«Նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ». Էդուարդ Շարմազանով

Կառավարությունն այսօր դրական եզրակացություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության ներկայացրած եզրակացությանը, որում գրված է, որ հարցը կախված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունների քննարկումներից` հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում արտաքին գործոնները: Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

«Այսինքն`Հայաստանի Հանրապետության նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ: Մենք բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք, մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմ չենք սկսել, բայց եթե Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով, ագրեսիվ և ահաբեկչական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եթե Ադրբեջանի իշխանությունները փորձեն նոր պատերազմ հրահրել Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ, բնականաբար Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի այն քայլերը, որոնց մասին խոսեց Հանրապետության նախագահն ամիսներ առաջ, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում»:

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լովրովի հայտարարությանը` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախարարը նշել է, որ Ռուսաստանը կողմ է հետաքննության և վստահության մեխանիզմների ներդրմանը, որ խնդիրը չունի ռազմական լուծում. «Այսինքն` երեք առաջարկներից երկուսին արդեն Ռուսաստանի արտգործնախարարը դրական ազդակ է հղել»:

Տեսանյութեր

Լրահոս