Բաժիններ՝

«Ես առաջին հայն եմ, որին իրենք ճանաչում են, դրա համար փորձում եմ լավագույնս ներկայացնել մեր երկիրը»

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում այս անգամ ներկայացնում ենք Լուսինե Կոշեցյանի պատմությունը, ով այժմ սովորում է Վիլնյուսի համալսարանի բիզնես-մենեջմենթ ֆակուլտետում:

Լուսինեն Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում ասպիրանտ է, նեղ մասնագիտացումը՝ մարդկային ռեսուրսների կառավարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ երբ զգաց՝ նոր գիտելիքների ու վերապատրաստման կարիք ունի, դիմեց «Էրասմուս Մունդուս» ծրագրին, շահեց «Էրասմուս Մունդուս Բակիս» ծրագրի կրթաթոշակն ու այժմ Վիլնյուսի համալսարանում ասպիրանտ է: Լուսինեի խոսքով՝ Հայաստանում ծրագիրը նոր է սկսել հայտնի դառնալ, սակայն Եվրոպայում շատ-շատերն են դրան մասնակցում:

Lusine Koshecyan745

Մեր զրուցակիցը նշում է, որ Վիլնյուսի համալսարանի առօրյան շատ հագեցած է, բայց ըստ նրա՝ դա կախված է ուսանողից.

Կարդացեք նաև

«Համալսարանն ամեն ինչ ձեռնարկում է, որ ուսանողների և ասպիրանտների առօրյան արդյունավետ անցնի: Շատ ենք ունենում հյուր-դասախոսություններ, օրինակ՝ վերջերս նոբելյան մրցանակակիր էր հյուր եկել դասախոսության: Շատ են կազմակերպվում կոնֆերանսներ. արդեն հասցրել եմ մասնակցել և տպագրել հոդված։ Որպես ասպիրանտ՝ նաև ինքս անցկացնում եմ որոշակի դասախոսություններ և սեմինարներ։ Շատ ոգևորիչ է, որ համալսարանը քաջալերում է ու նույնիսկ որոշակի կրեդիտներ հատկացնում սպորտի հաճախման համար։ Շատ են կազմակերպվում մշակութային երեկոներ, որտեղ ներկայացնում ենք մեր մշակույթն այլազգիներին: Այստեղ հիմնականում սովորում եմ Արևմտյան Եվրոպայի ուսանողների հետ, ովքեր պատկերացում չունեն Հայաստանի մասին: Ես առաջին հայն եմ, որին իրենք ճանաչում են, դրա համար փորձում եմ լավագույնս ներկայացնել մեր երկիրը»:

Lusine Koshecyan123

Lusine Koshecyan8

Լուսինեն նշում է, որ քո երկրից դուրս սովորելը տալիս է մեծ փորձ, ինքնուրույնություն.

«Ավելի հասուն ես դառնում, և մտածելակերպդ է փոխվում: Այստեղ հիմնականում փորձի համար եմ եկել, որովհետև դասագրքերը հիմնականում նույնն են, շատ հանգիստ կարող էի տնից էլ կարդալ այդ ամենը, սակայն ես այստեղ սովորում եմ իմ դասախոսներից ու մնացած ուսանողներից: Չեմ կարող ասել, որ մասնագիտական առումով դրսում շատ բան կա, որ Հայաստանում չկա, իրականում մենք բավականին լավ ռեսուրսներ ունենք, մնում է կարողանանք այդ ամենը ճիշտ օգտագործել»:

Մեր հարցին, թե օտարազգի ուսանողների հետ շփումն ի՞նչ է տալիս, Լուսինեն պատասխանեց. «Այստեղ ունեմ ընկերներ տարբեր երկրներից, նույնիսկ մայրցամաքներից, պատկերացրեք՝ ինչ տարբեր են իրենք, իրենց փորձն ու տեսակետները: Շատ բան եմ սովորել միայն իրենց հետ շփումից, շատ հարցերի հիմա տարբեր կողմերից եմ նայում»: Նա նաև նշեց, որ ուսման ընթացքում զգում է, որ Հայաստանում չէ. «Մանավանդ, երբ քայլում եմ և չեմ հասկանում, թե շուրջս ինչ են խոսում: Կարոտել եմ հայերենը»:

Lusine Koshecyan3. Lusine Koshecyan12

Լուսինեն ընդգծեց, որ կան որոշակի տարբերություններ այստեղի համակարգի հետ, սակայն այնտեղ իրեն գրավում է այն, թե ինչպես է կազմակերպվում դասապրոցեսը.

«Դասի ժամանակ հիմնականում զրուցում ենք, հարց ու պատասխանի միջոցով գալիս որոշակի եզրահանգումների: Դասագրքերն ու անհատական աշխատանքները, իհարկե, շատ են և միշտ էլ կան, բայց դասի ժամանակ հիմնականում ժամանակ չենք ծախսում դրանց վրա, որովհետև այստեղ դասախոսի հետ շփումն ուսանողի համար շատ թանկ է. իրենք գործող մասնագետներ են, և դասի ընթացքում փորձում ենք սպունգի նման ամեն ինչ կլանել իրենցից: Այդ պատճառով՝ բացակայություններ գրեթե չենք ունենում»:

Վերջում նշեց, որ մասնագիտական առումով բավականին պլաններ ունի մտքում, որոնք անպայման պետք է իրագործի, երբ գա Հայաստան. «Ցանկություն ունեմ հետագայում զուգակցել գիտական և պրակտիկ գործունեությունս, բայց, ինչպես ասում են՝ Աստծուց առաջ չընկնենք, թե ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս