Փողի խնդիր

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա Հայաստանի ամենամեծ խնդիրն է, թեև մինչ այդ էլ փողի խնդիրն արդիական էր: Բայց մի բան է փողի խնդիրը խաղաղ պայմաններում, և բոլորովին այլ` պատերազմի ժամանակ: Որովհետև եթե խաղաղ պայմաններում փողի խնդիրը չբացված աշխատատեղն ու չվճարված աշխատավարձն է, ապա պատերազմի ժամանակ փողի խնդիրը փամփուշտի, տանկի ու ծանր սպառազինության բացակայությունն է: Բայց Հայաստանում «փողի խնդիրն» առանձնահատուկ է նրանով, որ փող չկա փողի, շատ փողի առկայության պայմաններում:

Չկա պետական հանրային փող, որովհետև փողի մյուս տեսակը, որ կա ու որը շատ է, հանրային չէ, ավելին` գոյացել է հանրայինի ու պետականի հաշվին: Այդ մասին գիտեն բոլորը, այդ մասին խոսում են բոլորը, այդ մասին, վերջին հաշվով, սևով սպիտակի վրա գրված է պետական բարձրաստիճան ու ցածրաստիճան պաշտոնյաների պաշտոնական հայտարարագրերում, որոնք իրականում ոչ թե սովորական փաստաթղթեր են, այլ իրեղեն ապացույցներ այն մասին, որ Հայաստանում կա փողի խնդիր՝ փողի չափազանց մեծ քանակության առկայության պարագայում:

Դրանք ոչ թե այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի հայտարարագրեր են, այլ հայտարարագրեր են պետության բացակայության մասին: Իրականում պետք է ոչ թե վերադարձնել փողերը, ինչպես այսօր պահանջում են շատերը, այլ անհրաժեշտ է վերադարձնել պետությունը` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Տեսանյութեր

Լրահոս