Բաժիններ՝

Նախախորհրդարան. Անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն

Հայության առջեւ ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի, առկայությունն է: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:

«Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլեւ անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային եւ կեղեքիչ գործունեության հետեւանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլեւ հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը:

Ուստի այսօր հայության գերխնդիրը պետական կառավարման յուրային համակարգի ձեւավորումն է, որի լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործը ձեռնարկել է Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը:

Իրապես համազգային մասշտաբի այս ձեռնարկումը պահանջում է զգալի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նոր հայկական պետության ստեղծման համազգային շարժում ձեւավորելու համար: Մասնավորապես` հարկ կլինի.

1) մասնագետներ ներգրավել նոր պետության ռազմավարական ծրագրի մշակման համար,

2) Հայաստանում եւ արտերկրի գաղթօջախներում ձեւավորել ցանցային կառույց` իր գրասենյակներով,

3) ստեղծել եւ գործադրել տեղեկութային-քարոզչական անկախ համակարգ (հեռուստատեսություն, լրատվական գործունեություն եւ այլն),

4) ապահովել հալածյալների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանությունը,

5) ձեւավորել վարչախմբի հեռացման եւ դրանից հետո պետության կառավարման համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմիններ, առաջին հերթին` այլընտրանքային յուրային խորհրդարան ու ապահովել դրանց լեգիտիմացումը եւ գործունեությունը:

Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ, որի գլխավոր ու հիմնական նպատակը պիտի լինի Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձեւավորումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս