Կառավարությունը կրկին կմերժի ԲՀԿ-ին

ՀՀ կառավարությունը մտադիր է այսօրվա նիստում մերժել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունների վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր համարել, եթե այն ծալված է անհամաչափորեն, և տվյալ ծալվածքն ակնհայտորեն հանդիսանում է տվյալ քվեաթերթիկը տարբերակելու միջոց:

Կառավարության մասնագետները գտնում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնքան լայն, որ հանգեցնեն ընտրողների կամքի արտահայտության խեղաթյուրմանը, մինչդեռ՝ ներկայացված նախագծով առաջարկվում է մի մոտեցում, որը պարունակում է հայեցողության ոչ հստակ սահմաններ: Մասնավորապես՝ նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափորեն ծալված կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց: Իսկ նման չափանիշների բացակայությունը (որոնք գործնականում սահմանելը, կառավարության մասնագետների կարծիքով, հնարավոր չէ) կհանգեցնի «անհամաչափորեն ծալված», «ակնհայտորեն հանդիսացող» և «քվեաթերթիկը տարբերակելու միջոց» եզրույթների հայեցողական մեկնաբանմանը, քանի որ հիշյալ տերմինները միանշանակ չեն ընկալվում:

Այդ պայմաններում նախագծով առաջարկվող մոտեցումը կհանգեցնի տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունների կամայական իրականացմանը:

Միաժամանակ, նախագծով՝ ընտրողներին անուղղակի ներկայացվող պահանջը՝ դրա կիրառման տեսանկյունից համարվում է ոչ իրատեսական, իսկ նշված պահանջը չկատարելու դեպքում առաջացող հետևանքը (քվեաթերթիկի անվավերություն) խիստ անհամաչափ:

Այդ առումով գործող օրենսգիրքը հստակ սահմանում է տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները, ինչպես նաև քվեաթերթիկների անվավերության հիմքերը: Հարկ է նշել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է քվեաթերթիկների անվավերության դեպքերին, մինչդեռ նախագծի դրույթները վերաբերում են (ինչպես նախատեսված է նախագծի հիմնավորման մեջ) կոնկրետ քաղաքացու քվեաթերթիկը տարբերակելու դեպքերին:

«Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը»,- ասված է գործադիրի որոշման նախագծի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս