«ՀՀ քայլերը պետք է լինեն երկիրը արտակարգ իրավիճակին նախապատրաստելը». Վահան Շիրխանյանը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին

Մեր զրուցակիցն է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

– Պարոն Շիրխանյան, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի թուլանում, կրկին զոհեր ու վիրավորներ կան: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

– Գնալով ավելի լարված է դառնում և հասկանալի է, որ Ադրբեջանը միտումնավոր է սրում իրավիճակը և այստեղ պետք է խնդրի լուծման համալիր ծրագիր առաջադրել:

– Ադրբեջանի նպատակը ո՞րն է:

Կարդացեք նաև

– Ադրբեջանում բավականին ծանր ներքին իրավիճակ է և´ տնտեսական առումով, և´ քաղաքական առումով, ճնշումները դրսից մարդու իրավունքների առումով, ներսում տնտեսական իրավիճակը գնալով վատանում է նավթի գների և պաշարների նվազման հետ կապված: Ադրբեջանի բյուջեն պայթում է, այն չէ, ինչ 2-3 տարի առաջ էր և դա գնալով ավելի զգացվում է, նրանց մանաթի փոխարժեքն ընկնում է, այսինքն՝ բազմաթիվ խնդիրներ ունեն երկրի ներսում: Նորանշանակ նախարարը խնդիր ունի ինքնահաստատվելու, և այս բոլորը գումարվելով իրար, միաժամանակ գումարելով միջազգային կառույցների հանցավոր անտարբերությունը Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունների նկատմամբ, նա որոշել է շեղել հանրության ուշադրությունը՝ ասելով՝ տեսեք, ես գնում եմ ռևանշի, ես իմ հողերը պետք է հետ վերցնեմ: Այսինքն՝ Ադրբեջանը ձգտում է հանրության ուշադրությունը շեղել և արտաքին հանրությանը պարտադրել, որ նրանք գնան Ղարաբաղյան խնդրի ադրեբաջանամետ լուծման:

– Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հակառակորդը կիրառել է «նաև» թուրքական զինտեխնիկա, այսինքն՝ մնացածը ռուսակա՞ն է:

– Ադրբեջանը խորհրդային բանակից ժառանգել է բավականին մեծ քանակի զենք, օրինակ՝ 122 մմ թնդանոթներ, РПГ նռնականետեր, ականանետներ և այլն: Դրանք խորհրդային 4-րդ բանակի զինանոցներից են, իսկ հրթիռահրետանային համալաիրը թուրքական ծագում ունի, այսինքն՝ նոր է բերված՝ 90 թվից հետո:

– ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել` կոչ անելով պահպանել հրադադարը, սակայն հստակ չեն նշում մեղավորի՝ Ադրբեջանի անունը: Ինչպե՞ս եք գնահատում սա:

– Նրանք երբեք չեն նշի Ադրբեջանի անունը, որովհետև այդ կառույցը նույնքան մեղք ունի տարիներ շարունակ այս հակամարտության չկարգավորման մեջ, և նա շարունակելու է իր պահվածքը պահպանել: Այստեղ խոսում է ոչ թե հակամարտության լուծման քաղաքական նպատակադրումը, այլ՝ այդ կառույցը ներկայացնող անդամ երկրների տնտեսական շահերի հետապնդման:

– Կրկին խոսել են հետաքննություն կատարելու մասին: Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ ռեալ արդյունք կտա և արդյոք Ադրբեջանը կհամաձայնի՞:

– Վաղուց է առաջարկ եղել կազմակերպել հետաքննություն, դիտորդական առաքելություններ, որպեսզի ճշտեն, թե ում կողմից է զինադադարը խախտվում: Ադրբեջանը միշտ մերժել է դրանք և ԵԱՀԿ-ն միշտ գտնվել է անհետևողական: Կարծում եմ, հիմա էլ կմերժի, որովհետև նա հանրության ուշադրությունը շեղելու խնդիր ունի այսօր իր երկրի ներսում, և դրսի հանրության ուշադրությունը գրավելու խնդիր ունի, որովհետև Ադրբեջանի քաշը՝ որպես միջազգային սուբյեկտ, սարսափելի արագությամբ ընկնում է՝ կապված նրա տնտեսական և քաղաքական իմիջի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այս իրավիճակում:

– Պարզ է, որ Ռուսաստանի համար ծայրահեղ վտանգավոր զարգացում կլինի, եթե այստեղ հակամարտութունը սրվի և վերածվի պատերազմական գործողությունների: Դա խիստ անցանկալի է Ռուսաստանի համար: Եվ, հետևաբար, նա օգտագործելու է բոլոր լծակները, որպեսզի կայունություն մտցնի:

– Նշեցիք, որ համալիր լուծում է անհրաժեշտ: Ինչպե՞ս եք տեսնում այս լուծումը:

– Եթե մենք, համենայն դեպս, հավատանք Ադրբեջանի գործողություններին, ենթադրենք, թե նա լայնամասշտաբ գործողությունների է պատարստվում, ուրեմն Հայաստանի խնդիրներները կայանալու են հետևյալում.

1) Հայաստանը պետք է մշակի ու իրականացնի մոբիլիզացիոն ծրագիր, որի մեջ կարող է լինել աշխարհազորային կայազորների ձևավորում՝ ըստ բնակավայրերի, երկրի ներքին ռեսուրսների հավաքագրում՝ մարդկային, տնտեսական և այլն, և ժողովրդի նախապատրաստում: Համարենք, որ Ադրբեջանն ունի նման միտում, այդ դեպքում ՀՀ քայլերը պետք է լինեն երկիրը արտակարգ իրավիճակին նախապատրաստելը: Չնայած ես վստահ եմ, որ պատերազմ չի վերսկսվի, բայց Ադրբեջանի համարժեք պատասխաններից մեկը հենց դա է:

2) Արտաքին քաղաքականությունում մեր դիվանագիտական բոլոր կառույցները, դեսպանատները պետք է լայնամսշտաբ հարձակում սկսեն ադրբեջանական այս ահաբեկչական գործողությունների դեմ՝ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ Ադրբեջանն ահաբեկիչ երկիր է, ահաբեկիչ սնող, պատրաստող, խաղաղ բնակիչների վրա հարձակում գործող երկիր է: Փաստերն այնքան շատ են, որ ներկայացնելու խնդիր չի ինի, որ այդ երկիրը ահաբեկիչների բուն է՝ սկսած 90-ական թվականներից՝ և´ չեչեն գրոհայիններ, և´ մոջահեդներ, հիմա էլ այդ իսլամական գրոհայինները, որոնք այնտեղ մարզվում, բուժվում, սնվում ու ֆինանսավորվում են: Այդ երկիրը դարձել է ահաբեկչության որջ և մեր դիվանագիտության բոլոր հնարավորությունները պետք է գործի դրվեն, շատ լայնածավալ քարոզչական քայլեր արվեն՝ աշխարհին դա ցույց տալու համար: Դրանից հետո կուզենա՞ մի որևէ երկիր Ադրբեջանին օգնել, թող շարունակի:

Տեսանյութեր

Լրահոս