Բաժիններ՝

Դատարանը Սպիտակ տանը պարտավորեցրել է վերականգնել AP-ի մուտքը մամուլի համար միջոցառումներին

ԱՄՆ դաշնային դատարանն ապրիլի 8-ին Միացյալ Նահանգների վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել The Associated Press (AP) գործակալության թղթակիցների և լուսանկարիչների մուտքն Օվալաձև աշխատասենյակ և Սպիտակ տան որոշ այլ հարկաբաժիններ, ինչպես նաև նախագահական ինքնաթիռ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառումներին: Այդ մասին ասված է Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դատավոր Թրևոր Մաքֆադենի որոշման մեջ։

«Համաձայն առաջին լրացման (խմբ.՝ ԱՄՆ սահմանադրության առաջին լրացումը երաշխավորում է խոսքի ազատությունը)՝ եթե կառավարությունը դռները բացում է որոշ լրագրողների առաջ, լինի դա Օվալաձև աշխատասենյակը, Արևելյան սենյակը կամ ինչ-որ այլ վայր, ապա չի կարող այնուհետև այդ դռները փակել այլ լրագրողների առաջ՝ նրանց հայացքների պատճառով», – նշված է  դատավորի 41-էջանոց որոշման մեջ:

AP-ն ավելի վաղ դատի էր տվել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսին և նրա առաջին տեղակալ Թեյլոր Բադովիչին այն բանից հետո, երբ գործակալության թղթակիցները և լուսանկարիչները զրկվել էին Օվալաձև աշխատասենյակ և Սպիտակ տան այլ հարկաբաժիններ, ինչպես նաև նախագահական ինքնաթիռ մուտքի հնարավորությունից՝ մասնակցելու Թրամփի հետ իրադարձություններին: Այդ սահմանափակումներն AP-ի նկատմամբ սահմանվել են այն բանի պատճառով, որ գործակալությունը հրաժարվել է իր նյութերում Մեքսիկական ծոցն անվանել Ամերիկյան ծոց՝ չնայած վերանվանման մասին Թրամփի հրամանագրին:

Ընդ որում, ավելի վաղ Վաշինգտոնի դատարանն այդ հայցի վերաբերյալ կայացրել էր միջանկյալ վճիռ հօգուտ Սպիտակ տան՝ հրաժարվելով ամերիկյան վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությանը պարտավորեցնել անհապաղ վերականգնել AP-ի թղթակիցների մուտքը Թրամփի մասնակցությամբ բոլոր   իրադարձություններին. դատարանը Սպիտակ տանը միայն կոչ էր արել վերանայել AP-ի դեմ սահմանափակումների որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս