Բաժիններ՝

Ինչպե՞ս կանգնեցնել Ալցհեյմերի հիվանդությունը

Ալցհեյմերի հիվանդությունն անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որի հիմքում ընկած է բջիջներում որոշ սպիտակուցների ճիշտ տարածական կառուցվածքի խախտումը: Այս սպիտակուցները ձեռք են բերում հիվանդածին տարածական կառուցվածք: Սպիտակուցները բաղկացած են ամինաթթուների շղթաներից, իսկ տարածական եռաչափ կառուցվածքը ձևավորվում է շղթաների պարուրման արդյունքում: Տարածական կառուցվածքից են կախված սպիտակուցի հատկությունները, գործառույթները, այլ մոլեկուլների (այդ թվում` սպիտակուցների) հետ փոխազդեցությունը:

Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ նեյրոններում (ուղեղի բջիջներ) սպիտակուցները ձեռք են բերում այնպիսի տարածական կառուցվածք, որ սկսում են ձուլվել մեկը մյուսի հետ՝ առաջացնելով աստիճանաբար խոշորացող անլուծելի գոյացություններ: Երկար ժամանակ կարծում էին, որ բջիջները մահանում են սպիտակուցային կուտակումների հետևանքով: Հետագայում պարզվեց, որ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ բջջում իրադարձությունները զարգանում են երկու փուլով: Ձուլվելով իրար հետ՝ հիվանդածին բետա-ամիլոիդ սպիտակուցներն առաջացնում են խոշոր թելաձև գոյացություններ՝ ֆիբրիլներ: Այնուամենայնիվ, բջջում առկա են բազմաթիվ ամիլոիդային սպիտակուցներ, որոնք դեռևս չեն հասցրել փոխազդել մեկը մյուսի հետ: Այս ազատ սպիտակուցները սկսում են փոխազդել թելաձև գոյացության հետ, որը ծառայում է որպես պլատֆորմ: Արդյունքում՝ դրանք էլ են փոխում իրենց տարածական կառուցվածքը, դառնում են հիվանդածին և առաջացնում են ավելի փոքր գոյացություններ՝ կլաստերներ, որոնք լուծելի են և գտնվում են լողացող վիճակում: Վերջին տվյալների համաձայն՝ այս փոքրիկ կլաստերներն օժտված են բարձր տոքսիկությամբ, և հենց դրանք են վնաս հասցնում նեյրոններին, այլ ոչ թե նստվածք առաջացնող ֆիբրիլները: Եվ եթե նախկինում փնտրում էին այնպիսի դեղամիջոցներ, որոնք կկանխեին ֆիբրիլների առաջացումը, ներկայումս փնտրում են այնպիսի միջոցներ, որոնք կճնշեն երկրորդ փուլը` կլաստերների առաջացումը: Ի վերջո, այս փոքրիկ կլաստներները ևս վերածվում են անլուծելի ֆիբրիլների, որոնց վրա սկսում են ձևավորվել նոր կլաստերներ: Այս ցիկլը նման է շղթայական ռեակցիայի:

© Copyright 2014 CorbisCorporation«Nature Structural & Molecular Biology» գիտական ամսագրում վերջերս տպագրված մի հոդվածում նկարագրվում է Brichos շապերոնի աշխատանքը: Շապերոնները սպիտակուցներ են, որոնք օգնում են այլ սպիտակուցներին ձեռք բերել ճիշտ տարածական կառուցվածք, պահպանել այն, ինչպես նաև` ուղղել սխալ կառուցվածքը: Սակայն Brichos շապերոնն այլ կերպ է գործում: Այն կապվում է ալցհեյմերային ֆիբրիլների այն տեղամասերի հետ, որոնց շուրջ տեղի է ունենում նոր կլաստերների առաջացում ազատ լողացող բետա-ամիլոիդի մոլեկուլներից և դանդաղեցնում է կլաստերների առաջացման գործընթացը: Մկների հետ կատարված փորձերը հաստատեցին, որ այս արգելակիչ սպիտակուցի ազդեցությամբ բջիջներում կտրուկ նվազում է թունավոր կլաստերների քանակությունը: Չնայած նոր ֆիբրիլներ առաջանում էին, նեյրոնները կայունություն էին ցուցաբերում և չէին մահանում:

Այժմ պետք է հասկանալ՝ ինչպես օգտագործել Brichos սպիտակուցը կիրառական խնդիրներ լուծելու համար և ինչպես բարձրացնել այս սպիտակուցի ակտիվությունը նեյրոդեգեներատիվ գործընթացների ժամանակ:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս