Իրանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը երեկ հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Դա տեղի է ունեցել նրա իրանական այցի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ Ռոուհանին ընդգծել է, որ կողմերը փնտրում են տնտեսական հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցերում փոխգործակցության մակարդակը բարձրացնելու ուղիներ:
Քննարկվել է նաև Սիրիայի հարցը: Չիչեքն ընդգծել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը բացասաբար է ազդում տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Չիչեքի խոսքերով՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «ուղղված» է դիվանագիտական մոտեցման շնորհիվ արյունահեղության դադարեցմանը:
Պլանավորված է, որ իր իրանական այցի շրջանակներում Չիչեքը հանդիպելու է նաև Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեի հետ:
Ջեմիլ Չիչեքը երկօրյա այցով Իրան է ժամանել իր իրանցի գործընկեր Ալի Լարիջանիի պաշտոնական հրավերով: Ջեմիլ Չիչեքը մայրաքաղաք Թեհրանից բացի, այցելելու է նաև Շիրազ, ուր այցելելու է տեղի պատմա-մշակութային հուշարձաններ: