«Որ տրանսպորտ է անցնում, ամբողջ շենքն իրար է գալիս». Արցախի 23 շենքը փլման վտանգի առջև է (տեսանյութ)

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառված է քանդման ենթակա 4-րդ կարգի վթարայնության 9 շենք՝ 450 բնակարանով: Այս տարի Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնել է 4 բազմաբնակարան շենքերի կառուցում, որի արդյունքում ամբողջությամբ կլուծվի վթարային շենքերի 450 բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը:
Բայց մինչ քաղաքապետարանը խոստումներ է տալիս, ապագայի լուսավոր ծրագրեր է մշակում, վթարային շենքերի բնակիչները՝ վախը սրտներում, սպասում են շենքի քանդվելուն: Հավատը կորցրել են նույնիսկ այն փոքրիկները, ովքեր ստիպված են խաղալ կեղտաջրերով կամ պատերից ամեն օր թափվող քարերով:

«Ամեն օր մեկը գալիս է, ասում, որ կամրացնեն, կքանդեն, նոր շենք կկառուցեն, բայց անգամ միջանցքի պատուհաններին ապակիներ չեն դնում, որ ձմռանը չսառչենք, չքարանանք, գալիս են, ապակու փոխարեն ցելոֆան քաշում, որն առաջին իսկ փչած քամին պոկում է, հանում»,- 168.am-ի հետ զրույցում ասում էին Արցախի 23 հասցեում գտնվող հինգհարկանի վթարային շենքի բնակիչները:

Arcax-poxocՆրանց խոսքով՝ շենքում անգամ նորմալ խմելու ջուր չկա. «Ջուր չունենք, այդ խնդրով դիմել ենք «Երևան-Ջուր» ընկերությանը, թաղապետարանին, բայց մերժում ենք ստացել: Ասացին, որ այդ հարցը, միևնույն է, լուծում չի ստանա, բայց այդպես էլ չիմացանք՝ ինչո՞ւ: Ստիպված առաջին հարկից ամեն օր մի քանի անգամ ջուր ենք բերում դույլերով: Բայց այդպես որքա՞ն կարելի է: Ջուր չկա անգամ զուգարաններում, որից օգտվում են շենքի տասնյակ ընտանիքներ միաժամանակ, և ամեն անգամ դույլերով ենք ջուրը լցնում: Սարսափելի հակահիգիենիկ պայմաններ են, էլ չենք ասում, որ այդ ջուրն առանց այն էլ փլման վտանգի առաջ կանգնած այս շենքի տակ է հավաքվում, ինչն էլ մեծացնում է շենքի քանդվելու վտանգը»:

Տիկին Արմենուհին 1990-ից ապրում է այդ շենքում, իսկ իրենց փոքրիկ բնակարանում բնակվում են ընտանիքի 11 անդամներ: Ունի չորս թոռնիկ, որոնք խաղալու ոչ մի տեղ չունեն: «Ամբողջ օրը երեխաներին գրկած ենք ման գալիս, ո՛չ խաղալու տեղ ունեն, ո՛չ հարմարություն կա: Կալանավորի նման են այս երեխաները, մենք էլ՝ հետները: Որ տրանսպորտ է անցնում, ամբողջ շենքն իրար է գալիս: Թող գոնե ինչ-որ մի բան անեն, մի ձեռք մեկնեն, էլի: Իսկ զուգարաններն ուղղակի խոլերայի բուն են»,- ասում է տիկին Արմենուհին: Նրա խոսքով՝ արդեն 20 տարի է՝ ապրում են այդ պայմաններում՝ համբերելով, որ մի օր լույս կբացվի, իրենց հույսերը կարդարանան, և կապրեն գոնե տարրական պայմաններով ապահովված բնակարանում:

ArcaxԱնզեն աչքով էլ տեսանելի է, որ շենքի պատերին ամբողջությամբ ճաքեր են: Այդ ճաքերը փակելու համար նրանցից ոմանք վերանորոգման աշխատանքներ էին կատարում, միաժամանակ խոստովանում, որ դա ինքնախաբեության մի ձև է:

«Վերանորոգում ենք, որ բնակարանը մի փոքր տեսքի գա, բայց դրանից հո շենքը չամրացա՞վ»,- ասում էին նրանք:
Իսկ այս ամենի մեջ ոգևորողը բնակիչների այն միտքն էր, որ չնայած այս ամենին՝ իրենք հայրենիքը լքելու մտադրություն չունեն. «Թեև այսօր նման մարդիկ կան, բայց մենք մեր երկիրը չենք լքելու…»:

Տեսանյութեր

Լրահոս