Դավութօղլուն հրաժարական կտա

«Երեկ գիշերը հայտնի դարձավ, որ շատ շուտով Դավութօղլուն հրաժարական կտա։ Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստ կհրավիրի, կհայտարարի, որ մայիսի 28-ին նախատեսվում է կուսակցության համագումար, և ինքը՝ որպես կուսակցության նախագահ, չի առաջադրվի։

Դա տեղի ունեցավ Էրդողանի հետ անակնկալ հանդիպումից հետո։ Անակնկալ, որովհետև հանդիպումն այսօր էր նախատեսված։ Թուրքիան խորհրդարանական կառավարման համակարգ է, Էրդողանն էր կուսակցության նախագահը, իսկ երբ նախագահ է ընտրվում՝ բոլոր կապերը խզում է կուսակցության հետ։ Բայց նրա փոխարեն ընտրված վարչապետի պաշտոնը զբաղեցրած Դավութօղլուն կառավարություն չունի, և այս իրավիճակում տարաձայնություն պիտի առաջանա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Նա նշեց, որ չի կարծում, թե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կմասնատվի, այլ ըստ նրա` միայն Դավութօղլուն կհայտարարի, որ չի առաջադրվելու, ինչը հրաժարականի մեղմ ձև է։

«Դավութօղլուն դիմել է Վաշինգտոն, որ իրեն ընդունեն, պատասխանը դրական է եղել, Էրդողանն իմացել է, հանդիպել և տվել ցուցումները։ Իհարկե, պաշտոնական այցով Վաշինգտոն մեկնող Թուրքիայի վարչապետին Օբաման չէր ընդունելու։ Էրդողանը մի քանի տարի սպասում էր, որ իրեն ընդունեն Վաշինգտոնում, դրա համար Դավութօղլուին նման ցուցումներ տվեց»,- ասաց վերլուծաբանը։
Դավութօղլուի հրաժարականը, ըստ նրա` Թուրքիա-Հայաստան հարաբերություններում որևէ բան չի փոխի. «Այս տարիների ընթացքում բազում կառավարություններ են փոխվել, բայց Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել»։

Տեսանյութեր

Լրահոս