Բաժիններ՝

Կառավարությունը պատրաստվում է հերթական «գույք պարտքի դիմացին»

ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական գույք պարտքի դիմաց գործարքը կնքել: Այս անգամ, կարծես, ամերիկյան կողմի հետ: Գործադիրի առաջիկա՝ հուլիսի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման մի նախագիծ, որն առաջին հայացքից թվում է, թե շատ դրական նպատակ ունի: Հարցը վերաբերում է «Հայգազարդ» ՓԲ ընկերության մի շարք պարտավորությունները մարելուն:

Ըստ նախագծի՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Հայգազարդ» ՓԲԸ-ի և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի միջև կկնքվի գույքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի «Հայգազարդի» սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ – 2» ՓԲ ընկերության 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը հաշվեկշռային արժեքով կօտարվեն «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրին», իսկ վերջինս դրա դիմաց հանդիպական պահանջի հաշվանցով մարված է համարում «Հայգազարդի» առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում մշակվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտավորությունների վերակառուցման և մարման մասին միջոցառումների ծրագիր: Դրանով մասնավորապես առաջարկվում է.
• ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ «Հայգազարդ» ՓԲԸ-ի բյուջետային վարկերը և այլ պարտավորությունները մարել ընկերության մի շարք ակտիվներ (ՀՀ ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով:
• «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով:

«Հայգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 18.09.1998թ. N568 որոշման հիման վրա` ՀՀ գազի համակարգի նախկին, թվով 11 պետական փակ բաժնետիրական ընկերությունների միացման արդյունքում (ՀՀ գազի համակարգի իրական ակտիվները` գույքը ներդրվել է նոր ստեղծվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում, իսկ գազի համակարգի չհավաքագրված դեբիտորական պարտքերը և առկա կրեդիտորական պարտքերը փոխանցվել են «Հայգազարդ» ՓԲԸ-ի հաշվեկշիռ):

Կարդացեք նաև

2002թ-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնավորեցումից հետո ՀՀ կառավարության 22.08.2002թ-ի N1318-Ա որոշման համաձայն «Հայգազարդ» ՓԲԸ-ին է փոխանցվել 01.10.2002թ-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող էլեկտրաէներգիայի և այլ գործունեության գծով չհավաքագրված դեբիտորական պարտքերը, և «Հայէներգո» ՓԲԸ-ի հանդեպ կրեդիտորական պարտքը: Հետագայում, ՀՀ կառավարության 16.06.2006թ. N896-Ն որոշման համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ» և «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ները (որոնց արտադրական գործունեությունը մինչ այդ էլեկտրաէներգետիկական համակարգի շղթայում դադարեցվել էին` պայմանավորված էներգահամակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումներով և մասնավորեցման գործընթացով) և «Պետպոլիմեր» ՍՊԸ-ն միացվեցին «Հայգազարդ» ՓԲԸ-ին: Այդ ընկերությունների հաշվեկշռում նույնպես մնացել էին էլեկտրաէներգետիկական համակարգի չհավաքագրված դեբիտորական և հիմնականում շղթայով միմյանց նկատմամբ` չվճարված խոշոր կրեդիտորական պարտքերը: Միացման արդյունքում փոխադարձ պարտքերը հաշվանցվեցին (զրոյացան) և «Հայգազարդ» ՓԲԸ-ի հաշվեկշռում հավաքվեց գազի և էլեկտրաէներգետիկ համակարգի հին դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

Այս որոշմամբ կառավարությունը հույս ունի ֆինանսապես առողջացնել ՀՀ էներգեհամակարգը:

Սակայն խնդիրն այն է, որ բացի «Հայգազարդի» վրա կուտակված պարտքերից, այս ընկերության հաշվեկշռին է հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» ընկերության 40% բաժնեմասը: «Շանսի-Նաիրիտը» բացվել էր 2010 թ-ին, հաջողությամբ շահագորվում է, և ժամանակն է, որ վարկային պարտավորությունները մարի ու սկսի բաժնետերերին դիվիդենտներ վճարել: Գուցե ՀՀ կառավարությունն արդեն ստանում է «Շանսի-Նաիրիտի» իր բաժին շահույթը, բայց լռում է այդ մասին: Դեռ 2011 թ. հուլիսին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների այն ժամանակ նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր՝ «1 տարուց ձեռնարկությունն արդեն շահույթ կստանա, իսկ սեփականատերերը կկարողանան դիվիդենդներ ստանալ՝ կախված համաշխարհային գներից»:

Այսինքն, «Որոտանի ՀԷԿՀ»-ին հանձնելով «Հայգազարդը», ամերիկյան կողմին է հանձնվում նաև «Շանսի-Նաիրիտը»՝ շահույթի իր բաժնեմասով հանդերձ: Թե ինչո՞ւ է կառավարությունը գնում այս քայլին, դեռ պարզ չէ: Հայտնի է, որ ամերիկյան կողմը որոշակի դժգոհություններ ուներ «Որոտանի ՀԷԿՀ»-ի գործարքի հետ կապված, պահանջել էր վերանայել պայմանագիրը: Դրա պատճառով էլ մինչ այժմ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը «Որոտանի ՀԷԿՀ»-ի վաճառքի գործարքը չի ավարտվել: Հնարավոր է, «Շանսի-Նաիրիտի» հանձնումը, քողարկված «Հայգազարդի» պարտքերի մարման անվան տակ, հենց պայմանագրի այդ վերանայման հետևանք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս