Սաակաշվիլին դատապարտել է ՌԴ-ի հանդեպ Վրաստանի կառավարության ներկայիս դիրքորոշումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հրապարակավ քնննադատել է Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն և դժգոհություն է հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի հետ համագործակցության հարցում Վրաստանի ներկայիս ղեկավարության որդեգրած դիրքորոշման կապակցությամբ:

Նախօրեին Գարիբաշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը և առաջարկել էր օրինակ վերցնել Վրաստանից, ով լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և միաժամանակ շարունակում է իր եվրոպական ուղին և ձգտում է դեպի ԵՄ:

«Գարիբաշվիլու հայտարարությունը, որում նա փաստացիորեն նշել է, որ Վրաստանը չի կարող աջակցել Ուկրաինային և պետք է կենտրոնանա Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու վրա, արմատականորեն փոխում է իմ երկրի ռազմավարական կողմնորոշումը: Վրաստանը բազում տարիներ պայքարել է իմպերիալիստական Ռուսաստանի դեմ:

Մինչդեռ ներկայումս Վրաստանի կառավարությունը երես է թեքում Ուկրաինայից: Դա նվաստացում և ամոթալի է վրաց ժողովրդի առջև: Դա տեղի է ունենում այն բանի ֆոնին, երբ Վրաստանին օգնել է միայն Ուկրաինան»: Սաակաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանում տվյալ հարցում կտիրի համերաշխություն: Սաակաշվիլին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն հերթական անգամ մեղադրել է ռուսական «Գազպրոմի» հետ կապեր ունենալու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս