Նազարյանների բիզնեսը վերջնական «փակվեց». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից այլևս չի գործելու «Մոսկվիչկա» ցանցի՝ Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը։ Երեկ սուպերմարկետն ամբողջությամբ «դատարկել» էին, որպեսզի հանձնեն նոր սեփականատիրոջը։

Ըստ մեր տեղեկությունների՝ նույն հասցեում գործելու «էվրիկա» սուպերմակետը, որը Երևանում մի քանի մասնաճյուղ ունի։ Իսկ «Մոսկվիչկա» սուպերմարկետն այլևս ցանց չի ունենալու, այդ անվամբ միակ խանութը գործելու է Երևանի Հյուսիսային պողոտայամ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը պատկանում է ազգությամբ եզդի Թեմուր Ուսուբովին։ Հիշեցնենք, որ դեռևս փետրվարին «ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ։ Այսօրվա դրությամբ Երևանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության դրամական միջոցներն արգելանքի տակ են։ Տեղեկացնենք նաև, որ հունվարի 26-ին «ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը, անդրադառնալով իր որդու բիզնեսի խնդիրներին, ասել էր.

«Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»։

«ժողովուրդ»-ը երեկ զրուցել է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդու՝ Արմեն Նազարյանի հետ, որը ղեկավարում էր սուպերմարկետների ցանցը։

– Պարոն Նազարյան, փաստորեն Երևանի Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գործունեությունը որոշել եք դադարեցնել։ Ինչո՞ւ եք վաճառել սուպերմարկետը, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ որոշել եք լքել Հայաստանը ու Ձեր բիզնես գործունեությունը ծավալել ԱՄՆ-ում։

– Փակվելու է սուպերմարկետը ու այլ ցանցի է միանալու, ես չեմ ուզում նշել, թե ինչ ցանց է այդտեղ գործելու, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում։ Կդառնա այն, ինչ կդառնա, դա բոլորը կտեսնեն։ Ես հանձնում եմ այլ ցանցի։ Սա արվում է միայն նրա համար, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն մատակարարների, բանկերի հետ, այժմ պրոցես է գնում, ու մենք փորձում ենք այդ պրոցեսում կարգավորել այս հարցերը։ Ոչ մի ուրիշ խնդիր չկա։ Այն տեղեկությունները, թե ես երկրից գնում եմ, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ես երկրում եմ։

– Տեղեկություններ կան նաև, որ Դուք դիմելու եք համապատասխան մարմիններին՝ Ձեզ սնանկ ճանաչելու համար։ Պատրաստվում եք նման քայլի դիմել։

– Երկրից բացակայել, դիմել սնանկության, որևէ մեկի գումարը չվճարել և այլն, եթե նման տեղեկություններ են տարածում, ապա Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Խնդրում եմ, որ նման հերյուրանքների չհավատաք, դրանք սուտ տեղեկություններ են։ Ես իմ ընտանիքով Երևանում եմ, պատրաստ եմ ընդունել ցանկացած մարդու, ով կցանկանա պարզաբանում ստանալ։ Կազմակերպությունը բոլոր նրանց, ում պարտք է, մինչև վերջ վճարելու է։ Ու ես երկրից չեմ պատրաստվում գնալ։

Իսկ Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկան» մնալու է նույն անվամբ, միանալու է այլ ցանցի ու նորմալ իր գործունեությունը շարունակելու է։ Սայաթ-Նովայինը այլ ցանց է լինելու, Հյուսիսային պողոտայինը՝ այլ, այդ տարածքում գործելու են այլ ցանցի սուպերմարկետներ։ Կրկնում եմ՝ դա արվել է նրա համար, որպեսզի առաջացած բոլոր խնդիրներին լուծում տրվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս