Բաժիններ՝

Ներմուծված սերմնահեղուկն ավելի ծանր է, քան ազատ խոսքը

Օրացույցում մամուլի, խոսքի ազատությանը, լրագրողների համերաշխությանը նվիրված տոներ կան: Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության միջազգային օրը, մեկն է դրանցից:

Ազատ խոսքի մասին քննարկումներին Հայաստանում  կարևոր դեր է վերապահվում իշխանությունների բարեհաճությանը: Ցանկանա՞ն իշխանությունները, մամուլն ու մյուս լրատվամիջոցներն ազատ կլինեն, չե՞ն ցանկանա, ազատությունները կսահմանափակվեն: Որպես արդեն դասական դարձած օրինակ` բերվում է «Ա1+»-ի դեպքը. Ռոբերտ Քոչարյանն ազատ խոսքի թշնամի էր, փակեց «Ա1+»-ը, Սերժ Սարգսյանն առավել հանդուրժող է. միացրեք որոշ հեռուստաալիքներ և կհամոզվեք:

Ազատ խոսքի խնդիրը քննարկվում է նաև մեկ այլ հարթության` անձնական պատասխանատվության դաշտում: Այլ կերպ ասած` կարող ես դուրս տալ` ինչ խելքիդ փչի, և չկարմրել կամ, այնուամենայնիվ, հարգել մասնագիտությունդ և գիտակցել, որ խոսքերիդ համար պատասխանատվություն ես կրում:

Կա ազատ խոսքի մեկ այլ` առավել կարևոր որոշիչ, որի մասին գրեթե բոլորս ենք խոսում: Ա) որքանո՞վ ենք  ցանկանում ազատ խոսել, և բ) ունի՞ ազատ խոսքը պահանջարկ կամ ազդեցություն:

Խորհրդային տարիներին աշխատած լրագրողները պատմում են, որ գրաքննությունը խիստ էր, սակայն գրված յուրաքանչյուր տող, քննադատություն արձագանք էր գտնում: Այսօր իշխանությունների և լրատվամիջոցների կապը չափազանց նուրբ է: Լրագրողներին ոչ ոք չի ասում` գրեք սա կամ նա: Մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում կարող ես հանդիպել հիմնավորված քննադատություն իշխանությունների հասցեին, տեսնել փաստեր` բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացվածության մասին, այդ թեման ընդդիմադիր պատգամավորներն անգամ  բարձրացնում ԱԺ-ում: Եվ ի՞նչն է խոսքի ազատության ողջ հմայքը: Ոչ մի արձագանք…

Իշխանությունները պարզապես չեն նկատում: Ի՞նչ է ստացվում` Հայաստանի անկախությունից հետո՝ որպես խոշոր ձեռքբերում համարվող խոսքի ազատությունը, որ թվում էր` բացարձակ ազատության զգացողություն կտա, չտվեց:  Հիմնավորված ու հանգամանորեն ներկայացվում են ընտրակեղծիքի դեպքերը, բոլոր այն հիմնավորումները, թե ինչո՞ւ չի կարող գործող իշխանության թեկնածուն հավակնել նախագահի կամ քաղաքապետի պաշտոնին: Բնապահպաններն ամենայն մանրամասնությամբ, փաստարկված ներկայացնում են, թե Թեղուտի շահագործումը ի՞նչ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար: Որևէ պաշտոնյա անգամ աչքը չի թարթում:

Եվս մի խնդիր. բոլոր մասնագետները, այս դեպքում` լրագրողները, հատկապես, երբ ընտրության հնարավորություն են ունենում, միշտ չէ, որ նախընտրում են ազատ խոսքը: Դառնալով այս կամ այն գերատեսչության լրատվական ծառայության աշխատակից, այս կամ այն կուսակցության անդամ, աշխատելով այս կամ այն լրատվամիջոցում` լրագրողներն իրենք են ազատ խոսքը ստորադասում կուսակցական համերաշխությանը, այսինչ չինովնիկի շահերի սպասարկմանը, կուսակցությունների խոսափողի` ոչ այնքան բարձր կոչմանը:

Հետևաբար, խոսքի ազատության խնդիրը Հայաստանում միայն քաղաքական խնդիր չէ: Անձնական, կարելի է անգամ ասել` ինտիմ  հարց է. ուզում ես ազա՞տ լինել, թե՞ ազատ լինել այնքան, որ ինքդ որոշես անազատությանդ սահմանը: Ինձ թույլ եմ տալիս նկատել, որ երկրորդ տարբերակն առավել մեծ պահանջարկ ունի:

Անդրադառնալով ազատ խոսքին` առավել պակաս ուշադրություն ենք դարձնում ազատ մտքին: Առանց որի ազատ խոսքն ընդամենն աղմուկ է: Ազատություններից ամենաէականը մարդու ներքին ազատությունն է, որը պայմանավորում է  մյուս բոլոր ազատությունները, և առանց դրա  արտաքին ազատությունն այն է, ինչ հանդիպում ենք սոցցանցերում, հեռուստաէկրաններին, մամուլում: Վիրավորանք միմյանց հասցեին, ցինիզմ, չհիմնավորված բարձր ինքնագնահատական, «ես ձեզնից զզվում եմ», «իսկ ես ձեզ խղճում եմ» ոճի զրույց:

Ազատ անհատը, որը վստահ է, որ ինքն ունի ազատ լինելու իրավունք, ցանկանում է, որ ազատ լինելու զգացողություն ունենան բոլորը: Նա, ով իրո՛ք հասնում է ներքին ազատության, անպատճառ տալիս է իրեն այդ հարցը. «Իսկ մյուսնե՞րը»…

Մեր փոքրիկ, դատարկվող երկրում այդպիսի «մյուսներ», որոնք նմանատիպ հարցադրումներով իրենց չեն անհանգստացնում, շատ են:

Ազատ խոսքի բերանը փակել հնարավոր է: Ազատ մտքինը` ոչ: Եվ երբ այդ ազատ միտքը չկա, դրա տեղը լցվում են դատարկաբանություններով: Մասնավորապես, թե ինչպիսի անփոխարինելի դեր է վերապահված մեր ազգին` համաշխարհային քաղաքակրթության ասպարեզում. «Երբ մենք թատրոն ունեինք, մյուս ազգերը ծառերի վրա էին»: Չափազանց մեծ է գայթակղությունն՝ անդրադառնալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի` ԱԺ-ում բարձրացրած հարցին` Հայաստան ներկրվող իսրայելական «ծագման» սերմնահեղուկի մասին: Ավելորդ է ասել, թե «Իսրայել» և «սերմնահեղուկ» բառերն ինչ մոգական ազդեցություն գործեցին օգտատերերի վրա. «Ամեն բանի գնում են, որ հայի տիեզերածին գենը վերջնականապես մխտռեն»,- գրեց արիականություն դավանող մեկը: Ավելի ուշ ՊԵԿ-ը պարզաբանումներ տվեց, թե ներմուծվածն «ընդամենը» 2 կգ սերմնահեղուկ է (հետաքրքիրն «ընդամենը» բառն էր): Հրեական դավադրությունն էլ խափանվեց. ըստ ՊԵԿ-ի` սերմնահեղուկը ներմուծվել է Մեծ Բրիտանիայից:

Կարճ ասած` ազատ խոսքի ազդեցությունը մեր երկրում շատ ավելի թեթև է, քան Մեծ Բրիտանիայից ներմուծված սերմնահեղուկը: Վերջինս ամբողջ 2 կգ է, իսկ ազատ խոսքը կշիռ ընդհանրապես չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս