Բաժիններ՝

«Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը պետք է հիմնադրվի». Արթուր Սաքունց

Այսօր «Մեդիա կենտրոնում» Բանակի օրվան ընդառաջ՝ տեղի ունեցավ քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2015 թ. ամփոփում» թեմայով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ Զինված ուժերում մարդու իրավունքների գնահատականի համար կիրառվող ցուցանիշներից առաջինը մահացության դեպքերն են. առավել ցածր թիվը եղել է 2013թ.-ին, որից հետո դինամիկան ցավալիորեն կտրուկ մեծանում է, 2014թ.-ին 46 մահացությունների փոխարեն՝ 2015-ին եղել է 76: Ընդ որում, ըստ նրա՝ հրադադարի խախտման հետևանքով մահացության դեպքերը 41-ն են:

«Ամեն ինչ չէ, որ կարելի է վերագրել հակառակորդի գործողություններին, իսկ ի՞նչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվում պաշտպանության համար, ինչքանո՞վ է ջանք գործադրվում, այդ թվում՝ մարտական հերթապահության կանոնների, զինվորների պատրաստվածության պահպանման համար»,- ասաց Ա.Սաքունցը՝ մտահոգիչ համարելով տեխնիկական պատճառներով մահացության դեպքերը:

Նա նշեց, որ դրական է ոչ պատշաճ բժշկական ծառայության հետևանքով դեպքերի թվի նվազումը, սակայն մտահոգիչ է զորակոչի ժամանակ բուժզննության կատարման խնդիրը, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում: Ա.Սաքունցը հարցադրում արեց, թե պաշտպանության նախարարի հրամանով կատարվող բոլոր ծառայողական քննությունների ժամանակ ինչու չի արդյունավետ աշխատում նախարարի հրամանը, որը վերաբերում է կարգապահական տույժերին հրամանատարների նկատմամբ. «Այստեղ արդյունավետության բարձրացման հարց ունենք, որովհետև դա պետք է զսպող ազդեցություն ունենա»:

Ա.Սաքունցը հայտարարեց, որ պետք է ռազմական օմբուդսմենի ինստիտուտը հիմնադրվի, որը կառավարության ծրագրով նախատեսվում էր դեռ 2014 թ.-ին, և որը Հայաստանում կենսական նշանակություն ունի, և պետք չէ դիտարկել՝ ֆինանսական միջոցները բավարա՞ր են, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չդիտարկել ծառայության հետ կապ ունեցող դեպքերի հետ: ՊՆ տվյալներով՝ անցած տարի մահացության դեպքերի թիվը 57 է: նա վստահեցրեց, որ դա անհնար է որևէ կերպ կեղծել, որովհետև աղբյուրները բաց են: Ա.Հովհաննիսյանի խոսքով՝ կարող են որոշ դեպքեր, ներծառայական քննությունները վերաորակումներ ստանան, բայց տանը ինֆարկտ ստանալու դեպքերը պետք չէ ներառել ծառայության հետ կապ ունեցող դեպքերի հետ:

Անվտանգության վերաբերյալ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ մարտական ծառայությունը բարելավել պետք է, և դրան են ուղղված ՊՆ նախարարից մինչև լեյտենանտ կատարվող ջանքերը, որ կորուստներ ու վնասներ քիչ լինեն, և ցանկացած դեպք՝ մահացությո՞ւն, թե՞ ժամանակավոր մարտունակությունից զրկվելը, պրոբլեմ է հրամանատարի համար. «Խնդրում եմ ծայրահեղության չգնալ, առաջնագծի նույնիսկ տեխնիկական դեպքերն այս կամ այն կերպ կապ ունեն մարտական իրավիճակի լարվածության հետ: Եթե դիվիզիոնի հրամանատարը կարող է շաբաթը մեկ անգամ հանգիստ գնալ դիրքերը ստուգել, մարտական լարվածության դեպքում օրը մի քանի անգամ է գնում ստուգման, և դեպքեր կարող են լինել: Պն-ն չի փորձում հակառակորդի ակտիվությամբ սրբագրել իր սխալները, սակայն հակառակորդի ակտիվությամբ են պայմանավորված 57 մահերն էլ, և չկա մեկը, ով մտածում է, որ դա արդարացված է: 2013-ի համեմատ՝ դեպքերի աճը պայմանավորված է միայն հակառակորդի ակտիվությամբ, որ հասել է նույնիսկ հրետանու գործածմանը»:

ՀՀ պաշտպանության նախարարի օգնական, ՊՆ մարդու իրավունքների և բարևարկության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը ռազմական օմբուդսմենի ստեղծման վերաբերյալ նշեց, որ կամ ՄԻՊ տեղակալ, որ զբաղվում է միայն ԶՈՒ հարցերով: Ըստ նրա՝ կա 2 տարբերակ՝ որ կամ լինի ՊՆ կազմում, սակայն դա անկախ չի դիտվի, կամ երկրորդը՝ առանձին ռազմական օմբուդսմեն, որը կա՝ ՄԻՊ տեղակալի և բաժանմունքի ձևով: Թե որքանով է նպատակահարմար մի քանի տարբերակ ունենալ, Ա.Ավետիսյանը դժվարացավ նշել, սակայն ասաց, որ ՄԻՊ-ի հետ համագործակցությունը լավ է ընթանում: Ա.Ավետիսյանի խոսքով՝ իր գլխավորած կենտրոնը չի հավակնում դառնալ ռազմական օմբուդսմենի ինստիտուտ, այն կենտրոնացած է հայեցակարգային փոփոխությունների, կոռուպցիոն ռիսկերի, էթիկայի, օրենսդրության բարեփոխման և այլ խնդիրների վրա:

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց, որ բանակում կան այլ խնդիրներ ևս՝ խղճի ազատության, ընտրությունների հետ կապված, որ բանակում չի պահպանվում ընտրության ազատ իրավունքը, կա բաց ու ստիպողական քվեարկություն. «Զորակոչիկն այդ 2 տարին անազատ վիճակում է գտնվում, հայտնվում է մի համակարգի ձեռքում, որ կարող է տարբեր տիպի բաներ պարտադրել»:

Զ. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ինքնասպանությունների դեպքերի քննությունը նույն կերպ է ընթանում, Էլդա Գրինի կենտրոնը երբեք չի տվել դատաբժշկական փորձաքնության եզրակացություն, որը կասկած պարունակի, որ ինքնասպանություն չի եղել:

Ա.Սաքունցի խոսքով՝ չնայած զինվորներն իրենց տեղամասից դուրս են գալիս և քվեարկում են ընտրատեղամասերում, այնուամենայնիվ, զինծառայողների միատեսակ վարքագիծը քվեարկության հետ կապված փաստ է: Նա շեշտեց, որ ԶՈՒ-ն քարոզչությանը չպետք է մասնակցի, բայց երբ պաշտպանության նախարարի և ամբողջ զինտեխնիկայի մասնակցությամբ տեսահոլովակ է գնում՝ ի օգուտ որևէ կողմի, դա ակնհայտ հրաման է համարվում. «Կարող եք ասել՝ նշանակություն չունի, ես ասում եմ՝ ունի: Դա ընկալման խնդիր է: Այն տեղամասերը, որտեղ մասնակցել են զինվորները, հարևան տեղամասից ակնհայտորեն տարբերվում են, արդյունքները գլխիվայր շուռ են գալիս»:

Ա.Հովհաննիսյանը կտրականապես չհամաձայնեց բանախոսների հետ և պնդեց, որ զինծառայողներն ազատ են քվեարկում. «Նրանք դուրս են գալիս առանց շարքի, առանց հրամանատարի օգնության, սա է փաստը: Մնացածը՝ եթե կան դեպքեր, դիմեք: Այս խնդիրը համընդհանուր լուրջ ուսումնասիրություն է պահանջում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս