
Քաղցկեղը բոլորիս է վերաբերում. Բայդենը ծանր ախտորոշումից հետո առաջին լուսանկարն է հրապարակել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշումից հետո։ X միկրոբլոգում կատարած գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։
«Քաղցկեղը բոլորիս է վերաբերում: Ինչպես ձեզանից շատերը, ես և Ջիլը սովորել ենք, որ մենք ամենաուժեղ ենք ամենադժվար տեղերում: Շնորհակալություն մեզ սիրով և աջակցությամբ ոգևորելու համար», – լուսանկարին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնալ առումով զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում։ Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները»,-ասել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը։
82-ամյա Բայդենի հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 16-ին՝ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով անցկացված հետազոտության ընթացքում։
ԱՄՆ նախկին նախագահի առողջական վիճակը և աշխատունակությունը պարբերաբար կասկածի տակ էին դրվում նրա նախագահության ընթացքում։