Բաժիններ՝

«Համաշխարհային շոու-բիզնեսը դեգրադացիայի եզրին է». Գաբի Գալոյան

«Արմենպրես»-ը և «Լոֆթ»-ը սկսում են համատեղ «ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ» նախագիծը: Հարցազրույցների շարքը միտված է ներկայացնել ընթերցողին հայկական շոու բիզնեսի աստղերի կյանքի, անցած ճանապարհի և ապագա անելիքների մասին: Նախագծի առաջին հյուրն է երգչուհի Գաբի Գալոյանը:

Աշխատանքային գործունեության ո՞ր փուլում է երգչուհի Գաբի Գալոյանը: 2016 թվականի համար ի՞նչ ծրագրեր ունեք առանձացրած:

– Տարին նոր է սկսվել և ստույգ պլանավորված որևէ բան դեռ չկա: 2016-ին ժանրային փոփոխություն է սպասվում: Սկզբում բավական անհասկանալի էր ինձ համար, թե ինչ ոճով հանդես գալ: Հիմա երբ արդեն կողմնորոշվեցի, շատ հետաքրքիր փոփոխություններ են սպասվում, ուղղակի հիմա չեմ ցանկանում չակերտները բացել, միայն կասեմ, որ ժողարվեստն ինձ ավելի հոգեհարազատ է:

Հնարավո՞ր է ժողովրդական երգեր երգելով գումար աշխատել:

Կարդացեք նաև

– Հիմա ամեն ինչ այնքան է բարդացել ու ծանրացել, որ երգիչները գումար աշխատելու մասին նույնիսկ չեն մտածում: Այսպես, թե այնպես հիմա գումար աշխատելը բավական դժվար է, անգամ կոմերցիոն երգերով, ես էլ մտածում եմ, որ ավելի լավ է երգել այն, ինչն ինձ հոգեհարազատ է:

– Դուք մի առիթով նշել էիք, որ ժողովրդական երգարվեստը ձեր տարերքն է, այն ձեր արյան մեջ է, բայց ձեր երգացանկում ժողովրդական երգերը չեն գերակշռում ո՞րն է պատճառը:

– Չեմ ցանկանա ինքնագովեստով զբաղվել, բայց ես ինձ համարում եմ ունիվերսալ երգչուհի, ով ժանրային խնդիր չունի: Ես ավարտել եմ ջազային բաժինը, բայց շատ եմ երգել ժողովրդական անսամբլներում: Ի սկզբանե նշել էի, որ ես երկու լսարանի համար եմ աշխատելու` կոմերցիոն բնույթի երգեր, որոնք նախատեսված են մի լսարանի համար և ժողովրդական երգ, որի հիմքն ավելի ամուր է, որտեղ հետագայում ես ինձ տեսնում եմ:

Դուք մի առիթով նշել էիք, որ հայկական շոու բիզնեսն այսօր լճացել է, դեգրադացում է նկատվում: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Մարդկանց դեգրադացնում են հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերի միջոցով: Մարդիկ չեն դեգրադանա, եթե այդ հետաճին նպաստողներ չլինեն: Այդ աղետը կա նաև ամբողջ աշխարհում: Ըստ իս, համաշխարհային շոու-բիզնեսն է դեգրադացիայի եզրին, որովհետև կորել է տարրական մի բան, կորել է մեղեդին, իսկ երբ կորչում է մեղեդին, արդեն աղետալի է: Այսինքն` հիմա ոչ ոք ուշադրություն չի դարձնում խոսքերին, երաժշտությանը, կարևորն այն է, որ այդ ելևէջներն իրենց ստիպեն պարել:

– Դուք այն կարծիքին էիք, որ ձեզ մոտ ամեն ինչ շատ մեծ դժվարությամբ է ստացվում, որովհետև չունեք հովանավոր, պրոդյուսեր: Ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտում: Եվ այսօ՞ր էլ շարունակում եք շոու բիզնեսում գործել առանց հովանավորի:

– Ես ընտրել եմ ամենափշոտ ճանապարհը: Երբ դու ինքդ ես անցնում այդ դժվարին ճանապարհը, հիմքերն ավելի ամուր են լինում: Ես ունեմ ընկերներ, ովքեր ինձ օգնել են, բայց շատ օգնություն մերժել եմ` մտածելով, որ ինքս էլ կարող եմ անել: Ես սիրում եմ իմ առջև նպատակ դնել և հասնել դրա իրականացմանը: Հնարավոր է ինձ օգնեին, և ես այսքան լավ ինձ չզգայի: Հեշտ կլիներ ամեն ինչ, հիմա շատ աշխատանք կունենայի, շատ հայտնի կլինեի, բայց ինձ էսպես լավ չէի զգա, քանի որ հիմա ես ինչ աշխատանք անում եմ, արդյունքում զգում եմ, որ դա իմ քրտնաջան աշխատանքն է, և այդ զգացողությունը ինձ համար շատ ավելի թանկ է:

– Սովորաբար հանրային դեմքերը, մշակույթի գործիչները գնահատանքից բացի արժանանում են նաև քննադատությունների: Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրանց:

– Կարծում եմ` ամեն մարդ ունի ազատ խոսքի իրավունք: Մենք ապրում ենք մի երկրում որտեղ ազատ խոսքի իրավունքը բարձր մակարդակի վրա է: Նորմալ եմ համարում, որ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, ինքս էլ եմ կարծիք հայտնում: Մասնագետի քննադատությունը հաշվի եմ առնում, սակայն երբեմն ժողովրդի կարծիքը շատ ավելի կարևոր է:

Եղե՞լ են քննադատություններ, որոնցից դուք խորապես վիրավորվել եք: Սովորաբար դրանց պատասխանո՞ւմ եք, թե ոչ:

– Ինձ միշտ վիրավորում է շարադրված միտքը, այն չպետք է վիրավորական լինի, թունավոր ենթատեքստ չպիտի պարունակի, որովհետև եթե սիրում ես երգչին և ցանկանում ես նրան ավելի բարձր տեսնել, ապա կարող ես ասել, «ես քեզ պատկերացնում եմ այս կամ այն ոճում, ցանկալի է, որ քո տեսահոլովակը նման չլինի մեկ ուրիշի տեսահոլովակի, քոնը լինի յուրօրինակ, որովհետև ես քեզ բարձր եմ տեսնում, ես քեզ լավն եմ տեսնում»:
Եղել են դեպքեր երբ խիստ վիրավորվել եմ, անգամ իմ հասցեին չէր ուղղված, մորեղբորս մասին էր և նման թունավոր միտքը կարող է ի նձ վիրավորել:

– «Մեղավոր ես» երգի պրեմիերայից հետո սկսեցին խոսակցություններն այն մասին, թե դուք ընդօրինակում եք երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Դուք, իհարկե, մի առիթով նշել էիք, որ դա միտումնավոր չի արված, բայց, ամեն դեպքում ձեր և Լիլիթ Հովհաննիսյանի միջև զուգահեռներ անցկացնելը ձեզ չի՞ զայրացնում:

– Ինքս հարգում եմ մարդու յուրօրինակ տեսակը, երբեք չեմ հանդգնի որևէ մեկին նմանեցնել մյուսին, քանի որ համարում եմ վիրավորական: Գրագետ մոտեցում եմ համարում, երբ մարդիկ փորձում են դիմացինի մեջ տեսնել մարդ տեսակը: Այստեղ խնդիրը Լիլիթը չէ, անխոս, ես նրան համարում եմ Հայաստանում ամենաաշխատասեր երգչուհին:

Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որ ունկնդիրն ու ակնդիրը իմ մեջ տեսնեն իմ տեսակը:

– Հայկական շոու բիզնեսում կա՞ն մարդիկ, որոնց դուք լուրջ մրցակից եք համարում:

– Մրցակից բառը անկեղծ չեմ սիրում: Ամեն երգիչ ունի իր ոճը և իր տեսակը: Միայն կասեմ, որ այսօր Հայաստանում կա մի երգչուհի, ով իմ սերնդակիցն է, ում կատարված աշխատանքով ես ուղղակի անկեղծ հիանում եմ և կարծում եմ, որ նա փրկում է շոու-բիզնեսը : Խոսքը Սիրուշոյի մասին է:

– Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ տարի հոկտեմբերին մեկնարկեց նոր սիթքոմ, որը կրում է «Ընտանյոք հանդերձ» խորագիրը: Այստեղ դուք նույնպես նկարահանվել եք: Ինչո՞ւ որոշեցիք նկարահանվել, արդյո՞ք դա չի խանգարում երգարվեստի բնագավառում ձեր գործունեությանը:

– Սիթքոմում հանդես գալու առաջաևկը եղավ այն ժամանակ, երբ նոր-նոր պատրաստվում էի տեսահոլովակիս նկարահանման աշխատանքներին: Քանի որ ես միշտ մտածել եմ, որ մարդ միշտ պիտի անի այն, ինչ իր մոտ լավ է ստացվում, զբաղվի իր մասնագիտությամբ, հետևաբար առաջին անգամ հրաժարվեցի նկարահանվել «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում: Հետո ինձ խնդրեցին, որ փորձեմ, եթե չկարողանամ կերտել կերպարը, նրանք կընտրեն մեկ այլ դերասանուհու: Ի զարմանս ինձ, պրոֆեսիոնալների կողմից ստացա դրական պատասխան, ինչը ոգևորիչ էր:

Լալա Մնացականյանը, Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Իրինա Դանիելյանը և այլք օգնեցին ինձ: Շատ լավ թիմ էր, իրենց հետ նկարահանման մեկ օրն արդեն մեծ դպրոց էր ինձ համար:

– Ո՞րն է երգարվեստի ոլորտում ձեր ամենամեծ երազանքը:

– Հավատացած եղեք, որ մրցույթները և մրցանակները ինձ համար առաջնային չեն: Արվեստագետի համար կարևորը պիտի լինի այն, որ մարդը իր կատարած աշխատանքից բավականություն ստանա, ոչ թե անի այն, ինչ ստիպված է անել, այլ անի այն, ինչ սիրում է: Ինձ համար երգարվեստի ոլորտում ամենամեծ երազանքը, գագաթնակետը կլինի ժողովրդի սերը իմ արվեստի նկատմամբ:

Լևոն Դադասյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս