Բաժիններ՝

«Վերջին շաբաթվա երկու փոթորիկները մեծ վնաս են հասցրել Բյուրականի աստղադիտարանին». Հայկ Հարությունյան

«Ընդամենը վերջին շաբաթվա ընթացքում երկու փոթորիկներ բավականին մեծ վնաս հասցրին աստղադիտարանին, և մինչև հիմա վերականգնման աշխատանքներ են կատարվում: Աստղադիտարանի շրջակայքի ծառերի մի մասը հիմքից կոտրված է, մի մասն արմատախիլ է արված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Ըստ նրա՝ 2015թ. կարելի է համարել աստղադիտարանի ինֆրակառուցվածքային տարբեր մասերի վերականգնման և վերազինման տարի. «Մենք երկար ժամանակ ունեինք ծրագրեր՝ Բյուրականի աստղադիտարանն ազգային կենտրոն և տարածաշրջանային կենտրոն դարձնելու վերաբերյալ, ու այս տարի կարծես թե վերջացրինք այդ երկու ծրագրերը: Չնայած՝ ազգային կենտրոն դարձել էր 2013թ. սկզբից, բայց այս տարի Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը դարձավ նաև Հարավարևմտյան Ասիայի աստղագիտական տարածաշրջանային կենտրոն»:

Հայկ Հարությունյանը նշեց, որ այս տարի երկու խոշոր դիտակներով արդեն հնարավոր է դիտումները վերսկսել. «1 մետրանոց դիտակը դեռևս 90-ականների սկզբներից սառեցվել ու չէր աշխատում։ Փորձեցինք դա վերականգնել 2006թ.-ից, և այսքան տարիների աշխատանքից հետո այս տարի ստացանք, աստղագետների ասած՝ առաջին լույսը: Նույնը վերաբերում է նաև 2.6 մետրանոց դիտակին, որը չնայած պաշտոնապես երբեք չի կանգնեցվել, բայց վերջին տարիներին կամ չէր աշխատում, կամ աշխատում էր 20-25% հզորությամբ: Անցած տարի հիմնական աշխատանքներն ավարտվեցին, այս տարի կարողանում ենք դիտումներ իրականացնել, և հունվարի մեկից լինելու են օրացուցային:

Առաջին անգամ մեզ հաջողվեց նոր լուսաընդունիչ սարք պատվիրել մեր ունեցած ֆինանսների հաշվին: Լուսաընդունիչ չիպը պատվիրել ենք Անգլիայից, իսկ մնացած ամեն ինչը պատրաստում են Ռուսաստանում, և շուտով մի դիտակի վրա կունենանք մի քանի լուսաընդունիչ սարքեր, որոնք թույլ կտան ժամանակակից մակարդակով դիտումներ կատարել»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս