Իշխան Զաքարյանը պարզաբանել է, թե ինչպես է կառուցել իր առանձնատունը (լուսանկարներ)
«168 Ժամ» թերթին տված բացառիկ հարցազրույցում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ միջոցներով է կառուցել իր առանձնատունն և թե ինչո՞ւ են նրա ձեռքբերումներն ասոցիացվում ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի անվան հետ:
«Ալբերտ Բոյաջյանն իմ լավագույն ընկերներից է: Հիանալի մարդ, ընտանիքիս բարեկամ, ով, արդեն մի քանի տարի է, Հայաստան ժամանելուց ոչ թե հյուրանոց է գնում, այլ ապրում է իմ տանը, քանզի մեր բարեկամական հարաբերություններն ավելի քան 15 տարվա պատմություն ունեն: Իմիջիայլոց` այն տանը, որը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի իսկ աջակցությամբ:
ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առանձնատան թեմայով պարբերաբար հնչեցվող հարցին բազմիցս պատասխանել եմ, ում հետաքրքրում է այդ հարցը, կարող է կարդալ 2011թ. «Իրավունք» պարբերականին Ալբերտ Բոյաջյանի տված հարցազրույցը: Սակայն այն տպավորությունն եմ ստանում, որ հատկապես տվյալ հարցով շահագրգիռ պատգամավորը չի կամենում դա անել: Ուզում եմ մեջբերել նշածս պարբերականում տան վերաբերյալ ասվածը:
Հարցին, թե՝ պրն Բոյաջյան, երբևէ մտածե՞լ եք Հայաստանում մշտապես ապրելու մասին, Ալբերտ Բոյաջյանը պատասխանել է. «Եթե իմ ձեռքը ճար լինի, ու ընտանիքս էլ համաձայնի ՀՀ-ում ապրել, ես հենց այսօրվանից էլ վերջնականապես կմնամ ՀՀ-ում ու այստեղից էլ ոչ մի տեղ չեմ գնա: Թեև հույս ունեմ, որ մի օր անպայման դա էլ կլինի: Բայց դա չի խանգարում, որ ես այստեղ իմ անկյունն ունենամ, ու արդեն այդ նպատակով սեփական հողատարածք եմ գնել` տուն կառուցելու համար:
Եվ շատ ուրախ եմ ու անհոգ, որ այդ հարցում ինձ շատ օգնում է իմ լավ ընկեր ու բարեկամ Իշխան Զաքարյանը, ում հետ միասին կառուցում ենք այսօրվա շենքը: Ես բոլոր հարցերը վստահում եմ Իշխան Զաքարյանին, քանի որ նա իմ 15 տարվա վստահելի ընկերն է ու հարազատը»: Կարծում եմ, որ Ա. Բոյաջյանի պատասխանը շատ հստակ է: Լրացուցիչ ուզում եմ ներկայացնել երկու փաստաթուղթ ևս`իրավիճակն ավելի հստակեցնելու համար.
Տան կառուցման հետ կապված հիմնական ծախսերն արվել են Ալբերտ Բոյաջյանի անձնական հաշիվներից: Այս մասին շատերը գիտեն. և՛ իմ բարեկամները, և՛ իմ ծանոթները, և՛ իմ ընկերները»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում: