Հայաստանի հետ անմիջապես բարեկամ դառնալն Ալիևն իրատեսական չի համարում

Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ վստահության կառուցման քայլերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Նոր աշխարհակարգի ճանապարհին» համաժողովի ժամանակ:

«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ ։ Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է։ Բայց սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ՝ մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ վերջերս մի քանի նման նախաձեռնություններ Բաքվին առաջարկել են վրացի գործընկերները, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։ Որպես նման «փոքր քայլերի» օրինակներից մեկն Ալիևն առաջարկել է լրագրողների փոխայցելությունները։

Ալիևն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրին՝ Հայաստանին «կոչ անելով ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:

Նա հավելել է, թե գնդակը հայկական կողմում է։ Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է համագործակցության մեկնարկի ազդանշան դառնալ:
Ալիևը նաև նշել է, որ Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու՝ երրորդ կողմերի փորձերը հաջողությամբ չեն պսակվի:

Տեսանյութեր

Լրահոս