Բաժիններ՝

ՌԴ-ն և Ուկրաինան գիշերը զանգվածային  հարվածներ են հասցրել միմյանց. կան վիրավորներ

Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են մեկը մյուսի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի լույս 9-ի գիշերը և նախորդող երեկոյան երկրի տասը տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում խոցվել է ուկրաինական 158 անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում ռուսական ուժերը որսացել և ոչնչացրել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները՝ համապատասխանաբար 67 և 29։Բացի այս երկու շրջաններից, ԱԹՍ-ներ են խոցվել Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի, Պենզայի, Սարատովի և Օռլովի մարզերի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում։ Ժամանակավորապես փակվել են Վլադիկավկազի (Հյուսիսային Օսիա) և Գրոզնիի (Չեչնյա) օդանավակայանները։

Դոնի Ռոստովի արվարձաններից մեկում ընկած, բայց չպայթած ուկրաինական ԱԹՍ-ի պատճառով տարհանել են բազմաբնակարան շենքի բնակիչներին։ Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տուժածներ չկան, կոնստրուկցիաները չեն վնասվել, սակայն շենքի 48 բնակիչներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով։

Իսկ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուկրաինական ուժերի գիշերվա գրոհի հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գոռլովկա քաղաքում մեկ կին է վիրավորվել։ Ուկրաինական իշխանություններն իրենց հերթին հայտնել են ռուսական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի մասին։

Հարվածների են ենթարկվել Դնեպրի, Խարկովի, Սումիի, Խերսոնի մարզերը, ինչպես նաև այլ շրջաններ։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Դնեպրում ռուսական ուժերի հարվածների հետևանքով վիրավորվել է 14 մարդ. հարվածի տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր։ Կոտրվել է առնվազն 200 ապակի։ Խարկովում վիրավորվել է 2 մարդ, քաղաքի երեք շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս