«Չենք ցանկանում, որպեսզի գաղութն ամայանա, բայց…». Հալեպի Բերիո թեմի բանբեր

«Սիրիայի հայ համայնքի ղեկավարները չեն խոչընդոտում սիրիահայերին լքել Սիրիան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրիայի Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Դամասկոս կատարած այցի ժամանակ առաջնորդարանի պատճառով չի քննարկվել այն սիրիահայերի տարհանման հարցը, ովքեր ցանկանում են լքել Սիրիան: Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող կարծիքների, այդ հարցը չի բարձրացվել, քանի որ առաջնորդարանը և Սիրիայի հայ համայնքի ղեկավարները ցանկանում են ամեն գնով պահպանել հայ համայնքը, որն առանց այն էլ՝ հայաթափված վիճակում է: Հարցին, թե ինչո՞ւ են հայ համայնքի ղեկավարները խոչընդոտում սիրիահայերի՝ Հայաստան վերադառնալու գործընթացին, Ռեիսյանը պատասխանեց, թե սխալ է նման որակումներ տալը:

Նա տեղեկացրեց, որ Դամասկոսում հայ պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմանն անձամբ է ներկա գտնվել, որտեղ ՀՀ ԱԳ նախարարը, դեսպանն առաջարկել են համայնքի ներկայացուցիչներին ներկայացնել իրենց խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները, եղել են հարցեր, բոլոր հարցերը ստացել են սպառիչ պատասխաններ:

«Իսկ հիասթափվող մարդկանց չեմ հասկանում, եթե նրանք հարց չեն բարձրացնում: Փոխանակ հիասթափվեն, թող հարցեր բարձրացնեն և ստանան պատասխաններ, աջակցություն»,- ասաց Ռեիսյանը: Վերջինս նշեց, որ համայնքի որևէ ներկայացուցչի անձնական ցանկությունը հավաքական ցանկություն չէ, և չպետք է ասել, թե բոլորը ցանկանում են հեռանալ:

«Կան մարդիկ, ովքեր ցանկանում են հեռանալ, կան մարդիկ, ովքեր ցանկանում են մնալ: Այս ամենը հավաքական տրամադրություն չէ: Իսկ առաջնորդարանի դերակատարության մասին խոսելը, կարծում եմ, որ սխալ է: Առաջնորդարանը, ազգային իշխանությունը, պատասխանատու բոլոր կողմերը մտածում են, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դուրս գալ Սիրիայից, վերադառնան հայրենիք: Բնականաբար, մենք չենք ցանկանում, որպեսզի գաղութը լուծարվի, ամայանա, բայց դեմ չենք կարող լինել, եթե մարդիկ որոշում են հեռանալ, խորհուրդ ենք տալիս մեկնել հայրենիք: Բոլոր նրանց, ովքեր այստեղ են, իրենց կալվածքներին, ունեցվածքին, տներին փորձում են հետևել, տիրություն անել, ազգային ղեկավարությունն աջակցելու է և տեր է կանգնելու նրանց բոլոր խնդիրներին»,- ասաց Ռեիսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս