«Թուրքիան չի կարող մասնակցել կամ աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին». Սկակով

«Ռուսաստանը ռուս-թուրքական մերձեցման արդյունքում չի փոխի իր քաղաքականությունը ԼՂ հակամարտությունում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիտարկումներին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիայի աջակցության հնարավորության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նա նշել էր, թե ցանկացած երկիր, որը կարող է դրական աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, պետք է դա փորձի անել, այդ թվում՝ Թուրքիան: Սակայն նա շեշտել էր դրական աջակցության մասին: Սա հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներում ակտիվ քննարկումների առիթ էր դարձել, որից հետո Զախարովան մեկնաբանել էր, թե իրեն սխալ են հասկացել: Այնուամենայնիվ, ռուսական ԶԼՄ-ները ևս նրա խոսքը նման կերպ էին վերարտադրել:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այս հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, այդքան մեծ ուշադրության չպետք է արժանանար: Ըստ նրա՝ Ռուսաստանը միանշանակորեն չի ձգտում Թուրքիային կարգավորման մաս դարձնել: Զախարովայի դիտարկումները, ըստ ռուս վերլուծաբանի, պետք է ընկալել ռուս-թուրքական մերձեցման գործընթացի շրջանակում, այսինքն՝ ՌԴ պաշտոնյան իրեն տրված հարցին, որում խոսք էր եղել Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին, փորձել էր չհերքել, որ նման դրական միջնորդություն հնարավոր է, քանի որ ռուս-թուրքական կարգավորման գործընթաց է սկսվել, և այս պահին ցանկացած հայտարարություն կարող է խոչընդոտել այդ ընթացքին:

«Բնականաբար, գոյություն ունի Մինսկի խումբ, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Մի կողմ թողնելով խմբի արդյունավետությունը, պետք է շեշտել, որ միայն այդ խումբն է ճանաչված զբաղվել այդ խնդրով և ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցություն բանակցային կամ կարգավորման գործընթացին այս ձևաչափի շնորհիվ անհնար է: Հատկապես Թուրքիայի դեպքում Հայաստանը դեմ է արտահայտվելու և աջակցություն չի ընդունելու Թուրքիայից, որն ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանին ոգևորող հայտարարություններով էր հանդես գալիս»,- ասաց Սկակովը:

Վերջինիս խոսքով՝ ռուս-թուրքական մերձեցման գործընթացը դրական ուղու վրա է: Շուտով, ըստ Սկակովի՝ կվերսկսվեն նաև բարձրաստիճան շփումները ու բանակցությունները նախկինում կիսատ թողնված ծրագրերի, մասնավորապես՝ գազային ծրագրերի շուրջ: Ինչպես հայտնի է, ռուս քաղաքագետի փոխանցմամբ, Ռուսաստանը ցանկանում է իր գազային քաղաքականությունից դուրս բերել Ուկրաինային, որի հետևանքով Եվրոպա գազի մատակարարման ուղիներ է փնտրում:

«Այդ ուղիներից մեկը կարող է Թուրքիան լինել, թեև այլ փորձագետներ այս տարբերակը քիչ հավանական են համարում: Ամեն դեպքում, Ռուսաստանն ու Թուրքիան այս պահին շատ հետաքրքրություններ ունեն ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ քաղաքական, մասնավորապես՝ Արևմուտքի հետ հարաբերություններում նույն ճամբարում են հայտնվել, ուստի կարիք ունեն ավելի ակտիվ հարաբերությունների:

Հիշեցնեմ, որ Թուրքիայի նոր վարչապետը բազմաթիվ ակնարկներով է հանդես եկել, թե Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը Սիրիայում, սա լուրջ ուղերձ է դարձել Ռուսաստանի համար, բացի Թուրքիայի նախագահի Ռուսաստանին ուղղված ուղերձից»,- նման տեսակետ հայտնեց Սկակովը: Վերջինս չի կարծում, որ այս համագործակցությունից կտուժեն ԼՂ հակամարտությունում հայկական դիրքերը: Ռուսաստանը, նրա որակմամբ՝ չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունը հակամարտության գոտում, իսկ Թուրքիան հետաքրքրված չէ միջամտել հակամարտությանը:

Տեսանյութեր

Լրահոս