Բաժիններ՝

«Կյանքը թանկանում է, մենք պետք է թանկացումներին միշտ պատրաստ լինենք»

«Դուք էլ տեսում եք այն, ինչ մենք ենք տեսնում: Ամեն ինչ պետք է անենք, որ լավ լինի: Այս իրադրության օբյեկտիվ պատճառներ էլ կան, միայն իշխանությունից կախված չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ-ի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը՝ գնահատելով տնտեսության ներկայիս վիճակը:

Ըստ նրա՝ ՌԴ-ում վերջին ամիսներին կայունացում է նկատվում, դա կապված է ՌԴ ռուբլու հետ, ՀՀ-ի հետ կապ չունի. «Մարդիկ սպասում են՝ ավելի շատ ռուսական շուկայում կայունություն լինի, կարողանան իրենց արտադրանքը վաճառել»:

Նա նշեց, որ հաշվարկ չի արել, թե արտադրության վրա ինչպես կազդի էլեկտրաէներգիայի թանկացումը. «Ցանկացած էներգակիրի թանկացում տնտեսության վրա ազդում է, բայց թե որքան կազդի, կախված է, թե ինքնարժեքի մեջ ինչքան է կազմում»:

Անդրադառնալով ակցիզային հարկի փոփոխություններին, որով նախատեսվում է թանկացնել օղու, վառելիքի ու ծխախոտի ակցիզային հարկը, Ա.Պետրոսյանը նշեց, որ ցանկացած նախագիծ, որը բերում է թանկացումների, լավ բան չէ, բայց պետք է նայել ռեալության տեսակետից, որ կառավարության եկամուտները բավարարեն ծախսերը. «Բոլորիս աշխատանքի նպատակը բյուջե լցնելն է, որովհետև մարդկանց թոշակն ու աշխատավարձը կախված է բյուջեից: Իսկ բյուջեն լցնելու համար պետք է ապահովել տնտեսական աճ»:

Հարցին, թե արդյոք էներգետիկ թանկացումը չի՞ նպաստի, որ տնտեսվարողները դադարեցնեն իրենց գործունեությունը, Ա.Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ մտածում, որ ձեռնարկությունները համատարած կփակվեն: Պետք չէ վախենալ թանկացումներից, ամբողջ աշխարհում թանկանում է, բոլոր երկրներում թանկացումներ են, չպետք է վախենալ թանկացումներից: Բայց պետք է կարողանանք այնպիսի աշխատատեղեր ստեղծենք, ու այնպիսի աշխատավարձ լինի, որ չնեղվեն թանկացումից: Թանկացումներից չպետք է խուսափենք: Ռուսներն Ալյասկան Ամերիկային ծախել են 7 մլն դոլարով, նորմա՞լ է: Կյանքը թանկանում է, մենք պետք է թանկացումներին միշտ պատրաստ լինենք, բայց պետք է գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը զարգացնենք այնպես, որ մարդկանց վրա թանկացումը չազդի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս