Բաժիններ՝

Արմավիրի մարզում վրաերթի են ենթարկել անչափահաս քույր և եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է

Արմավիրի մարզում` Աղավնատուն գյուղի տարածքում, վրաերթի են ենթարկել 2 երեխայի։ Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Մայիսի 19–ին` ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- գրում է կայքը։

Հիվանդանոցում բժիշկները պարեկներին հայտնել են, որ երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել և պատրաստվում են ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։

Պարեկները պարզել են, որ երեխաները վրաերթի են ենթարկվել Աղավնատուն գյուղում, իսկ վրաերթը կատարվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ հիվանդանոցի բակում` «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի ձախ լուսարձակը կոտրված է եղել. կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան է վրաերթի ենթարկել երեխաներին։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վրաերթի ենթարկվածների, «Ford Transit»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Վարորդը փախուստի է դիմել, թե ոչ, պարզվում է։ Մինչև մայիսի 19-ի ժամը 22:50 ոստիկանության Վաղարշապատի բաժին ոչ ոք ինքնակամ չի ներկայացել ու հայտնել, որ ինքն է վրաերթի ենթարկողը։

Կայքի տեղեկություններով` վրաերթի ենթարկված երեխաները հարազատ քույր ու եղբայր են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս