Ում հանձնարարել աուդիտը և ինչը պետք է ստուգել

Թեև նախորդ համարում գրել ենք ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու առաջարկության մասին, որոշեցինք այս համարում նույնպես անդրադառնալ թեմային, քանի որ աուդիտի նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը շարունակում է ակտուալ մնալ։

Արդեն կատարված աուդիտների մասին
Ինչպես արդեն մամուլում գրվել է, ՀԷՑ-ի ամենամյա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնում է «Ernst & Young» ընկերությունը։ Այն հանդիսանում է աուդիտորական մեծ քառյակի անդամ, այսինքն` շատ լուրջ ընկերություն է։ Այս ընկերությունը ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունների դրական եզրակացություն է տվել վերապահումով։ Իսկ ֆինանսների ոլորտին առնչվող մարդիկ գիտեն, որ «վերապահում» բառը նշանակում է բավականին խորը խնդիրներ։ EY-ը նշել էր, որ հաշվետվությունների մեջ կան խեղաթյուրումներ։ «Աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների խեղաթյուրումը նկարագրված էր մեր` 2015թ. փետրվարի 13-ին թողարկված աուդիտորական եզրակացության` Կարծիքի ձևափոխման հիմքեր պարբերության մեջ։

Վերապահումով դրական կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ ընկերությունը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ խախտել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Վնեշէկոնոմբանկի» հետ համապատասխանաբար 2009թ. ապրիլի 20-ին և 2009թ. հունիսի 17-ին կնքված պայմանագրերի վարկային սահմանափակող պայմանները, ինչը հանդիսանում է պարտավորությունների չկատարում։ Հետևաբար, բանկերը կարող էին պահանջել պայմանագրով նախատեսված վարկի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարում` հաշվեգրված կամ վճարման ենթակա տոկոսների հետ միասին։

Ելնելով վերոնշյալից` 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ վարկերը պետք է դասակարգվեին` որպես ընթացիկ, քանի որ ընկերությունը չուներ անվերապահելի իրավունք` հետաձգել դրանց մարումը մինչև հաշվետու ամսաթվից հետո 1 տարի և ավել ժամկետը։ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերությունը 18,045,165 հազար ՀՀ դրամի վարկերը դասակարգել է որպես ոչ ընթացիկ պարտավորություններ, որն իրենից ներկայացնում է ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտից հրաժարում»,- նշված է Ernst & Young-ի աուդիտորական եզրակացության մեջ (2015թ. փետրվարի 13)։

Աուդիտորն այսքանից ավելի չէր խորացել և փակագծերը չէր բացել։ Ոչ թե այն պատճառով, որ չի կարող կամ չի ուզում, այլ պարզապես` ի սկզբանե աուդիտի սահմանները եղել են այդքանը։ Իսկ հետագա աուդիտի սահմանները պետք է որոշել ինքնուրույն` նախևառաջ ընտրելով, թե ում վստահել աուդիտը։

Ում հանձնարարել աուդիտը
Սա, թերևս, ամենակարևոր հարցերից մեկն է` ում վստահել աուդիտը, որպեսզի այն կատարվի բարեխղճորեն և վստահություն ներշնչի։ Վստահության հարցն այստեղ առանցքային է։ Շատերից եմ լսել այն տեսակետը, որ միևնույն է` աուդիտորական ընկերությանը «կգնեն», և այն կնկարի ցանկալի թվերը։

Այս առումով, որպեսզի գրեթե 100%-անոց վստահություն ունենանք եզրակացությունների մասով` հարկավոր է ընտրել, այսպես կոչված, աուդիտորական «Մեծ քառյակի» (Big Four) ընկերություններից մեկը: Մեծ քառյակի մեջ մտնում են 4 բրենդեր` Deloitte, Pricewaterhouse Coopers, Ernst & Young, KPMG: Մեծ քառյակի մեջ մտնող ընկերություններից ոչ մեկն առանձին մեկ կազմակերպություն չէ։ Դրանցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է տարբեր ընկերություն` անկախ ու սեփական մենեջմենթով, որոնք պայմանագրային հիմունքներով միավորվել են մեկ բրենդի մեջ և աշխատում են նույն արժեքներով և ստանդարտներով։ 20-րդ դարի մեծ մասում Մեծ Քառյակի փոխարեն Մեծ ութնյակ էր։

Հետո տեղի ունեցան միաձուլումներ, փլուզումներ և այլ գործընթացներ, որոնց հետևանքով Մեծ Ութնյակը նախ դարձավ Մեծ Վեցյակ, հետո` Հնգյակ։ Հնգյակը քառյակի վերածվեց 2001-ին, երբ փլուզվեց Artur Andersen-ը։ Դա տեղի ունեցավ ամերիկյան էներգետիկ Enron կորպորացիայի սկանդալի հետևանքով, երբ պարզվեց, որ Artur Andersen-ը թաքցրել էր աուդիտի արդյունքում բացահայտված «վատ» ցուցանիշները։ Այսինքն` ներկայումս գործող 4 խոշոր բրենդերն այն ընկերություններն են, որոնք մնացել են «մաղի մեջ»։

Նրանց համար ամենակարևորը սեփական հեղինակությունն է, որը նրանք չեն վաճառի ոչ մի գնով։ Պատկերացում կազմելու համար նշենք, որ Deloitte-ի եկամուտը 2014 թվականին կազմել է 34.2 մլրդ դոլար, աշխատակիցների թիվը` 210 հազար։ PricewaterhouseCoopers-ի տարեկան եկամուտը կազմել է 34 մլրդ դոլար, Ernst & Young-ինը` 27.4 մլրդ դոլար, KPMG-ինը` 24.8 մլրդ։ Կարճ ասած, չենք չափազանցնի, եթե ասենք, որ այս ընկերություններին կաշառելն անհնար է։ Ընդ որում, պարտադիր պայման պետք է լինի, որ ընտրությունը կանգ առնի վերը նշված աուդիտորական ընկերությունների` ՈՉ հայկական մասնաճյուղերի վրա։ Սրանով չենք թերագնահատում կամ կասկած հայտնում Հայաստանի շուկայում գործող KPMG-ի կամ EY-ի նկատմամբ: Պարզապես, KPMG-խմբի դրսի ընկերությունը հայկական շուկայում ավելի անկաշկանդ կգործի, հասարակական վստահությունն ավելի մեծ կլինի։ Բացի այդ` կան ընկերություններ, որոնք մասնագիտացած են կոնկրետ էներգետիկ ոլորտում։

Անգամ տեխնիկական հարցերում («լևի լույս գողանալու» նման) նրանք հնարավորություններ ունեն մասնագետներ ներգրավել և ոտքից գլուխ քչփորել ընկերությունը։ Կարճ ասած, աուդիտորական ընկերություն ընտրելիս պետք է ընտրությունը կատարել հետևյալ 3 պարտադիր չափանիշներով` ա) անպայման Մեծ Քառյակից, բ) դրսում գործող և գ) էներգետիկ ոլորտում մասնագիտացած։

Ինչը պետք է ստուգել
Սա հաջորդ ոչ պակաս կարևոր հարցն է։ Աուդիտորական ընկերությունները ժլատ են թե՛ իրենց ուսումնասիրության դաշտի հարցում, թե՛ հրապարակվելիք ինֆորմացիայի առումով։

Ֆինանսական աուդիտը, որը կատարվում է խոշոր ընկերություններում, այդ թվում` ՀԷՑ-ում, ստանդարտ գործընթաց է` ստանդարտ պայմաններով։ Աուդիտորը գիտի` ինչը ստուգել և ինչի մասին եզրակացություն տալ։ ՀԷՑ-ի համար անցկացվող աուդիտի դեպքում պատվիրատուն ինքը պետք է որոշի` ինչն է ստուգվելու, ինչ խորությամբ և ինչպես։ Միջազգային պրակտիկայում դրան անվանում են Agreed upon Procedures (համաձայնեցված ընթացակարգեր)։ Այսինքն` ի սկզբանե շատ մանրամասն ու մտածված պահանջներ պետք է դնել աուդիտորի առաջ, որովհետև նա նախապես դրված պահանջներից ավելի ոչինչ չի անի ու չի հրապարակի։ Եթե ուզում ենք, որ ՀԷՑ-ի և ամբողջ էներգետիկ համակարգի «կեղտն» ամբողջությամբ ջրի երես դուրս գա, ուրեմն պետք է խնդիրը հստակ դրվի ու ամբողջ խորությամբ։

Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Սակայն այստեղ կա մի կետ, որը կասկածի տեղիք է տալիս։

Հունիսի 27-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով ՀԷՑ-ի աուդիտի մասին` ասաց. «Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին`

  • ինչքանո՞վ էր հիմնավորված սակագնի բարձրացումը,
  • սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»:

Եթե աուդիտորի առջև դրվելու են միայն այս երկու հարցերը, ապա համոզված եղեք, որ ոչինչ չի պարզվի։ Առավելևս, որ Ս.Սարգսյանն արդեն անուղղակիորեն ուղղորդում է` նշելով. «Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է»:
Մեզ պետք չէ աուդիտ, որը կպատասխանի միայն այս երկու հարցին։ Ամենայն հավանականությամբ, անկախ աուդիտորական եզրակացությունը կհաստատի, որ սնանկացման եզրին կանգնած ՀԷՑ-ի փրկությունը սակագնի բարձրացումն է։ Սակայն շատ ավելի կարևոր հարց է` ինչի՞ պատճառով է ՀԷՑ-ը կանգնել նման խնդիրների առաջ։ Արդյո՞ք նշված պատճառներից բացի (էներգմատակարարման սխեմայի խախտում, փոխարժեք և այլն), այլ պատճառներ չկան։

Մեզ պետք է աուդիտ, որը, նախագահի նշած 2 հարցերից բացի, կպատասխանի նաև հետևյալ հարցերին`

1. Որքանո՞վ է արդյունավետ եղել ՀԷՑ-ի մենեջմենթը։
2. Ինչի՞ պատճառով է մոնոպոլիստ ընկերությունը հայտնվել սնանկության շեմին։
3. Եղե՞լ են արդյոք ֆինանսական խարդախություններ, և ի՞նչ դեր են դրանք ունեցել այս ամենի մեջ։

Այսինքն` մեզ պետք է շատ խորը ու լայնածավալ ուսումնասիրություն։ Ոչ միայն մեզ, այլև ՀԷՑ-ի ներկա ու, ինչո՞ւ ոչ, ապագա հնարավոր սեփանակատերերին։
Այս պարագայում Սերժ Սարգսյանի առաջարկած լուծումը` միջազգային հեղինակավոր ընկերության ներգրավմամբ մանրազնին ուսումնասիրության ենթարկել ՀԷՑ-ի գործունեությունը, իրականում վատը չէ։

Սակայն պետք է ստիպել, որ բավարարվեն վերը նշված բոլոր պայմանները, և հնարավորության դեպքում` նմանատիպ աուդիտ անցկացվի նաև էներգետիկ համակարգի մյուս խոշոր ընկերություններում։

Եթե այս պայմանները բավարարվեցին, և Մեծ քառյակի որևէ ընկերության հետ պայմանագիր կնքվեց, որ իրականացվելու է մեր ուզած խորությամբ և մասշտաբայնությամբ ստուգում, հանգիստ խղճով կարելի է ասել, որ էլէներգիայի թանկացման դեմ պայքարը հասավ իր նպատակին։

Տեսանյութեր

Լրահոս