ:
Ստացվում է` դասախոսը, բացի օրենքով սահմանված իր աշխատավարձից, վարձատրվում է նաեւ իր ուսանողների անհատական աշխատանքները գրելու միջոցով: Այսինքն` ունի նաեւ այլ աշխատատեղ, բայց ամրագրվա՞ծ է այն արդյոք օրենքով: Այնտեղ գործում է բանավոր համաձայնություն կազմակերպության եւ դասախոսի միջեւ: Կա սահմանված տոկոսաչափ, որով աշխատում են դասախոսները:
Սակայն հարկ է նշել, որ ոչ բոլոր ուսանողներն են, որ օգտվում են նման գրասենյակների ծառայություններից: Կան նաեւ ուսանողներ, ովքեր իրենք են գրում իրենց անհատական աշխատանքները, կան նաեւ ուսանողներ, ովքեր աշխատելու եւ ժամանակի սղության պատճառով են միայն օգտվում նման ծառայություններից: Բայց միեւնույն է` խնդիրը համատարած է եւ որեւէ լուծում չի ստանում: Խ. Գեւորգյանի հավաստմամբ, սակայն, ստեղծված իրավիճակից ելքեր կան. «Առաջին հերթին պետք է բարձրացվեն դասախոսների աշխատավարձերը, որպեսզի հենց իրենք շահագրգռված լինեն ուսանողի ներկայացրած աշխատանքը կարդալու, տեսնելու, թե որտեղ կարող է բացթողումը լինել»:
Սա, ըստ Խաչիկ Գեւորգյանի, աշխատանքը բարեխիղճ կատարելու առաջին մեթոդն է: Սակայն կա եւս մեկ միջոց, որն, ըստ նրա` շատ երկրներ օգտագործում են. բուհի, նախարարության կողմից հատուկ ծրագրեր կան գնված, որոնց միջոցով դասախոսները հնարավորություն կունենան համակարգչային ծրագրի միջոցով, հաշված վայրկյանների ընթացքում ստուգել աշխատանքները եւ գրանցել արտագրություններն ու բացթողումները:
Այսինքն` այս իրավիճակը հնարավոր կլինի շտկել, եթե դասախոսը ստանա ոչ թե 100.000 դրամ աշխատավարձ, այլ, ասենք` 200-250.000 դրամ: Այդ դեպքում նա ստիպված չի լինի ժամերով նստել եւ գրել այս կամ այն ուսանողի անհատական աշխատանքը: Դասախոսը չի փնտրի այլ աշխատանք եւ կկատարի իր գործը հնարավորինս բարեխիղճ:
Աիդա ՂԱՐԻԲՅԱՆ