Կրակոցներ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:
Նշվում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Վիրավորներին Գորիսի բժշկակակն կենտրոնից ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երևան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է: Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կեր ու խումի» է եղել», որին, ի դեպ, ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը և չգիտես մտքներով ինչ է անցել, եղբոր հետ զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրիցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել:
Արդյունքում, մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել: Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատներից, ովքեր բարեբախտաբար չեն տուժել:
Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են: Մարզպետ Ս. Խաչատրյանի հարևանի տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: