Բաժիններ՝

«Ինքը որ զանգեց, մարտ էր գնում, ես ձայները լսում էի…». պատմում է զոհված Գևորգի հորեղբոր որդին

Արցախում զոհված զինծառայող Գևորգ Վարդանյանը Գյումրի քաղաքից էր: 1996թ. ծնված զինծառայողը Թալիշում է ծառայել: 6 տարեկան հասակից ընտանիքի հետ ապրել է Ռուսաստանում: Վերադարձել էր Հայաստան՝ ծառայելու նպատակով: Գևորգն ընտանիքի միակ որդին էր. իրենից փոքր մի քույր ունի: Ռուսաստանում Գևորգի հայրը շինարարությամբ է զբաղվել, մայրը չի աշխատել: Գևորգի քույրն էլ ավարտել էր դպրոցը, ցանկանում էր ուսում ստանալ, սակայն չհասցրեց: 9 ամսից Գևորգը կավարտեր ծառայությունը:

«Ամեն քայլը հաշվարկված էր»

Գևորգի հորեղբոր որդին՝ Հովհաննեսը, պատմեց, որ Գևորգը Ռուսաստանում դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր քոլեջ, ապա վերադարձել Հայաստան՝ ծառայելու նպատակով: «Ես իրեն տարա զինկոմիսարիատ, այնտեղ հարցրին՝ Վարդանյան Գևո՞րգ, 1996թ.: Աշխատողը նայում էր դեմքիս, ասում՝ այս երեխային որտեղի՞ց ես բերել, որովհետև ոչ մի փաստաթուղթ չկար: Ինքն այնտեղ է դպրոց գնացել: Իր գործերն այդ ժամանակ կազմեցին, ծանուցագիր տվեցին հունվարի 24-ի համար»,- ասաց Հովհաննեսը:

Gevorg (1)

Gevorg (3)

«Դժգոհ չէր ծառայությունից: Ծառայությունից գոհ է եղել: Մեզ ոչ մի անգամ դժգոհություն չի հայտնել: Շատ խիզախ էր, իր ամեն քայլը հաշվարկված էր»,- ասաց հորեղբոր որդին՝ նշելով, որ Գևորգը ոչ մի անգամ չի ընկճվել. հարթաթաթություն ուներ, ձեռքի հետ խնդիր, երկու անգամ գնացել են Երևան, որոշվել է, որ Գևորգը ենթակա է ծառայության.

«Միշտ ասում էր՝ պետք չէ, չգնանք ստուգման, կգնամ, երկու տարի կծառայեմ, կգամ: Օրինակ էր բերում մեզ (ես, եղբայրս, հորաքրոջս որդին Ղարաբաղում ենք ծառայել, չորրորդն ինքն էր), ասում էր՝ դուք ծառայեցիք եկաք, ի՞նչ եղավ, ես էլ կծառայեմ, կգամ: Իր ծառայությունը մինչև վերջ շատ նորմալ ընթացել է: Ամեն ինչ նորմալ էր, մինչև դեպքի օրը՝ ապրիլի 4-ը: Մենք իր հետ ապրիլի 3-ին էլ ենք խոսել»:

«Հետո արդեն իմացանք, որ մարտի դաշտում խփվել է»

Հիշելով Գևորգի հետ վերջին խոսակցությունը՝ Հովհաննեսը պատմեց, որ Գևորգը երկար չի խոսել, փոխանցել է, որ ամեն ինչ նորմալ է. «Ասաց՝ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, ինձ մի զանգեք, ես հետո ձեզ կզանգեմ: Ապրիլի 1-ին իր ընկերներից մեկին էին խփել: Ինձ ասաց՝ կգնաս թաղմանը: Այդքանն է եղել վերջին խոսակցությունը»:
Խոսքն ապրիլի 1-ին հակառակորդի կրակոցից վիրավորված, ապա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացած Վլադիմիր Մելքոնյանի մասին էր: Գևորգի հորեղբոր որդու՝ Հովհաննեսի խոսքով՝ նրանք մոտ ընկերներ են եղել:

«Ինքը որ զանգեց, մարտ էր գնում: Ես ձայները լսում էի: Այդ պատճառով ինքը կարճ խոսեց: Երևի հենց զանգել էր, որ ինձ ուղարկեր այդ երեխու թաղմանը: Ասաց՝ չզանգեք, ես ձեզ հետո կզանգեմ, հիմա հարմար չէ: Կարճ ենք խոսել: Հետո արդեն իմացանք, որ մարտի դաշտում խփվել է,- ասաց Հովհաննեսը, ապա, ներկայացնելով դեպքը, նշեց,- Գևորենց դասակը հարձակողական դասակ է եղել: Ինքը գնդացրորդ է եղել:

Gevorg (1)

Մեր պոստերից առաջին լինյաները գրաված են եղել: Իմացել ենք՝ շատ-շատ թուրքերի վնասներ են պատճառել, սնարյադն ընկել էր իրենց մեջ»:

Քանի որ իրավիճակը լարված էր, և վերջին խոսակցությունից հետո Գևորգը չէր զանգել, հարազատներն անհանգստացել էին.

«Ինչ էլ լիներ, ինքը մի հնար կգտներ, կզանգեր, թեկուզ՝ մի բառով: Շատ անհանգստացանք: Զանգահարեցի հորեղբորս, ասացի, որ իրավիճակն այսպես է, երեխուց խաբար չկա, եկեք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել: Անցավ երկու օր, խաբարն իմացանք…»:

Խոսելով Գևորգի նպատակների մասին՝ Հովհաննեսը նշում է, որ Գևորգն ուզում էր ավարտել ուսումը, բայց ցանկություն ուներ նաև միաժամանակ աշխատանք գտնել, որպեսզի կարողանար օգտակար լինել իր ընտանիքին, ընտանիքի հոգսը վերցնել իր վրա:

«Կյանքում ընկերոջս չեմ թողնի մարտի դաշտում»

Ծառայության ընթացքում Գևորգը միշտ շատ զգոն է եղել, երբեք չի բողոքել ծառայությունից։

«Հայրենասիրություն կար իր մեջ: Նախքան բանակ գնալը զինվորական համազգեստ էր հագել, նկարվում էր, ասում էր՝ նայեք, ինձ զինվորական հագուստ սազո՞ւմ է:

Gevorg (2)

Ծառայությունից շատ առաջ ընկավ»,- ասաց Հովհաննեսը: Նրա խոսքով՝ հորեղբոր որդուն երկրորդ անգամ արձակուրդ էին տվել. ընկերոջն օգնություն էր ցույց տվել. «Արձակուրդ եկավ: Մեզ չէր ասել՝ ինչի համար են խրախուսել: Հետո իմացանք, որ ընկերոջը վիրավորել են, Գևորգն օգնելով՝ մարտի դաշտից հանել է դուրս: Արձակուրդից երկու օր էլ շուտ գնաց: 7 օրով էին արձակուրդ տվել, 5 օր մնաց: Արդեն ժամանակն էր, որ բարձրանային դիրքեր: Ասաց՝ եթե ես ժամանակին չգնամ, իմ ընկերներն ավել կկանգնեն»:

Gevorg (7) - Copy

Մանրամասնելով ընկերոջն օգնություն ցույց տալու հետ կապված դեպքը՝ Հովհաննեսը նշեց, որ զինծառայողներն ինժեներական աշխատանք կատարելիս են եղել, հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիայի հետևանքով Գևորգի ընկերը թևի հատվածում մի քանի վիրավորում էր ստացել և ուշագնաց եղել. «Գևորիկս իրեն դաշտից հանել էր դուրս, որ նորից չկրակեին, ու մինչև հոսպիտալ, գլուխը բռնած, օգնություն էր ցույց տվել: Այդ տղան եկավ մեր տուն, շնորհակալություն հայտնեց: Երեխու թաղման օրն էլ եկավ»:

Gevorg (4)

Գևորգի հորեղբոր որդու խոսքով՝ զինծառայողի տրամադրությունը միշտ բարձր է եղել. «Ինքն ընդհանրապես չէր մտածում բանակի, կռվի, պատերազմի մասին: Միշտ ասում էր՝ վերևն Աստված կա, Աստված չանի, եթե ինչ-որ բան լինի, մենք պիտի մինչև վերջ պայքարենք, մինչև վերջ պիտի կռվենք: Ասում էր՝ ես կյանքում ընկերոջս չեմ թողնի մարտի դաշտում: Մենք էլ, իրեն ճանաչելով, իր հետ ապրելով, վախ ունեինք, որ ինքն իր դուխի երեսից մինչև վերջ կգնար, ինքն ընկերոջը միայնակ չէր թողնի: Ինքն իր ավագ լեյտենանտի հետ է խփվել, մինչև վերջ հետը կռվել է, վաշտի ու դասակի հրամանատարի կողքին է եղել»:

Gevorg (8)

«Մեզ պետք էր, որ բոլոր տղաներն անփորձանք ծառայեին, գային, հասնեին իրենց ծնողներին, իրենց ընտանիքներին: Իրենք արժանի չէին այս մահին, բայց հպարտանում ենք, որ իրենք իրար թևութիկունք են եղել, ոչ մեկը մյուսին չի դավաճանել, ոչ մեկը մյուսի կողմից չի փախել: Իր խոսքն էր՝ եթե ինչ-որ բան պիտի լինի, սաղովի կլինի, եթե չի լինի, ոչ մեկիս չի լինի, մեր սպայկեն է, մեզնից է կախված: Ու մինչև վերջ ինքն այդպես գնաց»,- եզրափակեց զինծառայողի հորեղբոր որդին:

Gevorg (5)

Նշենք, որ Գևորգ Վարդանյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Արցախում զոհված զինծառայող Գևորգ Վարդանյանի ընտանիքին աջակցելու համար «Inecobank»-ում հաշվեհամար է բացվել.
20 50 16 01 52 94 70 01 AMD

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս