«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են ԼՂ-ում ընդլայնել ԵԱՀԿ Մոնիթորինգային խումբը». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր RIA Novosti գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի շփման գծում Մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են պարտավորությունների կատարման վրա, որոնք ստանձնել էին նախագահները Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ` լարվածությունը նվազեցնելու և հակամարտության խաղաղ լուծման նպատակով բանակցային գործընթացը հետագայում առաջ տանելու համար: Նախագահները եկել էին համաձայնության` շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ Մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ:

Պլանավորվում է հակամարտության կարգավորման նպատակով շարունակել ընդլայնված բանակցությունները` յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավմամբ:

Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության նվազեցման համար»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:

Տեսանյութեր

Լրահոս